Այս հանդիպմանը երկար եմ սպասել…

Այս հանդիպմանը երկար եմ սպասել…

Ես այդպես էլ գիտեի, որ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հետ հանդիպման հենց առաջին րոպեներին այնպիսի մի բան է ասելու, որին հետեւելու է ոչ թե գործնական խոսակցություն, այլ՝ ձավար, աղանձ՝ եթե կուզեք: Ի՞նչ է նշանակում Փաշինյանի` «այս հանդիպմանը ես երկար եմ սպասել» հայտարարությունը: Այն ինձ հայտնի երգի բառերը հիշեցրեց.

Քեզ երկար, շատ երկար եմ սպասել 
Ու թաքուն արտասվել քեզ համար…

Է, երկար չսպասեիր, ո՞վ էր քեզ խանգարում՝ ավելի շուտ գալ հանձնաժողով եւ ներկայացնել քո գործունեությունը 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ 2020թ. նոյեմբերի 9-ը: Այդ հանձնաժողովը, եթե չեմ սխալվում, ստեղծվել է 2022թ. ձմռանը, ավելի ստույգ՝ փետրվարի սկզբին: Անցել է մոտ մեկուկես տարի, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատանքային գրաֆիկն էլ այնքան հագեցած չի եղել, որ չկարողանար այդ ընթացքում վարչապետի համար պատուհան գտնել: Կրկնեմ հարցս՝ ինչո՞ւ էիք երկար սպասում, պարոն վարչապետ: Հասարակությունը փողոցում պատասխան էր պահանջում 44-օրյա պատերազմի համար, իսկ Դուք երկար սպասո՞ւմ էիք: Գուցե ավելի ճիշտ կլիներ ասել՝ երկար ժամանակ վախենո՞ւմ էիք: Այո, հենց վախենում էիք… որ մի բան, հնարավոր է, այնպես չասեք ու պատերազմի մասին ձեր ունեցած պատկերացումներով ավելի գրգռեք առանց այն էլ գրգռված զինվորականությանն ու ժողովրդին: Լավ, իսկ ինչո՞ւ եք հիմա ներկայացել հանձնաժողով, երբ այդ հանձնաժողովն այլեւս ժամկետանց է: Հիշեցնեմ․ այն ստեղծվել է 6 ամսով, անհրաժեշտության դեպքում եւս 6 ամսով աշխատանքները երկարաձգելու պայմանով: Անցել է մեկ տարի 5 ամիս: Այդ հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանով եւ մյուս անդամներով այլեւս լեգիտիմ չէ, այն այլեւս ինձ մեր գյուղամեջն է հիշեցնում, մի աղբյուր-հուշարձան, որի քարերին արեւկող անող բիձեքը տերողորմի էին քաշում ու պատմում Անդրանիկի կռիվների ծանոթ ու անծանոթ հանգամանքները:

Քոչարյան Անդո, Նիկոլի պատմածներից նոր բան իմացա՞ր… Ես էլ չիմացա: Ասում էր՝ նոյեմբերի 8-ին ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասն արդեն հետ ենք վերցրել: Ուրեմն պարզվում է՝ ես գիտեի, որ նոյեմբերի 6-ին Շուշիի բախտը վճռված էր, իսկ Նիկոլը չգիտեր: Համենայնդեպս, այդպես է ստացվում՝ ըստ Նիկոլի: Հադրութն էլ են այդպես տվել: Ես գիտեի, որ ադրբեջանցիներն արդեն Հադրութում են, իսկ Նիկոլը չգիտեր, որովհետեւ Արծրուն Հովհաննիսյանը, յանի, լայվ էր մտել Հադրութից: Ամոթ է, ամոթ, Քոչարյան Անդո, էս ո՞ւմ ես բերել հարցաքննության:

Դուք Նիկոլից որեւէ բառ լսեցի՞ք այն մասին, թե ինչ էր անում ինքը պատերազմին նախորդած ժամանակահատվածում: Կարծեմ հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ: Բակո Սահակյանին դարձնում էր «Արցախի մարզպետ», Ստեփանակերտում միտինգներ էր անում «Նոր Հայաստան, նոր Արցախ» կարգախոսով, դավոսներում Ալիեւի հետ պոդյում էր բարձրանում ու իր ծիծաղելի անգլերենով ողջ աշխարհին վրաներս խնդալ տալիս: Է՛լ Արայիկ Հարությունյան ընտրել, է՛լ Շուշիում երդմնակալության շռնդալից արարողություն անել, է՛լ Շուշիի բաղերում Հայաստանի եւ Արցախի առաջին տիկնանց ուղեկցությամբ ճեմել… Եվ այս ամենը՝ պատերազմից ընդամենը ամիսներ առաջ, երբ բանակցային գործընթացը ծալել, մի կողմ էր դրել մարդն ու գիտեր, թե դրանից հետո ինչ է գալու ժողովրդի գլխին:

Դուք մի հատ գնահատեք 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ներկայացած «կարեւորագույն» վկայի ձեւակերպումը: Ասում է՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ: Ասում է՝ Շուշիի վիճակի մասին ինձ հիմնականում զեկուցում էր Լեռնային Ղարաբաղի նախագահը: Տո այ… բերանս ինչ էր եկել, տո այ փուչ, 44-օրյա պատերազմի ժամանակ կա՞ր այդպիսի պաշտոնյա՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ: Արայիկ Հարությունյանի պաշտոնը մինչ օրս էլ Արցախի Հանրապետության նախագահ է, եթե չեմ սխալվում, եթե չեք փոխել:

Պուտինը զանգեց, ես զանգեցի, հետո Պուտինը հետ զանգեց… Հարցրի՝ ի՞նչ անեմ, որ պատերազմը կանգնի: Իսկ որն էր Պուտինի առաջարկը, որով Շուշին մնում էր Արցախի կազմում: Թե բա՝ Ալիեւն ամեն անգամ հումանիտար դադարները խախտում էր ու առաջ էր շարժվում: Ալիեւին բերել-հասցրել էիր Շուշիի տակ, քաղաքն ամայացրել, բանկերից փողերը հանել, մի երկու կաղ ավանակ թողել, եւ ուզում էիք՝ Ալիեւը Շուշի չմտնե՞ր: Զարմանում եմ, էլի, ո՞վ պետք է լիներ գերագույն գլխավոր հրամանատարը, որ այսքանից հետո իրեն Լեռնային Ղարաբաղի նախագահը զեկուցեր, թե՝ հեսա-հեսա Շուշին հետ ենք վերցնում, ու ինքը հավատար այդ զեկույցին:

Էլի կրկնեց այն հիմարությունը, թե նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելով՝ 25 հազար զորք եմ փրկել շրջափակումից: Բալամ, իսկի քո պապը, որ հա՛մ Գերմանիայի դեմ է կռվել, հա՛մ Սովետի, 25 հազարանոց զորք չի տեսել իր օրում: Դու պատկերացնո՞ւմ ես՝ 25 հազարանոց զորքն ինչ է, դա քանի՞ գունդ ու բրիգադ է անում իր սպառազինությամբ, իր հատուկ մարտկոցներով, իր ինժեներական եւ մեքենայացված ստորաբաժանումներով: Քոչարյան Անդո, դու երեւի կիմանաս, մի հատ հարցրու՝ ինչո՞ւ Ստալինգրադից հրաժարվելու գնով Հիտլերը չփրկեց գերմանական 6-րդ բանակը, այլ ամիսներ շարունակ պայքարեց Ստալինգրադի համար, 1,5 միլիոն զոհ տվեց եւ մոտ 100 հազար գերի: Իսկ ի՞նչ տվեց Նիկոլը Շուշին վերագրավելու համար, եթե դեռ 25 հազարանոց զորք ուներ, իսկ ադրբեջանցիները Շուշի էին թափանցել մի քանի խմբով:

Բայցեւ խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանը երկար, շատ երկար է մտածել 44-օրյա պատերազմի մեղքն ու պարտության պատասխանատվությունն իր վրայից գցելու ուղղությամբ: Էլի սկսեց արցախյան առաջին պատերազմին հետեւած սխալ բանակցային գործընթացից, Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան չստորագրված փաստաթղթեր, ՀՀ նախկին ղեկավարների կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու անզգուշություն եւ այլն, եւ այլն: Եվ, որպես կանոն, բացակայում էր իր հայտնի 0 կետը, որտեղից ինքն է սկսել ու ամեն ինչ բերել հասցրել է պատերազմին: Ընդդիմադիր պատգամավորները մինչեւ կոկորդները կուշտ էին Փաշինյանի այդ մանիպուլյացիաներից ու հերյուրանքից եւ, բնականաբար, չմասնակցեցին վարչապետի մի քանի ժամանոց այդ բենեֆիսին: Իմաստ չկար, պարզապես, եւս մեկ անգամ լսելու արդեն 3 տարի ասվող նույն բաները: Չեմ կարող ասել՝ ընդդիմադիրները կմասնակցե՞ն, արդյոք, հարցուպատասխանի փուլին, թե՞ դա էլ կհամարեն ավելորդ շքեղություն պատերազմի մասին հրաշապատում հեքիաթներ մոգոնող Մյունհաուզենի համար: Օրը կգա՝ կտեսնենք: Իսկ Քոչարյան Անդոյի հանձնաժողովը, իհարկե, ապացուցեց, որ ուշ, շատ ուշ է Նիկոլին հրավիրել հարցաքննության: