Տիրակալություն

Տիրակալություն

Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ինչ բնորոշում ասես կարելի է տալ, բնորոշումների առատությունը նույնիսկ զարմանալի է, եթե նկատի ունենանք այն կարճ ժամանակահատվածը, որում գործել է։ Դա դիլետանտների, ապաշնորհների, ամբարտավանների, տգետների, անձեռնհասների, քանդարարների․․․ իշխանություն է, եւ այս բնորոշումներից յուրաքանչյուրը որոշակի առումով ճիշտ է։ Նույնիսկ տեսակետներ են հնչում՝ ոչ անհիմն, որ դա հակահեղափոխականների իշխանություն է, որովհետեւ միայն հակահեղափոխականները կարող էին այսքան արագ եւ անվերադարձ մսխել ու խեղաթյուրել հեղափոխական արժեքները եւ նպատակները։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ կարեւորելով նորերի կառավարման շրջանն այս կամ այն տեսանկյունից եւ այդկերպ բնորոշելով՝ մենք էական զիջում ենք անում՝ նրանց անվանելով իշխանություն։ Մինչդեռ խնդիրը ոչ թե այդ իշխանության ինչպիսին լինելու, այլ իբրեւ ինքնակա երեւույթի առկայության կամ ոչ առկայության մեջ է։ Իմ նախնական պատկերացմամբ, իսկ հիմա արդեն համոզմամբ՝ չկա Նիկոլ Փաշինյանի իշխանություն, որովհետեւ լինելու  պարագայում մենք պիտի ընդունեինք, որ կան առանձին իշխանական սուբյեկտներ, որոնց ամբողջությունն էլ կձեւավորեր իշխանությունը։ Մինչդեռ  իշխանական սուբյեկտներ՝ որպես այդպիսիք, գոյություն չունեն։ Իշխանական սուբյեկտներ չեն նույնիսկ սուպերնախարար կոչվածները, որովհետեւ նրանց սուբյեկտայնությունն ամեն ակնթարթ  կախված է գերագույն եւ միակ իրական սուբյեկտի՝ Նիկոլ Փաշինյանի կամքից եւ տրամադրությունից։

Ըստ այդմ՝ սուպերնախարարն ամեն վայրկյան կարող է զրկվել իշխանությունից, կամ պատանության տարիքը նոր հաղթահարածը հայտնվել բարձրագույն մի պաշտոնում։ Եթե իշխանություն կազմող դեմքերը չեն դառնում իշխանության սուբյեկտներ, եւ նրանց քաղաքական սուբյեկտայնությունը չի պաշտպանված կամ գոնե ապահովագրված քաղաքական տրամաբանությամբ, եթե պետական կառուցվածքում չի երաշխավորված նրանց ողջամիտ  կայունությունը, ուրեմն նրանք այն փուչիկն են, որ փչվում է իշխանության մեն-միակ կրողի շուրջ՝ ընդհանուր իշխանության պատրանք ստեղծելու նպատակով (քանի որ դա ժամանակակից ժողովրդավարության պահանջ է)։

Մեծ վերապահությամբ պիտի խոսել նաեւ Ն․ Փաշինյանի կառավարության մասին։ Չկա կառավարություն՝ որպես որեւէ քաղաքական նպատակի կամ գաղափարի շուրջ միավորված գաղափարակից մարդկանց ամբողջություն։ Չկա կառքը, որը վարելուն պիտի լծված լիներ համագաղափարակից եւ համանպատակ մարդկանց խումբը։ Նախարարների կազմի երկամյա համեմատական կայունությունը նույնիսկ չի ստեղծում այն տպավորությունը, թե գործ ունենք ինչ-որ ամբողջության հետ։ Գաղափարի եւ գաղափարախոսության, հստակ նպատակների չգոյությունը քաոս ու խառնաշփոթ է ստեղծել կառավարություն կոչված մարմնի գործունեության մեջ, եւ դա գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Ն․ Փաշինյանն ինքը գաղափարազուրկ եւ գաղափարամերժ քաղաքական կերպար է, հետեւաբար մեծ ցանկության դեպքում էլ չէր կարող ստեղծել կառավարություն՝ դասական իմաստով․ նրա ստեղծածը ազգամշակութային տարբեր մտակառուցվածք ու հոգեկերտվածք ունեցող, միասնական նպատակի բացակայության պայմաններում` արդեն իսկ ինքնանպատակ գործող մարդկանց խումբ է, որից մեծ ակնկալություններ պետք չէ ունենալ։

Ի դեպ, Ն․ Փաշինյանն իր առաջնորդած երկրի ապագայի տեսլականին վերաբերող ընդամենը մի հստակ բանաձեւ ունի, որում թերեւս կարելի է ինչ-որ նպատակի կամ նույնիսկ գաղափարի ուրվագծեր նշմարել, բայց այն, ցավոք, խոցելի բանաձեւ է․ «Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»։ Վերանանք «ապրում են» բայի ներկա ժամանակից, որ ինքնին կեղծիք է եւ բանաձեւում հայտնվել է 2018-ի ապրիլից, կեղծիք է նաեւ «երջանիկ Հայաստանը», որովհետեւ չի կարելի երջանկությունը մշտապես վերագրելի դարձնել որեւէ երկրի։ Երջանիկ կարող է լինել մարդը, ընդ որում՝ ոչ ամբողջ կյանքում, այլ սոսկ հազվադեպ։ Եվ երջանկության ամենակարեւոր առանձնահատկությունը հենց այդ հազվադեպությունն է։ Ուրեմն՝ այն հիմնական բանաձեւը, որտեղ պետք է խտանար կամ բյուրեղանար Ն․ Փաշինյանի քաղաքական կրեդոն ու առաքելությունը, ի սկզբանե հիմնված է արհեստական պաթետայնության վրա, հետեւաբար՝ առնվազն անկեղծ չէ։

Ն․ Փաշինյանի ժամանակաշրջանը ճիշտ է անվանել տիրակալություն, որը թեեւ իր ամբողջ իմաստով ու բովանդակությամբ մեզ տանում է դեպի միջնադար, այնուամենայնիվ, երեւույթի ավելի իրատեսական անվանում է։ Ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ մենք ունենք 21-րդ դարի ժողովրդավարության հանդերձներով միջնադարյան տիրակալի (ականջը կանչի մեկ ուրիշ Նիկոլի՝ Մաքիավելու), որին, սակայն, իր «հպատակների» կյանքն այնքան էլ չի հետաքրքրում։ 
Եվ «հպատակների» լուծելիք խնդիրն է, թե ինչպես միջնադարից վերադառնալ 21-րդ դար։