ՍԱՊԾ-ն ոչնչից տեղյակ չէ

ՍԱՊԾ-ն ոչնչից տեղյակ չէ

Անցած շաբաթը փակվեց առողջապահության նախարարության գույժով՝ մահվան եւս 1 դեպք ալկոհոլային թունավորումից։ Սա օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 12-ն արձանագրված 21-րդ մահն է, իսկ մեթանոլից թունավորվածների ընդհանուր թիվն այս պահին 46-ն է։ Կան դեպքեր Արմավիրում, Երեւանում, Կոտայքի մարզում: Քննչական կոմիտեն զուտ «տեխնիկական» տվյալներ է հաղորդում նախաքննության վերաբերյալ՝ թե որ քննչականը քանի գործ է քննում։ Պարզվում է, չկա մեկ ընդհանուր քրեական գործ։ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել-իրացնելու» հոդվածով (ՔՕ 279 հ․) տարբեր գործեր են հարուցվել: 
10 երեւանցիների մահվան եւ երկուսի կուրանալու դեպքերի հանգամանքներով 5 գործ քննում է Շենգավիթի քննչականը, 4-ը՝ Ավան-Նոր Նորքը, մեկը՝ Դավթաշենը: Արմավիրում էլ, ինչպես հայտնի է, կեղծ գինու կամ օղու իրացման մեղադրանքով (ՔՕ 207 հ․) 27 տուժող կա, 10 մահացած եւ մեկ մեղադրյալ՝ Աշոտ Հովսեփյան։ Եվս երեք անձ ձերբակալված է, որոնց անունները չեն հայտնում։ Երեք ձերբակալված կա, մեկ կալանավոր: 

Այսքանով պաշտոնական մասն ավարտվում է, իսկ ոչ պաշտոնապես լուր է պտտվում, թե գլխավոր մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը մանրամասն ցուցմունք է տվել, աջակցելով քննչական մարմիններին ու վերականգնելով արատավոր շղթան, սակայն, հասնելով ինչ-որ հայտնի անձի, իրավապահները կանգ են առել։ Եթե դա իրոք այդպես է, ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ կատարվածի ողջ պատասխանատվությունը դրվելու է թույլ օղակների վրա։ ՔԿ-ն չի մեկնաբանում այս տեղեկությունը։ «Իրականությանը չի համապատասխանում»,- ասում են այստեղից, այլ բան չավելացնելով: Չեն պատասխանում նաեւ հարցերին՝ պիտակավորվա՞ծ է եղել արդյոք օղին, թե՞ ոչ, արդյոք դիտարկվե՞լ է դիվերսիայի վարկածը, Երեւանի եւ Կոտայքի դեպքերը կապ ունե՞ն Արմավիրի թունավորումների հետ, թե՞ ոչ: Հարցերին պատասխանում են. «Նախաքննությունը շարունակվում է» եւ վերջ: 

Արմավիրցի վաճառողի փաս- տաբանն էլ՝ Գոռ Գեւորգյանը, դեմ է արարքի որակմանը: Իր պաշտպանյալի կալանքի դեմ նա վերաքննիչ բողոք է ներկայացրել: «Հրապարակի» հետ զրույցում Գեւորգյանն ասել է, որ իր պաշտպանյալը կեղծ օղի պատրաստելու դիտավորություն չի ունեցել։ «Եթե անգամ ապացուցվի, որ այդ սպիրտն իր մեջ կյանքի համար վտանգավոր նյութեր է պարունակել, ապա նա ընդամենը բարեխիղճ մոլորության մեջ գտնվելով է արարքն արել, կարծելով, որ դա սովորական ցորենի սպիրտ է, խմելու համար պիտանի եւ կանոնավոր մեթոդներով պատրաստված»։

Աշոտ Հովսեփյանը լիցենզիա, օղու արտադրության թույլտվություն չունի։ Տարիներ շարունակ զբաղվել է այդ գործով, ինչպես մեր գյուղացիներից շատերը: Արդյոք հարկային մարմինները ծանոթ չե՞ն եղել արմավիրցի «ցեխավիկի» գործունեությանը։ Փաստաբան Գոռ Գեւորգյանն այս հարցի պատասխանը չունի: «Չգիտեմ՝ զբաղվե՞լ են նրա գործունեությամբ, թե՞ ոչ: Ինձ համար դա էական էլ չէ, ես իրականացնում եմ նրա պաշտպանությունը սույն գործի շրջանակներում եւ ժամանակի սղություն ունեմ, նրա հին գործունեությունն ինձ հետաքրքիր էլ չէ»,- ասաց Գեւորգյանը: 
ՍԱՊԾ-ն, որը ներմուծվող եւ տեղում արտադրվող սննդի, այդ թվում նաեւ ցորենի սպիրտի անվտանգության համար պատասխանատու մարմինն է, հրաժարվում է որեւէ պարզաբանում տալ այն հարցի շուրջ, թե ինչպես պատահեց, որ մարդը, որը տարիներ շարունակ օղի է պատրաստել ու վաճառել, ոչ մի անգամ չի հայտնվել իր ուշադրության կենտրոնում: Նրա գործունեությունից տեղյակ չե՞ք եղել: «Ոչ»,- մեր հարցին պատասխանեց ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանը: Իսկ ինչո՞վ եք դա բացատրում, ինչո՞ւ նա ձեր աշխատակիցների աչքին ոչ մի անգամ չի ընկել, չէ՞ որ նրանք պարբերաբար շրջայցեր են կատարում: «Մենք մարդկանց տներ չենք մտնում,- պատասխանեց Ավետիսյանը,- պետք է իրավաբանական անձ լինի, որ ստուգենք»: 

Սակայն որքան էլ վերահսկող մարմինները պնդեն, թե ոչինչ չեն իմացել Աշոտ Հովսեփյանի գործունեության մասին, դժվար է հավատալ, որ վերջինս այս մարմինների «ղազը» չի եղել: «Ղազ»-ը վերահսկողների մասնագիտական «սլենգով» նշանակում է փող բերող, եկամտի մշտական աղբյուր, անձ, որին համարժեք «լավության» դիմաց թողնում են, որ «շնչի»: 

Նույն մարմինը սպանդանոցների թնջուկի օրերին, չգիտես ինչու, ուսումնասիրություններ էր կազմակերպում մորթ անող, միս վաճառող գյուղացիների տաղավարներում, ձեռքներից միսն առնում էր, հանձնում լաբորատորիաներ, ահռելի վնասներ հասցնելով գյուղացիներին: Նրանք եւս ֆիզիկական անձինք էին, սակայն ՍԱՊԾ-ն սանիտարահիգիենիկ կանոնների խախտումներ էր արձանագրում նրանց մոտ եւ այդ հիմքով գործողություններ կատարում նրանց տներում: Էլ չենք խոսում ներկրվող սպիրտի մասին, որը մաքսակետ է անցել, եւ ենթադրվում է, որ Սննդի անվտանգության ծառայությունն այն պետք է ստուգեր ու պարզեր, թե որքանով է անվտանգ մարդկանց կողմից օգտագործման համար։