Ո՞վ է մեղադրում`դատավո՞ր են իրենք

Ո՞վ է մեղադրում`դատավո՞ր են իրենք

2018-ից հետո մեզանում ձեւավորվեց, այսպես կոչված, մեղադրելու մշակույթը: Եթե շատ ու շատ արատավոր բարքեր եւ բացասական երեւույթներ օրվա իշխանությունները ներմուծեցին մեր իրականություն, ապա «մեղադրելու» մշակույթը մեր իրականություն մտցրին որոշ ընդդիմադիրներ, որոնք նախկին իշխանության մաս էին կազմում եւ այս իշխանությունների յուրաքանչյուր սխալից ու վրիպումից հետո մեղադրում էին հասարակությանը՝ 2018-ին փողոց դուրս գալու, Նիկոլ ընտրելու եւ պաշտպանելու, ՔՊ-ին հանդուրժելու համար: Այն, որ նախկին իշխանությունների սխալների ու թերությունների պատճառով էր նաեւ իշխանության եկել Նիկոլը, այն, որ հենց ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի շնորհիվ էր նա դարձել վարչապետ` առանց ընտրվելու, ԱԺ-ում քվեարկության միջոցով: Այն, որ նախկինների մի մասը սիրահոժար համագործակցել էր Փաշինյանի հետ, բոլորը մոռացել են, բայց շարքային մարդիկ, որոնք հավատացել են փրկչի ֆենոմենին, հույս փայփայել, որ լավ է լինելու, խաբվել նրա խոստումներին, աններելի մեղք են գործել: Եվ 2020-ից հետո սկսվեց վհուկների որսը հակառակ իմաստով` այսինչ մշակութային գործիչը, դերասանը, գրողը, գիտնականն ու դասախոսը մեծ մեղք են գործել, եւ անգամ ապաշխարողներին ներում չկա:

Հենց մեկը մի բառ է ասում, վեր են հանում 2018-ի իշխանափոխության օրերի ելույթն ու հարցազրույցը, ոգեւորությունն ու Փաշինյանին սատարելուն ուղղված որեւէ քայլ` այդ դո՞ւ չէիր, որ 2018-ի ապրիլին այսպիսի երգ էիր գրում, ելույթ էիր ունենում, ստատուս էիր գրում: Անգամ սուր քննադատություն է հնչում 2020-ից հետո ՔՊ-ից դուրս եկած այն մարդկանց հասցեին, որոնք իրենց մեջ ուժ գտան եւ հեռացան պարտված եւ երկրի կառավարումը ձախողած քաղաքական ուժից` Տաթեւիկ Հայրապետյանի, Գոռ Գեւորգյանի, Սոֆյա Հովսեփյանի եւ մյուսների: Հիշեցնում են նրանց նախկին ասածները, հայտարարում են, թե ներում չկա նախկին նիկոլականներին: Բայց, մյուս կողմից, նաեւ զարմանում են, թե ինչքան զոմբի կա այս երկրում, ինչպես մարդիկ չեն հասկանում, թե ուր է հասցրել երկիրը Նիկոլը, եւ ինչպես չեն պայքարում նրա դեմ: Այսինքն` ընդդիմությունը, որը նախկինում իշխանություն էր, փոխարենն իր սխալները գիտակցի, ծանրութեթեւ անի, իր բացթողումներից հետեւություններ անի, զբաղված է այս կամ այն հանրային գործչին մեղադրելով եւ պարսավելով:

Նկատենք, որ շատ հանրային դեմքեր, որոնք նախկինում աջակցում էին հեղափոխական իշխանություններին, իսկ այսօր սթափվել են, հասկացել, թե ինչ է կատարվում, նաեւ այս մեղադրանքներից են զգուշանում եւ ասում` ո՛չ սրանք են մի բան, ո՛չ նրանք, ճիշտը ոչ մի բանի չմասնակցելն է: Եվ հանրային ապատիան ու անտարբերությունը նաեւ ընդդիմությունն է հրահրում: Մենք զրուցել ենք դերասան Հրանտ Թոխատյանի հետ, ով եւս 2018-ին հեղափոխականների հանդեպ համակրանք ուներ, իսկ այժմ պայքարում է իշխանությունների դեմ:

- Պարոն Թոխատյան, այս կամ այն մշակութային, քաղաքական գործչին հաճախ ոմանք մեղադրում են 2018-ի պրոցեսներին մասնակցելու մեջ: Ճի՞շտ են այդ մոտեցումները:

- Իսկ ո՞վ է մեղադրում: Դատավո՞ր են:

- Մեղադրում են նախկին իշխանությունների ներկայացուցիչները, հանրային գործիչները, նույնիսկ՝ որոշ լրագրողներ:

- Դժվար հարց է: Յուրաքանչյուր մարդ անում է այն, ինչ այդ պահին ճիշտ է համարում: Պետք է ամեն մարդ իր արած քայլերի համար ինքն իրեն հաշիվ տա՝ դիմացինների կարծիքը չնկատելով: Այն, ինչ ճիշտ են համարել, դա էլ արել են:

- Ձեզ չե՞ն մեղադրում հեղափոխությանը մասնակցելու համար:

- Ես չեմ մասնակցել հեղափոխությանը, ես պարզապես մասնակցել եմ ցույցերին, եղել եմ հրապարակում: Ովքե՞ր են այդ մեղադրողները, դատավո՞ր են իրենք:

- Օրինակ` Լալա Մնացականյանին խիստ քննադատում են:

- Բոլորը, չգիտես ինչի համար, իրար սկսել են մեղադրել: Իսկ որեւէ մեկը փորձե՞լ է Լալա Մնացականյանից հարցնել, թե էդ աղջիկն ինչ է մտածում հիմա: Եթե ինչ-որ ձեւակերպումներ է տվել, ինչի՞ համար է տվել, թող հարցնեն այդ կնոջը: Մեղադրելն ամենահեշտ բանն է, մեղադրել ու անցնել առաջ:

- Նման տարբերակումները վտանգավո՞ր են:

- Վտանգավոր են, այո, որովհետեւ պառակտիչ գործողություններ են:

- Ի աջակցություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի՝ ստորագրահավաք է սկսվել: Դուք միացե՞լ եք դրան:

- Այո, միացել եմ, զանգահարեցին, առաջարկեցին, ես էլ համաձայնեցի: