2022-ի կրթական տարին․ ձախողումնե՞ր, թե՞ ձեռքբերումներ

2022-ի կրթական տարին․ ձախողումնե՞ր, թե՞ ձեռքբերումներ

Անցնող՝ 2022թ. կրթական տարին ամփոփում ենք կրթության փորձագետ Վիկտոր Մարտիրոսյանի հետ

Օրենսդրական փաթեթներ, կրթության ռազմավարություն

Անցնող կրթական տարում առանցքայինը «կրթության մինչեւ 2030թ․ զարգացման պետական ծրագիրն» էր, որը պետք է իր շուրջ հավաքեր կամ իրենից ածանցեր մնացած ամեն ինչ, բայց ռազմավարությունն ավելի շատ բերեց մտահոգություններ, քան թե լավատեսություն, որ կարող է ձեւավորվող օրենսդրական դաշտը լինել նպաստավոր կրթության եւ գիտության համար։ Նկատի ունեմ այն, որ ռազմավարությունը շատ անիրատեսական էր, իրականությունից կտրված՝ ընդհանուր արժեքներ, հեռահար նպատակներ, հեռավոր մի հասարակության տեսլական, կտրված ազգային խնդիրներից, այսօրվա կրթական համակարգում առկա պրոբլեմներից, դժվարություններից։ Իմիջիայլոց, այն իր մեջ ունի մի խոշոր վտանգ, որ հատկանշական է բոլոր ռոմանտիկ քաղաքական գործիչներին, մենք իրականությունից կտրված՝ մեր իրականության համար ձեւավորող մարդ ենք ստեղծում, եւ տարիների ընթացքում այն ծնում է 2 կարգի պրոբլեմներ․ առաջինը, որ մեր աչքի առաջ կա, այն է, որ մեր ձեւավորած քաղաքացու աչքը շարունակում է մնալ դրսում, եւ դա կարող է բերել ձգտում դեպի դրսի իրականության, արտագաղթի, լավագույնի փնտրտուք ոչ թե իր հողի վրա, այլ այն, ինչ քարոզվել է։ 2-րդը, որը եւս ծանր բան է՝ դեպրեսիան, երբ մարդը կրթական ինչ-որ փուլ ավարտելուց հետո հանկարծ տեսնում է, որ ինքն այն իրականության մեջ չէ, եւ այն արժեքները, որ իրեն քարոզել են, իրենը չեն, որն էլ բերում է խոշոր դեպրեսիայի, սա էլ ծնում է ոչ մասնագիտական խոշոր դաշտ, երբ տարբեր կրթությամբ մարդիկ զբաղվում են առեւտրով, տաքսի քշելով, այսինքն՝ երկուսն էլ ի չիք են դարձնում կրթությունը՝ որպես տարիների կուտակված արդյունք։ Այս առումով ռազմավարությունը հուսադրող չէ, եւ լավ կլինի, որ նախարարությունն այս ռազմավարության հետ կապված լուրջ մոտեցում ցուցաբերի։ Լրջությունը պետք է լինի այն, որ կտրվեն այդ երազային հովերից եւ իջնեն այս իրականության դաշտ։

Ինչ վերաբերում է դպրոցների կառավարման կարգի փոփոխությանը եւ դպրոցների հետ կապված քաղաքականությանը, սա շատ տխուր է բոլոր առումներով՝ մանր տնտեսումներով դպրոցների որոշակի գործառույթներ միավորելը, այդ 2 տնօրենի գաղափարը մտցնելը։ Այդ ամբողջն ասում է մի բան, որ կա մեծ անվստահություն դպրոցի նկատմամբ։ Իսկ ո՞վ ստեղծեց այդ անվստահությունը, մեզ մոտ ուսուցչի նկատմամբ կատարվեց հանցավոր գործողություն՝ աշխարհի բոլոր մեղքերը վերագրվեցին ուսուցիչներին՝ կաշառակեր են, ընտրությունների կեղծարարներ են, անգրագետ են։

Կամավոր ատեստավորումների միֆը

Իմ վերաբերմունքը եղել եւ մնում է այն, որ սա կեղծ ատեստավորում է, որն ընդամենը ուսուցչից պարտադիր պահանջվող որակի փաստում է, ուսուցիչն այդ ամենը, ինչի համար այսօր բարձր վճարում են, պարտավոր է իմանալ, եւ եթե ուսուցիչը դա չգիտի, ապա դու քո համակարգով պետք է կարողանաս ապահովել, ոչ թե դա դիտարկես որպես առանձին անձանց մենաշնորհ կամ որակ։ Ընդունելության թեստերով ուսուցիչ ատեստավորել եւ դա դիտարկել որպես ձեռքբերում՝ ուղղակի խայտառակություն է։ Կանցնեն տարիներ, եւ մենք այդ նախարարությանը մի օր կասենք՝ բերեք հիմա մեզ ցույց տվեք այն արդյունքները, որոնք տվել են այդ ուսուցիչները, ովքեր ստացել են 2-3 անգամ ավել աշխատավարձ։ Ի՞նչ են ասելու՝ նրանց միակ ձեռքբերումը կարող է լինել մի քանի ավել աշակերտ այդ դպրոցում ունենալը։ Սա է լինելու, որովհետեւ ընդհանուր որակը ձեւավորվում է ընդհանուր դաշտի վրա, ոչ թե առանձին կետերում։ Բոլոր ժամանակներում եղել են այդ հիվանդագին մոտեցումները՝ եկեք լոկոմոտիվ դպրոցներ ստեղծենք, լոկոմոտիվ ուսուցիչների խումբ ստեղծենք, դա չի աշխատում, որովհետեւ դա պետք է լինի համընդհանուր մոտեցում, եւ լավ կլինի, որ նախարարությունն այդ ձեւական բաները թողնի եւ ուսուցչի աշխատավարձը բարձրացնի առնվազն 2-3 անգամ եւ դպրոցին տա աշխատավարձի գոնե մի 15-20 տոկոսի չափ հավելավճար՝ խրախուսելու, ոգեւորելու այն ուսոցիչներին, որոնք, իրենց այսօրվա գնահատմամբ, իբրեւ թե լավագույն ուսուցիչներն են։

Ակադեմիական քաղաքից մինչեւ բուհերի միավորում

Քանի որ աշխատանքային հանձնաժողով է ստեղծված՝ նախկին ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ, եւ քննարկումներն էլ դեռ չեն ավարտվել, սա դիտարկենք որպես դրական բան՝ իրենք ընդունեցին, որ հապշտապ էին այդ հայտարարությունները, եւ որ դա ցանկությունների դաշտից պետք է իջնի իրականության դաշտ։ Էլ չեմ խոսում ֆինանսական կողմի մասին, որի լուծումն իրենք տեսնում են՝ վաճառելով կենտրոնի բուհերի շենքերը եւ դրանով կառուցել այս ակադեմիական քաղաքը։ Բայց ես ուզում եմ հասկանալ՝ այդ գաղափարն առաջարկողներն ընդհանրապես ակադեմիական քաղաքի մասին պատկերացում ունե՞ն, թե՞ չունեն, դա դիտարկո՞ւմ են զուտ բուհերի կոնգլոմերատ, միջբուհական ծրագրեր, թե՞ իրենք հասկանում են դրա խառնուրդից առաջացող նոր որակը։ Երբ կխոսեն այդ 2-րդի մասին, այդ ժամանակ կարելի է այս թեման լրջացնել, իսկ եթե խոսում են ընդամենը քաղաքի կենտրոնը թեթեւացնելու կամ բուհերն իրար մոտեցնելու մասին, եղբայր, գնացեք աշխարհի բոլոր խոշոր ակադեմիական քաղաքներ ու տեսեք, որ նրանց բուհերն իրարից շատ ավելի հեռու են, քան մեր բուհերն այսօր Երեւանի կենտրոնում։ Ներսում պետք է փոխել, եթե ուզում եք ինչ-որ բան փոխեք, իսկ ներսը փոխելը շատ ավելի բարդ խնդիր է։ Իրենք չեն կարողանում լուծել մի տարրական բան՝ մասնավոր անորակ բուհերի խնդիրը, որը սպունգի նման բոլոր շերտերից քաշում-տանում է ձեր ուսանողներին եւ ի՞նչ է տալիս որպես արդյունք՝ թղթի կտորներ։

Տարվա սկանդալները․ «Չեխովից»՝ «Բրյուսով»

Այս երկուսի պարագայում էլ աշխատում է նախորդից եկած վատ իներցիան, երբ մենք կրթական հաստատության տնօրենին չենք դիտարկում որպես կրթական հաստատության տնօրեն, այլ դիտարկում ենք ինչ-որ հարց լուծող, ազդեցություն ունեցող անհատ։ Կարեւորում ենք այդ «պոստն» ավելի շատ որպես գործիք, քան թե որպես տվյալ կրթական հաստատության զարգացման կամ կառավարման արդյունավետ միջոց։ Տնօրենը մերը պետք է լինի, ռեկտորը մերը պետք է լինի։ Այս հիվանդագին մոտեցումը նոր չէ, գալիս է հնից, ուղղակի վատն այն է, որ այս համակարգը հների վատ կողմերը որդեգրեց, քան թե նոր լավ բան բերեց, սա է ցավալի։ Ի վերջո, բոլորիս սիրտը ցավում է կրթության համար։ Ինչ վերաբերում է «Բրյուսովին», ապա «Բրյուսովի» խնդիրը վաղուց դուրս է եկել «Բրյուսովի» պատերից, «Բրյուսովի» խնդրի մասին պետք է մտածեն բոլոր ռեկտորները, կապ չունի՝ իրենց բուհերին այդ վտանգը սպառնում է, թե ոչ, այդ ուղտը կարող է մի օր իրենց դռանը չոքել։ Նույնիսկ, եթե իրենց չի սպառնում, դա իրենց իրավունք չի տալիս անտարբեր լինելու բարձրագույն կրթության խնդիրների նկատմամբ։ Այսօր, փաստորեն, «Բրյուսովում» ո՛չ Կարինե Հարությունյանի խնդիրն է, ո՛չ էլ միայն «Բրյուսովի» կոլեկտիվի խնդիրն է, խոսքը բուհերի նկատմամբ ունեցած քաղաքականության մասին է։ Խոսքս ըմբոստանալու, կռիվ տալու մասին չէ, խոսքը՝ ի՞նչ է սպասվում եւ ի՞նչ է ակնկալվում, ի վերջո, ռեկտորների մի մասը բարձր պրոֆեսիոնալներ են, որոնցից մեկը «Բրյուսովի» ռեկտորն է։ Ու եթե մյուս ռեկտորները պասիվ ձեւով պետք է նստեն իրենց աթոռներին ու սպասեն իրենց հետ կատարվելիքին՝ ինձնից հեռու, ապա վաղ թե ուշ այդ հրդեհը նաեւ իրենց տուն է հասնելու։ Նույնը՝ նաեւ դպրոցների պարագայում։ Ի դեպ, Չեխովի դպրոցի տնօրենը մինչեւ հիմա դեռ ժամանակավոր պաշտոնակատար է, բայց ուղղակի՝ իրենց ուզած պաշտոնակատարը։

ԿԳՄՍ նախարարի փոփոխություն

Կարծում եմ՝ նախարարի փոփոխությունը ոլորտին էական փոփոխություն չի տա, քանզի արդեն որերորդ նախարարն է, որտեղ, փաստորեն, որպես նախարարության առանցք, եղել եւ գործել է ներկայիս գործող նախարարը՝ Ժաննա Անդրեասյանը։ Ի՞նչ էր անում Դումանյանը, որն անում էր առանց Ժաննա Անդրեասյանի. եթե այդ հարցի պատասխանը Դումանյանը կարող է տալ, ուրեմն կարող ենք խոսել ինչ-որ փոփոխությունների մասին։ Այս առումով ուղղակի կլինի հերոսացման սցենար, այսինքն՝ եթե Դումանյանը չուներ որակներ՝ առաջին պլան գալու ու հերոսանալու, հիմա արդեն այդ կերպարը կա՝ նորը ստեղծողի, կրթության ռեֆորմատորի։ Զուտ տարվող քաղաքականության առումով, կարող է մի քիչ ավելորդ մարտահրավերների դոզան մեծանալ։ Ինչ նկատի ունեմ՝ ասելով «ավելորդ մարտահրավերներ». ճնշումն ավելի մեծացնել, ահաբեկել, տակից պոկել ինչ-որ մի բան։ Սա աշխատում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մեր կրթության ոլորտում։ Մնացածի պարագայում պետք է ընդամենը ցանկանամ, որ տիկին Անդրեասյանը կարողանա առավել սթափ նայել իրավիճակին ու առկա խնդիրներին։

Տարվա հակակրթական արտահայտությունը

Անցած տարի կառավարության նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եթե մարդն ամիսը 75 հազար դրամով աշխատում է, դա ի՞նչ է նշանակում՝ որ նորմալ կրթություն չի ստացել»: Սա շատ վիրավորական արտահայտություն էր ոչ միայն ուսուցիչների, այլեւ ընդհանրապես ցածր աշխատավարձով աշխատող մարդկանց համար։ Ասենք՝ սահմանամերձ գյուղ է, որտեղ միակ աշխատանքն ուսուցիչ աշխատելն է, եւ ինքն էլ շատ գրագետ է, ժամանակին տքնել-քրտնել է, բայց դա այդ մարդու միակ ընտրությունն է։ Մենք տարիներ շարունակ ուսուցչությունն առանձնացրել ենք մյուս մասնագիտություններից նրանով, որ ուսուցչությունը միայն աշխատանք չէ, այն նաեւ նվիրում է, ապրելակերպ, բա ո՞ւր մնացին այդ գնահատականները։ Հետո՝ այդ 75 հազարը տվողն ո՞վ է, եթե ես դրա մասին խոսեմ, որ տալու, սահմանելու հետ կապ չունեմ, գուցե ինչ-որ ձեւով արդարացվի, բայց 75 հազար տվողն ինքը խոսում է, որ իր տվածը ստորացուցիչ է, այստեղ է, որ արժեքները լրիվ խառնվում են իրար։
Վերջում ուզում եմ շնորհավորել մեր ընթերցողների Նոր տարին, մաղթել լավ տրամադրություն, հեռու մնան հիասթափություններից, հուսալքություններից եւ կրթության ոլորտի բոլոր աշխատողներին ասել՝ անկախ իրենց շուրջ եղած խոսակցություններից, իրենց օրվա խնդիրները որակով լուծեն, սիրեն երեխաներին, եւ դա կդառնա մեր հաջողությունների գրավականներից մեկը։