Կրոնի դասավանդման հարցն ինչպես են լուծել աշխարհում

Կրոնի դասավանդման հարցն ինչպես են լուծել աշխարհում

Հայաստանում հանրակրթական պետական դպրոցական առարկայացանկից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելը կամ միավորելն այլ առարկայի կամ առարկաների հետ, բավական հետաքրքիր դիսկուրս է ստեղծել՝ կապված այն թեմայի հետ, թե արդյոք պե՞տք է դպրոցներում կրոնական բովանդակությամբ առարկայի ուսուցումը։
Մի կողմ թողնելով այն հարցը, թե պե՞տք է արդյոք այդ առարկան դպրոցում, հիմնվելով մի շարք համացանցային բաց աղբյուրների տվյալների վրա՝ ներկայացնենք, թե աշխարհի մի շարք առաջատար երկրներ ինչպես են լուծել իրենց դպրոցներում կրոնական առարկայի ուսուցման հարցը։ Նախ անդրադառնանք եվրոպական փորձին, որը չափազանց բազմազան է։ Ըստ էության, կարելի է ասել, որ յուրաքանչյուր եվրոպական երկիր հարցը լուծել է իր նպատակահարմարությամբ, սակայն յուրաքանչյուր եվրոպական երկրում առնվազն մեկ ինստիտուտ կա, որն ուսումնասիրում է պետական դպրոցական համակարգում կրոնական առարկայի դասավանդման հարցը։

Մեծ Բրիտանիայում, ըստ 1996 թվականի Կրթության մասին ակտի եւ 1998 թվականին ընդունված դպրոցական ստանդարտների, պետությունը պարտավոր է դպրոցական ուսուցման առարկայացանկում մեկ պարտադիր առարկա ունենալ, որն իր բովանդակության մեջ կունենա կրոնական բաղադրիչ։ Կրթության մասին բրիտանական օրենքն ասում է․ «Յուրաքանչյուր ներդրված դպրոցական ուսումնական ծրագիր պետք է արտացոլի այն փաստը, որ Մեծ Բրիտանիայում կրոնական ավանդույթները հիմնականում քրիստոնեական են՝ միաժամանակ հաշվի առնելով երկրում ներկայացված այլ հիմնական կրոնների ուսմունքներն ու գործելակերպը»: Բրիտանական դպրոցներում ոչ միայն պարտադիր է կրոնական բովանդակությամբ առարկայի ուսուցումը պետական հանրակրթական դպրոցներում, այլ նաեւ կիրառվում է պարտադիր հավաքական քրիստոնեական աղոթքի պրակտիկան։ Հրաժարումը կրոնական բովանդակությամբ առարկայից, ինչպես նաեւ հավաքական քրիստոնեական աղոթքից, հնարավոր է միայն դպրոցի ղեկավարության հետ համաձայնեցումից հետո։ Ընդ որում, խորհուրդ չի տրվում ամբողջական հրաժարում, ցանկալի է, որ կիրառվի փոխարինման սկզբունքը։ Բացի պետական դպրոցներից, գոյություն ունեն նաեւ մասնավոր կրոնական դպրոցներ, ինչպես, օրինակ, մահմեդական դպրոցներ, որոնք իրավունք ունեն ստանալու պետական ֆինանսավորում, եւ նման դպրոցներում արդեն պետությունը կարգավորում է կրոնի ուսուցումը։

Կանադան այն երկրների շարքին է պատկանում, որտեղ առկա է զուգահեռ դպրոցական համակարգ, եւ կրոնական ուղղվածության դպրոցները ֆինանսավորվում են աշխարհիկ կամ հանրային, հանրակրթական դպրոցների հետ միասին՝ կրթության համար նախատեսված բյուջեով։ Միայն երկու նահանգ կա Կանադայում, որը կրոնական ուղղվածության դպրոցներին ֆինանսական հատկացում չի կատարում։ Այս երկրում աշակերտների 40 տոկոսը կամ ավելի քան 2 միլիոնը հաճախում է քրիստոնեական դպրոցներ, որոնց 90 տոկոսը կաթոլիկական դպրոցներ են, մնացյալ 10 տոկոսը՝ ավետարանական-բողոքական։ Ուսուցիչների որակավորումն իրականացվում է միասնական չափորոշիչներով։ Ընդ որում, Կանադան Մեծ յոթնյակի այն երկրներից է, որն ավանդաբար ամենաշատ ծախսերն է իրականացնում կրթության վրա։ Այստեղ կրթության ոլորտի վրա ծախսվել է այդ երկրի ՀՆԱ-ի 7,3 տոկոսը, ԱՄՆ-ում՝ 6,8, Գերմանիայում՝ 5,7ը, Ճապոնիայում՝ 4,9, Մեծ Բրիտանիայում՝ 4,1 տոկոսը։

Գերմանիայում, սկսած 16-րդ դարից, երբ հաստատվեց «ում իշխանությունն է, նրանն էլ կրոնն է» սկզբունքը, եկեղեցիների, կրոնի ուսուցման եւ համանման հարցերի պատասխանատվությունը պատկանում էր տեղի՝ երկրամասային իշխանություններին։ Երկրամասային իշխանությունները, որպես կանոն, պայմանագրեր են կնքում իրենց տարածքում գործող բողոքական-ավետարանական եկեղեցիների եւ կոնկորդատներ՝ կաթոլիկ եկեղեցու հետ։ Բացի այս, Գերմանիայի ավետարանական եւ կաթոլիկ եկեղեցիներն էլ իրենց հերթին ունեն միմյանց հետ կնքված պայմանագիր՝ համատեղ կրթություն իրականացնելու վերաբերյալ։ Հիմնական օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ պարագրաֆը երաշխավորում է կրոնի ուսուցումը՝ որպես սովորական դպրոցական առարկայի, բացառությամբ ոչ կրոնական դպրոցների։ Իշխանություններն ունեն իրավունք՝ վերահսկողություն իրականացնելու դասավանդման սկզբունքների եւ որակի առումով, սակայն կրոնական առարկայի պարապմունքներն անցկացվում են ըստ տվյալ կրոնական համայնքի սկզբունքների։ Կրոնական առարկայի ուսուցման նպատակը մեկն է՝ նպաստել, որ տարբեր կրոնամշակութային խմբերի ներկայացուցիչների միջեւ տարբերությունները հաղթահարվեն, ամրապնդվեն երկխոսությունը, բարոյաաշխարհայացքային աշխարհընկալումը։ Առանձին երկրամասեր արդեն, ըստ իրենց նպատակահարմարության, տեղերում կարգավորումներ են արել՝ առարկայի հետ կապված։

Իսպանիայում, համաձայն այդ երկրի սահմանադրության, ծնողներն իրավունք ունեն իրենց զավակների համար ընտրելու կրթության այնպիսի ձեւ, որը համապատասխանում է սեփական բարոյական եւ կրոնական համոզմունքներին: Իսպանական օրենսդրությամբ՝ կրոնական այն կազմակերպություններին, որոնց հետ պետությունը համագործակցության համաձայնագիր է կնքել, երաշխավորվում է՝ կրոնական կրթություն իրականացնել պետական եւ մասնավոր դպրոցներում, եթե ծնողները եւ աշակերտները նման ցանկություն են հայտնում։ Ընդ որում, կրոնական առարկան դասավանդվում է այն մասնագետների կողմից, որոնց ընտրում է պետությունը, սակայն թեկնածուների ցանկերը տրամադրում են եկեղեցական համայնքները կամ թեմերը։ Կրոնն էլ եթե դասավանդվում է, ապա բոլոր մակարդակներում՝ մանկապարտեզներից մինչեւ բակալավրիատ եւ մյուս կրթական աստիճաններ։ Տեխնիկական հարցերը կարգավորվում են եկեղեցի-պետություն համաձայնագրերի՝ կոնկորդատների միջոցով։ Բավական իրավունքներ տրված են եկեղեցական համայնքներին։ Վատիկանի եւ Իսպանիայի միջեւ կան կնքված բազմաթիվ փաստաթղթեր՝ կրթության, դաստիարակության ոլորտների հետ կապված։