Ընդամենը 88 ազդարարում է եղել այս տարի, 15-ով գործ է հարուցվել
Ազդարարման միասնական հարթակում այս տարվա 11 ամիսների ընթացքում ընդամենը 88 ազդարարման դեպք է արձանագրվել` նախորդ տարի եղել է շուրջ 116: Հարթակը ստեղծվել է դեռ նախորդ իշխանությունների ժամանակ: Այս հարթակի իրական նպատակն արատավոր երեւույթների մասին անանուն հաղորդումն է, կոռուպցիոն գործարքների բացահայտումը: Սա ժամանակին «գործ տալու հարթակ» էին անվանում եւ կարծում էին, որ հայկական մենթալիտետի մեջ ընդունված չէ իրավախախտումների մասին պետությանն իրազեկելը, եւ սա չի աշխատի: Ըստ էության, 88 հաղորդումը 3 միլիոն ժողովրդի դեպքում շատ քիչ է, եւ իշխանությունը մտադիր է այն ակտիվացնել` մեծացնելով «ազդարարողների» պաշտպանվածությունը եւ համապատասխան քարոզչություն իրականացնելով: Հարթակի մասին Կառավարության վերջին նիստի ժամանակ խոսեց նաեւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով դրա նպատակները:
Մենք Գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք` վերջին մեկ տարվա ընթացքում կոնկրետ ի՞նչ գործերի մասին են ազդարարել ՀՀ քաղաքացիները: Դատախազությունից ասացին, որ կոնկրետ գործերի մասին խոսել չեն կարող` սա գաղտնի հարթակ է եւ պարտավոր է երաշխավորել բոլոր գործերի գաղտնիությունը, սակայն նշեցին, որ դրանք՝ գրեթե բոլորը վերաբերում են եկամուտների հայտարարագրումներին եւ հանրային շահերին, որոնք անանուն հաղորդումների տեսքով են: Իսկ հարուցվե՞լ են արդյոք գործեր, քանի՞ անհատ է կանգնել դատարանի առաջ` հարթակի «բացահայտումների» արդյունքում։ Այս հարցին դատախազությունից չպատասխանեցին՝ ասելով, որ դա եւս գաղտնիք է: Ազդարարման միասնական հարթակի եւ դրա արդյունավետության մասին զրուցել ենք «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ:
- Ազդարարման միասնական հարթակն այս տարիների ընթացքում ի՞նչ կոնկրետ դեր է խաղացել` Հայաստանում կոռուպցիան կանխարգելելու նպատակով: Մեզանում կոռուպցիան, կարծես, միայն ծաղկում է:
- Վերջերս ազդարարման համակարգում որոշ փոփոխություններ են եղել, հիմա, եթե չեմ սխալվում, անգամ ՄԻՊ-ն է մասնակցում այդ պրոցեսին, ինչպես նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Առաջ միայն այդ ազդարարման գործերն ուղարկվում էին դատախազությանը, դատախազությունն էր, որպես կանոն, այն ուսումնասիրում, բայց, կարծես, հիմա ՄԻՊ-ն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւս զբաղվելու են այդ հարցերով: ՄԻՊ-ի մասով հստակ ասել չեմ կարող, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու ուղղությամբ է զբաղվում.եթե էթիկա է խախտվում, կամ եթե քաղաքացիները դիմում են, որ ինչ-որ մեկը շատ ճոխ առանձնատուն է կառուցում, խոսքը պետական պաշտոնյաների մասին է: Փոփոխությունը սա է:
- Ընդհանուր առմամբ` ի՞նչ կարծիքի եք այս հարթակի մասին: Այն կարո՞ղ է արդյունավետ աշխատել: Ի դեպ` հայտնի չէ, թե այս տարիների ընթացքում քանի գործ կա հարուցված այս հարթակի աշխատանքի արդյունքում:
- Առաջ էլ, հիմա էլ` առանձնապես այդ հարթակն էֆեկտիվությամբ չի աշխատում: Ես՝ անձամբ, մեծ հույսեր չեմ էլ կապել: Նրանք, ովքեր մեծ հույսեր էին կապում, նախկին արդարադատության նախարարն էր, փոխնախարարը: Ես ասում էի, որ այն մեր հայկական մտածողության հետ չի խոսում: Դեռեւս 2016 թվականին, երբ միջազգային հարցում իրականացվեց` Գելափի միջոցով, պարզվեց, որ Հայաստանում ազդարարման մասին մարդիկ ունեն բացասական կարծիք: Մեծամասնությունն այս հարթակը համարում էր ոչ ընդունելի, ինչը շատ տխուր արդյունք է: Ստալինյան ժամանակներից գալիս է գործ տալու մասին պատկերացումը, ինչն ազդարարման հետ ոչ մի կապ չունի, բայց մարդիկ այդ տարբերակումը չեն հասկացել եւ շարունակում են չհասկանալ: Ինչ վերաբերում է ազդարարման արդյունքում հարուցված քրեական գործերին, ապա դրա տոկոսը եւս շատ ցածր է: Առաջ էլ էր այդպես, հիմա էլ: Ցածր տոկոսները եւս մարդկանց հետ են պահում ակտիվ ազդարարելուց: Առայժմ այն հույսերը չեն արդարացվում, որն առաջ կար:
- Այնուամենայնիվ, այս իշխանությունները կարո՞ղ են ինքնադատապարտմամբ զբաղվել: Այսինքն` կարո՞ղ է օրվա իշխանությունը դատապարտել իր թիմի ներկայացուցչին` կոռուպցիոն գործարքների համար:
- Այդ հարցի հասցեատերը ես չեմ, քանի որ բովանդակությանը ծանոթ չեմ ընդհանրապես:
- Օրինակ` Աննա Հակոբյանի հիմնադրամին փոխանցվող գումարների մասով կարո՞ղ է հարթակը զբաղվել:
- Այո, կարող է, եթե ստանա դրա մասին գրություն: Այս տարի առայժմ 88 ազդարարում է եղել, որից ստուգվել է 57 տոկոսը, չի ստուգվել 48,3 տոկոսը: Այսինքն` կասկածներ եղել են: 17,15 տոկոսով էլ գործեր են հարուցվել, այսինքն` 88-ից 15 դեպք ընդամենը: Բայց գործերի մասին հստակ ոչինչ չի ասվում:
- Հավանաբար, այդ գործերը եւս նախկին իշխանություններին են վերաբերում: Իսկ ներկաների մասին ո՞վ եւ ե՞րբ պետք է խոսի:
- Սա այլ հարց է: Ինձ թվում է` ներկաներին եւս քննում են, սակայն չեմ կարող հստակ ասել, քանի որ բովանդակության մասին ոչինչ չգիտեմ:
Կարծիքներ