Վաշինգտոնյան նոր հանդիպմանն ընդառաջ 

Վաշինգտոնյան նոր հանդիպմանն ընդառաջ 

Արդեն հայտնի է, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի կունենան հայ-ադրբեջանական բանակցություններ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ, կամ որ նույնն է՝ հերթական ռաունդով կշարունակվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Արեւմտյան հարթակում ընթացող բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։ 

Սա նշանակում է, որ բանակցային գործընթացը, անկախ այն հանգամանքից, թե ինչ հայտարարություններ են արվում տարատեսակ լսարանների համար, կամ թե ինչ դինամիկա ունի սահմանային լարվածությունը, շարունակվում է ողջ թափով։ Ըստ էության, բանակցությունները շարունակվելու են այն կետից, որտեղ որ ընդհատվել էին որպես հանգրվան նախորդ անգամ, ու դատելով նաեւ Բաքվից հնչող հայտարարություններից, գործընթացում գոնե ադրբեջանական կողմի համար «դրական» համարելի առաջընթաց կա եւ Բաքվում գոհ են պրոցեսի ընթացքից։ 

Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու նախորդ հանդիպումը հետաձգվեց Բաքվի խնդրանքով։ Միանշանակ որեւէ վարկածի շուրջ պնդում անելը դժվար է, սակայն հնարավոր է, որ այդ հետաձգմամբ առաջացած ժամանակային ընդմիջման ընթացքում տեղի ունեցան թուրք-ադրբեջանական խորհրդակցություններ եւ որոշակի հարցեր ճշգրտվեցին Անկարայի եւ Բաքվի միջեւ, որից հետո արդեն գործընթացում նորից տեղաշարժի նշանները երեւացին։ Այս ամենը եթե համադրենք նաեւ գործընթացի հանդեպ Ռուսաստանից հնչող քննադատությունների հետ, կարող ենք ասել, որ Արեւմուտքի կողմից ռեգիոնում դիրքերն ամրապնդելուն ուղղված դիվանագիտական առաջընթացը կարելի է համարել կայացած։ Մյուս կողմից չպետք է մոռանալ Ռուսաստանի ունեցած դերակատարությունն ու գործոնը։ Այս առումով, թերեւս, Մոսկվային չնեղացնելու համար առաջիկայում տեղի կունենա սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովի հանդիպում։

Ի դեպ, Ռուսաստանն էլ իր հերթին ձեռքերը ծալած չի նստում, ինչի վկայությունը կարելի է համարել Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի վերջին հայտարարությունները ապաշրջափակման մանրամասների հետ կապված։