Զավեն Բեկյան. Առագաստներ հեռահար քամիների համար

Զավեն Բեկյան. Առագաստներ հեռահար քամիների համար

***

Արդեն մի ողջ անցած
կյանքի հեռվից
հետեւում եմ ես քեզ,
մանչո՜ւկ, ամռան
սայլուղիներում գլխիկոր
թափառելիս։ Վառվում է
թափված հարդն արեւի
շողերի տակ։ Անցնում ես դու
միջօրեի միջով,
ինչպես մի փոքրիկ,
երազկոտ արեւածաղիկ …
Ախ, այնտեղ՝ ուր, մանչո՜ւկ,
դու դեռ պիտի հասնես՝
հոգնած նստած եմ ես։
Երեկո է իջնում։
Չղջիկներն են զիգզագաձեւ
թռիչքներով մերձենում
օրվա մութ որմերին։
Հարդագողի ուղում
մեկն սպասում է մեզ …


ԻՐԻԿՆԱՄՈՒՏ

Լույսն - արնաքամ,
թաքնվում է այստեղ-այնտեղ,
սակայն վերջին
ծվեններն են մատնում տեղը …

Ժամանակն է ժեստախաղի -
եւ ծառ ու թուփ
ստվերներ են փոխանակում։

Մի ցուրտ կռինչ
թավուտներից -
սարսռում է
աստղը թառին։

Կորցրել է
ձայնն իր ճամփան
լռության մեջ -
որբ, անպաշտպան …


***

Երկնային փարախներից
դուրս եկած ու ցրված
գառնուկ ամպե՜ր,
որ փնտրում եք պայծառ
ջրարբները կապույտի …
Ձեր երգեցիկ ճերմակ
գեղմն եմ ես փայփայում
հիմա իմ աչքերով։
Իսկ ձեր մայունը
լսելի է միայն
երկնաշրջիկ հովվին։
Ի՞նչ եք տեսնում դուք
գիշերով, երբ անհունի
թավուտներից հազարավոր
աստղեր են ձեզ նայում -
դրանք գազանների
աչքե՞ր են ձեզ թվում …


***

Ինչպես անփորձ քարավանապետն է
Վեներա մոլորակը
Բեւեռային աստղի տեղ դնելով
գնում նրա հետեւից
ու կործանման տանում քարավանը
անծայրածիր անապատում -
երբեմն գալիս են տողեր՝
Վեներայի նման դյութող,
հեշտ ու շորորաշար,
բայց պոետը
աչքը պիտի պահի
ներշնչանքի դժվարին
Բեւեռային աստղի վրա։

 

ԺԱՄԱՆԱԿԻ ՍԱՀՔԸ

Ես լսում եմ ժամանակի սահքը,
ինչպես բեդվինն՝ ավազինը,
կեսգիշերին, իր վրանի մերձակայքում։
Ես լսում եմ անքուն -
այն թակիչի պես ամեն վայրկյան
խփում է իմ քունքին։

Թանձրացնում է մագման
երկրակեղեւի խորքերում։
Երկնային մարմիններն են ձանձրանում
իրենց մաքոքային պտույտներից։

Ժամանակը խարխլում է տերմիտի պես
լեռնաշղթաների արմատները, հոսում է
ինչպես ստորգետնյա մի գետ, որ երեւի
գնում-միանում է Ստիքսին։

Ես լսում եմ ժամանակի սահքը -
այն սունկի պես ճմլում է
մարմիններ, սողոսկում է
ծառաբների մեջ օղակ-օղակ։

Ծովածոցերում ալեհատի պես փշրում է
Հավերժի ալիքը մակընթաց։-
Ես մի խեցի եմ տարուբերվող՝
կակղամորթս գերյալ, բայց փայլուն,
հարաճո՜ւն փայլուն մի բան,
որ մարգարիտ է գալիքում,
ասուպե ժապավեն է կապում։

 

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՋՐՏՈՒՔ

Երբ չգիտես՝
որտեղից է գալիս
այս զարմանալի առուն,
ինչ ակունքից,
լուսնի արծաթավունով
թաթախված։ Իր անուշ
կարկաչին ունկնդիր՝
իր ճորտն ես ճկուն -
ու բահով պիտի
ժամանակին փոխես
իր հոսքը՝ մարգից-մարգ։
Իսկ մարգերը
քո տողերն են շարվեշար,
որոնց վրա
աճեցնում ես բառ ու պատկեր։
Հեռվից
քնատ կանչերն են լսվում
ջրբաշխ հրեշտակների։


ՏԱՂ ԳԻՆԵՎԵՏ  

Ի՜նչ փափուկ էր խմվում գինին
(ջահել էինք - դեռ՝ այն ափին)։
Ու ինչ փափուկ խմվեցինք … մենք
(ժամանակն է բեղը սրբում …)։

Ու ինչ դյուրավ մենք խմվեցինք
(ժամանակը դույզն իսկ հարբե՞ց)։
Տեսնես ի՞նչ համ մնաց մեզնից
(ինչ ունեինք՝ անցավ-պարպվեց)։

Մի քանի կում է մնացել
(ժամանակը շուրթն է լիզում)։
«Բույրը երկի՜նք էր բարձրացել»,-
ոմանք ասին։- Ուրեմն իզո՛ւր

չընկանք կարասն աստնվորի։
Ինչ ստացանք որթատունկից՝
ավիշն ու հյութը կենարար,
թափվե՜ց աշխարհի պռունկից …

 

***

Հեռահար քամիներով են լի
առագաստները պոետի նավի։
Նրա կողմնացույցը ոչ թե դեպի
Բեւեռային աստղ է թեքված, այլ՝
դեպի միգամածությունը Անհայտի։
Նրա նավամատյանը լի է
հնաշխարհիկ, շումերական գաղտնագրերով,
իսկ նավամբարը՝ կնիքներով հին եգիպտական։
Նրա նավի ողնուցը ցնցվում է
անհայտ, ստորջրյա ծածկախորհուրդ հոսանքներից։
Պոետը՝ միշտ երազամույն,
շուրջերկրյա ճանապարհորդությունների մեջ է։
Նրան սիրելի են գիշերները մերձաստեղային։-
Նա ծունկի է իջել եւ մրմնջացել
Հարավային Խաչի համաստեղության տակ,
հիացել է Հրո Երկրի երկնքի աստղերով՝
Տիրոջ գոգնոցից սերմացուի պես
խաչբուռ սփռված …
Իր բախտավորության պահերին
նա աստղալույսի տակ մոտեցել
ու հիացել է Փղոսկրի Ափի կաթնագույնով։
Նրան ինքը՝ ծովերի թագուհի
Թետիսն է սիրահարվել։
Բայց պոետը մեն մի սեր ունի՝
ճամփորդությունը անիմանալի առափնյաներով …
 

ԹՌՉՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ

Ու տաք քամիների
մեղրագետե՜ր հոսող,
ու տաք քամիների
մեղրագետե՜ր հոսող …

Եվ բլրին կանգնած,
ես հայացքի երկար
կարթաթել եմ նետում ՝
մի քանի ձուկ-թռչուն
որսալու այս հույսով։

Բայց էլ ոչ մի թռչուն
չի մոտենալու ինձ՝
թեկուզ քսեմ դեմքիս
հմայանքի սոսինձ …

Մի վանդակ են քանզի
տեսնում նրանք իմ տեղ
եւ՝ սիրտ-հավքը՝ զարկվող
պատերին կողոսկրե …

 

ՊԱՏԿԵՐ

Բազմազավակ
մայր է
սիմինդրը՝
դաշտում կանգնած -
տես՝ կողրերի
քանի՜- քանի
խանձարուրներ
վրան պահած՝
մանկան շեկլիկ
մազափնջերով
դուրս ծլած … 

 

Լուսանկարը` «Անդին»-ի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ