«Հրապարակ»․ Այդ անկլավները նոր չեն առաջացել
Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 5-րդ հանդիպումը: Հանձնաժողովի համանախագահներն են․ հայկական կողմից՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ադրբեջանական կողմից՝ տարիներ առաջ Նոյեմբերյանում ապրած Շահին Մուստաֆաեւը, ով նաեւ հայոց լեզվին է տիրապետում։ Հանդիպման մասին, սակայն, կցկտուր տեղեկատվություն կա: Մեր աղբյուրներից իմացանք, որ Մհեր Գրիգորյանից բացի, հանդիպմանը մասնակցել է նույն հանձնաժողովի մեկ-երկու անդամ, մասնավորապես` Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալներից մեկը, ԱԱԾ աշխատակիցներ:
Հանդիպումը կայացել է սահմանագծին տեղակայված վրանում, մինչդեռ հանդիպման բովանդակային մասի վերաբերյալ մեր աղբյուրները լռում են, իսկ պաշտոնական հաղորդագրությամբ հրամցվող տեղեկատվությունը շատ ժլատ է: Եթե, դիցուք, չորրորդ հանդիպումից հետո հաղորդեցին, որ կողմերը համաձայնության չեն եկել, թե որ քարտեզներով պետք է իրականացնել դեմարկացիան եւ դելիմիտացիան, եւ գործընթացը, ըստ էության, մտել է փակուղի, ապա վերջին հանդիպման հաղորդագրությունից առհասարակ ոչինչ հասկանալ հնարավոր չէ։
Ընդամենը նշվում է, թե կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական եւ ընթացակարգային մի շարք հարցերի, նախնական համաձայնեցրել են հանձնաժողովների միջեւ նիստերի եւ համատեղ աշխատանքների, հանդիպումների անցկացման աշխատակարգի տեքստը։ Պայմանավորվել են սկսել համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնության աշխատանքները, նաեւ նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը։
Եթե ամփոփենք՝ կողմերի միջեւ տեխնիկական բնույթի հարցեր են քննարկվել եւ պայմանավորվածություններ ձեռք բերվել, մինչդեռ վերջին շրջանում երկկողմ ակտիվ հայտարարություններ են արվում, այսպես կոչված, անկլավների վերաբերյալ՝ հասկացնելով, որ կա դրանք վերադարձնելու համաձայնություն։ Հիշեցնենք, որ ընդամենը շաբաթներ առաջ Ադրբեջանի հերթական պահանջին՝ վերադարձնել 8 գյուղ, որոնցից մեկը Տիգրանաշենն է, Հայաստանի իշխանությունները` Փաշինյանի շուրթերով, կարելի է ասել, համաձայնություն տվեցին` այն պարագայում, երբ ընդամենը մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարում էր, թե անկլավների մասով պետք է իրավական հիմքերը գտնել, նոր խոսել այդ տարածքները վերադարձնելու մասին։
Մասնավորապես, անցած շաբաթ առցանց պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Երբ ասում ենք` Հայաստանը 29 800 կիլոմետր է, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որոնք խորհրդային տարիներին պատկանել են Ադրբեջանին»: Փոխարենը, ըստ Փաշինյանի, 29 800 քառակուսի կիլոմետրը ներառում է Արծվաշենը։ «Եթե ես ուզենամ էլ, չեմ կարող ասել, թե նման հարց չկա, որովհետեւ Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, չեմ կարող ասել, թե ինքնիշխան տարածքի էս կտորի հետ գործ չունենք»,- ասաց Փաշինյանը։ Նրա կարծիքով՝ կան հարցի կարգավորման մի քանի տարբերակներ։ Մի քանի օր անց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Երեւանը պատրաստ է Բաքվին վերադարձնել խորհրդային տարիներին գոյություն ունեցած անկլավները՝ դրա դիմաց ստանալով Արծվաշեն գյուղը, որը նույնպես գտնվում է անկլավային կազմավորման ներսում։
Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը թեեւ չի մասնակցել սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի համանախագահների հանդիպմանը, բայց երեկ մեզ վստահեցրեց, որ պայմանավորվածություն չի կայացել այս մասով: Գուցե քննարկում են, բայց չկա վերջնական որոշում, որ անկլավները վերադարձվելու են։ «Կոնկրետ ոչ մի բան չկա` իմ ինֆորմացիայով, չկա պայմանավորվածություն, ես մեր բնակիչների հետ միշտ խոսել եմ, իրենց էլ ասել եմ, որ այդ անկլավները նոր չեն առաջացել, մարդիկ էլ տեղյակ են դրա մասին, բայց ավել տեղեկատվություն չգիտեմ, չունեմ, երբ ունենամ, կխոսեմ մեր բնակիչների հետ»,- ասաց Ղալումյանը: Այսինքն, իշխանությունը մեկ խնդիր է տեսնում` հայ ազգաբնակչությանը համոզելը, որ նրանք չընդվզեն իրենց այս որոշման դեմ: Հանձնելու գաղափարի հետ իրենք արդեն հաշտվել են, մնում է հաշտեցնեն ժողովրդին:
Հիշեցնենք, որ նախորդ՝ 4-րդ հանդիպումը կայացել էր նույն այդ հատվածում, մինչ այդ եւս 3 հանդիպում կայացել էր Երասխում, Մոսկվայում եւ Բրյուսելում։
Կարծիքներ