Պատմագիտական հերթական կեղծ թեզը

Պատմագիտական հերթական կեղծ թեզը

ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի ասելով մեր երկրում ոմանք դիմադրում են պատմական Հայաստանից իրական Հայաստանին անցմանը: Իսկ ինքն այն համարում է «անհրաժեշտություն՝ ապահովելով իրականի անվտանգությունը, բարեկեցությունը, տնտեսական զարգացումը և երջանկությունը»: Սա հերթական պատմագիտական կեղծ թեզն է՝ արդարացնելու համար Արցախը թշնամուն հանձնելը: Ինչպես նաև Հայաստանը թշնամուց պաշտպանել չկարողանալը: Իրականում, նրա բնութագրած «իրական Հայաստանն» այն Հայաստանն էր, որ նա, բռնի ուժ կիրառելով, 2018-ին խլեց նախկիններից: Ու այնուհետև տարավ այն տապալման՝ բայց սկզբում հայտարարելով, որ «Արցախը (թե՞ Լեռնային Ղարաբաղը՝ Վ. Ս.) Հայաստան է»: Ինչպես նաև «Մարտական խաչ»-ի առաջին աստիճանի շքանշաններ՝ գումարած Ազգային հերոսի կոչումը, շաղ տալով: Իսկ այնուհետև Արցախի (կներեք՝ Լեռնային Ղարաբաղի) և հայության խորհրդանիշ Շուշին հռչակելով որպես դժգույն ու դժբախտ: Ու արդյունքում իրական Հայաստանը վերածելով խրտվիլակի:  

Այնինչ, նախկինների օրոք գություն ունեցող իրական Հայաստանն ինքնուրույնաբար ապահովում էր սեփական անվտանգությունը՝ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օժանդակություն ստանալով ռազմավարական դաշնակցից: Եվ այդ Հայաստանն ապահովում էր իր քաղաքացիների բարեկեցությունը, տնտեսական զարգացումը և երջանկությունը: Գուցե այնպես չէր ապահովում, ինչպես երազում էր, ասենք, ընդդիմադիր Փաշինյանը: Սակայն բռնի ուժով նրա վարչապետ կարգվելուց ընդամենը երկուսուկես տարի անց այդ ամենը վերացավ: Այնպես որ, իրական խնդիրը ոչ թե «պատմական Հայաստանից իրական Հայաստանի անցմանն ընդդիմանալն է», այլ, նախ, հենց իր անձի մեջ է: Ինչպես նաև, համարյա թե ազգովի, մեր միամտության մեջ, որ 2018-ին նրան իշխանություն հանձնեցինք: Իսկ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո էլ վերահաստատեցինք: 

Հասկանում եմ, որ Նիկոլն այսօր օգտագործում է Վանո Սիրադեղյանի կողմից ժամանակին բարձրաձայնված՝ պատմական ու իրական Հայաստանների տարբերակումը: Բայց այդ անցումն արդեն տեղի էր ունեցել հենց Սիրադեղյանի ու ՀՀՇ-ական մյուս գործիչների օրոք: Ու Արցախն էլ դարձել էր իրական Հայաստանի մաս: Ուրիշ հարց, որ «մեռած լեզունների մասնագետի»՝ ինչպես սկզբում անվանում էին Տեր-Պետրոսյանին, «շնորհիվ» ՀՀ ոչ մի իշխանություն ռիսկ չարեց օբյեկտիվ իրականությանը տալ իրավական փաթեթավորում: Եվ Արցախը (կներեք՝ Լեռնային Ղարաբաղը) հռչակվեց անկախ հանրապետություն: Նույնիսկ ավելին՝ ՀՀ առաջին երեք նախագահներն էլ վախեցան գոնե ճանաչել Արցախի Հանրապետությունն ու կնքել փոխօգնության պայմանագիր:

Ըստ այդմ, մեր «գործողությունների հիմնական մոտիվացիան», ինչպես ինքն է ասում, պետք է լինի ոչ թե մեր հայրենիքի պատմության և այսօրվա միջև արհեստական տարբերակում դնելը, այլ այսօրվա իրավիճակը փոխելը: Եթե չկատարվի այդ փոփոխությունը, ապա հենց իր օրոք ու իր կառավարման պատճառով իրական Հայաստանը նույնպես կդառնա պատմական Հայաստան: Քանի որ այդ «վերափոխման» պատճառը կլինի ոչ թե պատմագիտական հերթական կեղծ թեզը, այլ արտաքին օբյեկտիվ իրականությունը չտեսնելու համառությունը: Թշնամու, որը ցանկանում է վերացնել մեզ մեր հայրենիքից, հետ պատվողական խաղաղություն հաստատելու համառությունը: Այնպիսի խաղաղությունը, որից, չգիտես ինչու, հրաժարվում են նրա արևմտյան հովանավորներն Ուկրաինայի դեպքում:   

Հ. Գ. Հետաքրքիր է, Չարենցի «Երկիր Նաիրի»-ն վկայակոչող Նիկոլի «տրամաբանությամբ» առաջնորդվելու դեպքում ո՞ր պետությունը պետք է բնութագրվի որպես պատմական՝ երբ նրա մեջ ներառված է եղել Ղրիմի թերակղզին: Դա Ուկրաինա՞ն է, թե՞ Ռուսաստանի Դաշնությունը: Եվ ո՞ր մեկը պետք է հրաժարվի Ղրիմի թերակղզուց, որպեսզի պատմականից անցում կատարվի իրականին: Գուցե Ուկրաինա՞ն: Թե՞ նման արհեստական հարցադրում կարող է կատարվել միայն խայտառակ պարտություն կրած մեր երկրում, որ դրանից հետո էլ չկարողացավ ազատվել պարտության դժգույն ու դժբախտ խորհրդանիշ հանդիսացող անձից: