Ինչ ասաց Արամ Ա-ն՝ «ազգի հարցերը եկեղեցու հարցերն են» իր հայտարարությամբ

Ինչ ասաց Արամ Ա-ն՝ «ազգի հարցերը եկեղեցու հարցերն են» իր հայտարարությամբ

Առաքելական եկեղեցուց հետո նշանակությամբ երկրորդ կենտրոն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ղեկավար Արամ Ա-ի ֆեյսբուքյան գրառումը, թե «Ըսած ենք, կ՚ըսենք ու մի՛շտ պիտի ըսենք.- եկեղեցին իր ըսելիքը եւ ընելիքը ունի մեր ազգը յուզող խնդիրներուն ու դիմագրաւող մարտահրաւէրներուն գծով։ Ազգին հարցերը նաեւ եկեղեցւոյ հարցերն են եւ՝ փոխադարձաբար։ Այս կը յիշեցնէ մեզի մեր դարաւոր պատմութիւնը», թեեւ հայաստանյան մեդիատարածքում տարածվեց, սակայն զարմանալիորեն որեւէ կերպ չմեկնաբանվեց կամ որեւէ կերպ գնահատական չստացավ։
Մինչդեռ այս գրառումն արդեն Հայաստանում՝ Մայր Աթոռում օրերս տեղի ունեցած Միաբանական համագումարի եւ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովների, համագումարի ընթացքում առաքելական եկեղեցու ղեկավար Գարեգին 2-րդի ունեցած ելույթի եւ ԳՀԽ ընդունած հայտարարության համատեքստում, իհարկե, շատ ասելիք է պարունակում։ Արամ Ա-ն, ըստ էության, համերաշխություն է հայտնում Մայր Աթոռի հետ` կապված Հայրենիքի (Հայաստան եւ Արցախ) շուրջ ստեղծված բավականին բարդ եւ շրջադարձային իրավիճակի առնչությամբ վերջինիս արտահայտած կարծիքներին եւ իր հերթին ընդգծում, որ տարածված այն թեզը, թե եկեղեցին չի կարող մասնակցել քաղաքականությանը, գոնե լուրջ ընդունել հնարավոր չէ այն հարցերում, որոնք կապված են համահայկական, համազգային հարցերի հետ, իսկ Հայաստանի հետզհետե փոքրացող սահմանները, Արցախի գլխին կախված հնարավոր հայաթափման վտանգը, հայկական ինքնության հենասյուների հանդեպ ունեցած առնվազն անպատշաճ վերաբերմունքը որեւէ կերպ չի կարելի համարել քաղաքական հարց, եւ դրանք արդեն «ազգի հարցերն են», ինչպես նշված է Արամ Ա-ի գրառման մեջ։

Այս՝ ըստ էության համերաշխության արտահայտումը կարելի է համարել իր տեսակի մեջ յուրահատուկ իրավիճակ, երբ Էջմիածինն ու Անթիլիասը նույն գծի մեջ են, ընդ որում՝ ոչ միայն խոսքով, այլ նաեւ, պետք է հուսալ՝ գործով։ Հայաստանի իշխանությունների համար նման իրավիճակի հետ հաշվի նստելը խիստ կարեւոր է։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ առաքելական եկեղեցին եւ հայ ավանդական կուսակցությունները հայկական սփյուռքի ամենակենսունակ կառույցներն են եւ առաջնորդում են սփյուռքը։ Որեւէ մեկը սփյուռքում, ով ազգությամբ հայ է եւ ինչ-որ հաջողություններ ունի, բարեկեցության որոշակի սանդղակի է հասել, ինքնաբերաբար ձգտում է առնվազն մասնակցություն ունենալ համայնական կյանքին, որը գտնվում է եկեղեցու եւ ավանդական կուսակցությունների հովանու ներքո։ Այսինքն՝ սփյուռքյան էլիտաները, եթե պայմանականորեն այդպես անվանենք, ավանդական կուսակցությունների եւ եկեղեցու հետ փոխկապակցված են ու Հայաստանի իշխանությունների համար, անկախ որեւէ հանգամանքից, նույնիսկ՝ սփյուռքահայ էլիտան ներկայացնող առանձին անձանց հանդեպ իրականացվող ռեւերանսներից, չի կարող շրջանցել այս հանգամանքը, որքան էլ որ հանդիսանա բոլոր հայերի պատմական հիշողությամբ հայրենիք ընկալվող Հայաստանի իշխանություն։ Ու որքան շուտ հայաստանյան իշխանություններն այս պարզ ճշմարտությունները հասկանան ու իրենց գործելաոճն ըստ այդմ ձեւակերպեն, այնքան կշահեն։
Հակառակ պարագայում տուժողը լինելու են միայն ու միայն Հայաստանի իշխանությունները։ Սխալ է Խորհրդային Հայաստանի մոդելը պատկերացնելով, հույս ունենալ, թե որեւէ բանի հնարավոր է հասնել առանց համահայկական համազգային ներուժի ներգրավման։ Խորհրդային Հայաստանի հետեւում Խորհրդային Միություն կար կանգնած։ Հայաստանի ներկայիս իշխանությունների թիկունքում թերեւս օրեցօր մաշվող «նիկոլական զոմբիլենդն» է։