Իսկ ե՞րբ է սկսվելու ռուսական «մեծ զտումը» հայաստանյան հասարակության մեջ

Իսկ ե՞րբ է սկսվելու ռուսական «մեծ զտումը» հայաստանյան հասարակության մեջ

Արդեն կես տարուց ավելի ընթացող ռուս-ուկրաինական ռազմական բախումը բավականին հետաքրքիր է ոչ միայն իր աշխարհաքաղաքական ասպեկտով եւ նոր աշխարհակարգի ձեւավորման ուղղությամբ ունեցած առնչությամբ, այլեւ բավական հետաքրքիր իրականություն բացեց հենց Հայաստանում։ Նախ՝ կարծես թե, ի վերջո, պարզ դարձավ՝ թե՛ արտաքին եւ թե՛ ներքին առումով, որ մեկից ավելի աթոռների վրա նստելու քաղաքականությունն այլեւս չի գործում։ Այսինքն՝ կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունն իրեն չի արդարացնում։ Հետո՝ աստիճանաբար բացահայտեց հայաստանյան հանրության ներսում եղած առանձին անհատների կամ խմբերի վախերը, ակնկալիքները, տրամադրվածությունները։

Այսինքն՝ ինչ-որ իմաստով հստակեցվեց, թե Ռուսաստանի հանդեպ ունեցած իր առնչությամբ հայաստանյան հասարակության ներսում ով ով է՝ ռուսասե՞ր, ռուսատյա՞ց, թե՞ պարզապես չեզոք դիրք բռնած, Ռուսաստանից ակնկալիքներ ունեցո՞ղ, թե՞ վախեցող։ Ռուսաստանի հանդեպ հայրենասիրաբա՞ր տրամադրված, թե՞ պարզապես Ռուսաստանը սեփական «մանր կճղակավոր» շահերի սպասարկման համար «շվեդական սեղան» դիտարկող։ Ինչ որ է՝ այս շարքը կարելի է երկար թվարկել, հատկապես որ Հայաստանում՝ թե՛ այս ռազմական բախման ընթացքում «ռելոկացվածների» տեսքով, թե՛ բախումից էլ շատ առաջ կային շատերը, ովքեր, ունենալով ամենաուղղակի կապվածությունը Ռուսաստանի հետ ու նաեւ հստակ պարտավորվածություններով ծանրաբեռնված լինելով այդ երկրի հանդեպ, «Արարատի սպիտակափառ գագաթի ներքո» հանգրվանել էին «տաք ու ապահով ճահճում» ու վայելում էին «մեծ հայրենիքին հեռվից նայելու՝ ոչինչ չպարտավորեցնող բերկրանքը»։ 

Այս ամենը, իհարկե, իր հանգուցալուծումը կստանա թերեւս այն պահից սկսած, երբ լռեն զենքերը, եւ ռուսական՝ այս վեց-յոթ ամիսներին մարտի դաշտում ձեւավորվող նոր էլիտան ստանձնի իր համար նախատեսված դերակատարումը։ Չի բացառվում, որ այդ ընթացքում «մեծ հայրենիքին առանց պարտավորվածության՝ հեռվից նայելու բերկրանքը վայելողները» պարզապես հայտարարվեն այդ նույն՝ «մեծ հայրենիքի» համար «խորթ զավակներ», «դավաճաններ» կամ «ժողովրդի թշնամիներ» ու զրկվեն շատ արտոնություններից, որովհետեւ այդ «մեծ հայրենիքի» համար բավականին լուրջ պահին չեն եղել նրա կողքին՝ անձամբ կամ գոնե նյութական աջակցությամբ։ Սակայն սա մեր ասելիքի մի մասն է միայն։ 

Զուտ հայաստանյան հասարակության մասով հետաքրքրական է նաեւ այն, որ այս ընթացքում «բացահայտվեցին» բազմաթիվ տնաբույս ու նորելուկ փորձագետներ ու վերլուծաբաններ, ովքեր դեմքի խրոխտ ու խոհուն արտահայտությամբ փորձեցին ու փորձում են այնպիսի ինքնավստահությամբ դիտարկումներ ու կանխատեսումներ անել Ուկրաինայում ընթացող ռուս-ուկրաինական մարտական գործողությունների մասով, ճիշտ ու սխալ որոշել, գնահատել, թե արդյոք Ռուսաստանի ռազմական ուժերի մասին պատկերացումներն իրակա՞ն էին, թե՞ ուռճացված, արդյոք ռուսական ԶՈՒ ԳՇ-ն ճի՞շտ է վարում մարտական գործողությունները, թե՞ ոչ, արդյոք Շոյգուն գիշերը լա՞վ է քնել, իսկ Պուտինն առավոտյան շիլայի մեջ մեղր լցրե՞լ է, կամ՝ Գերասիմովը Կրեմլի միջանցքներում մարմնի ո՞ր մասը քորեց, եւ դրանում ի՞նչ մեսիջ կա, որ ակամա զարմանում ես, թե՝ լավ, մի՞թե մարդիկ այսքան պարապ են, կամ՝ մի՞թե «փորձագետ» կամ «վերլուծաբան» կոչվելը թույլ է տալիս այնպիսի բաների հետեւից ընկնել, որ հայտնվես ծիծաղելի դրության մեջ։ 

Ու այս ամենին թեկուզ հեռվից նայելիս ակամա առաջանում է հետեւյալ հարցը․ իսկ ե՞րբ է սկսվելու ռուսական «մեծ զտումը» հայաստանյան հանրության մեջ, որպիսին լինելու է նախ Ռուսաստանում՝ անխոս։ Չէ՞ որ թե՛ այնտեղ՝ Ռուսաստանում, եւ թե՛ այստեղ՝ Հայաստանում, պատեհապաշտների, արկածախնդիրների, բախտախնդիրների ու հազար տեսակի այլոց պակաս չկա, ովքեր փորձում են ինչ-ինչ բաների հասնելու համար (եթե լուրջ նպատակներ լինեն, էլի կարելի է մի կերպ այս ամենը «մարսել», սակայն երբ տեսնում ես, որ նպատակներն էլ «պլինտուսային» են, տարակուսանքն ավելի է մեծանում) այնպիսի «մտքի գոհարներ» արտաթորել, որոնք ընդամենը կարող են առաջացնել արտաթորողի ադեկվատության հանդեպ լուրջ կասկածներ։ 

Ի դեպ, ռուսասերը կամ ռուսամետը նա չէ, ով «ռուս» եւ «Ռուսաստան» բառերը լսելիս հաճույքից նվաղում է եւ, պատեհ-անպատեհ, ընկնում «ոտքի տակ», միայն թե ասի՝ «Я тоже Осетрина»։ Ռուսասերն ու ռուսամետը բացարձակապես այլ բան ենթադրող հասկացություն ու կատեգորիաներ են։