Ադրբեջանական հրետակոծության հետևանքով սպանված 10-ամյա Արեգի ծննդյան օրն էր

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով սպանված 10-ամյա Արեգի ծննդյան օրն էր

Արցախցի Արեգը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ցեղասպանական պատերազմի մանկահասակ զոհն էր։ Վերջինս սպանվել էր իրենց տան նկուղում՝ տատիկի հետ հերատակոծության ժամանակ։

Նրա բարեկամը՝ Անժելա Շահանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկնքում բոլորն իրենց հրեշտակն ունեն, բայց իմ հրեշտակը ամենայուրահատուկն է, յուրահատուկ է իր պարզությամբ, անկեղծությամբ, խարտյաշ մազերով, սպիտակ մաշկով ի սկզբանե հենց հրեշտակի կերպարանքով: Իր փոքրամարմին, բայց ներսում մեծ մարդուկ ունեցող Արեգը բոլորից տարբեր է, տարբեր է իր մտածողությամբ, մեծերին առանձնահատուկ ուշադրությամբ, կարեկցելու ունակությամբ ու միշտ ինձ պաշտպանելու յուրատիպությամբ, այսօր ես այդ պաշտպանությունը կրկնակի ուժգնությամբ եմ զգում: Դեռ ոչ ոք իմ վարսերը այնքան զգուշությամբ չի սանրել ինչպես նա, չի նստել կողքիս ու հաճույքով նայել թե ինչպես եմ դիմահարդարվում ու խնդրել, որ թույլ տամ, որ գոնե  շրթներկը նա քսի: Ոչ ոք չի նկատել իմ թիթիզության աստիճանն այնպես, ինչպես նա՝ ով, հագնում էր իմ հագուստի երանգին նման հագուստ, վազելով մտնում սենյակ ու ասում, որ արի լուսանկարվենք նույն գույնի հագուստով ենք:

Չկա մեկը, ով այնքան զգուշությամբ կսաստի ինձ, ինչպես նա իր նմանը չունեցող ժպիտով ասելով թե ինչու եմ ամառային արձակուրդներին այդքան երկար քնում, չէ՞ որ արդեն նա եկել է ինձ հյուր: 44-օրյա պատերազմի ժամանակ մի տան էինք ապրում, մի ափսեից ուտում, հաճախ նաև իր հորդորով երաժշտության տակ էր քնում, որը ես էի երգում, հատուկ իր համար: Տառերն էինք սովորում գրել, բայց ամենից շատը թվերն էր սիրում, թվային բարդ աշխարհն է սիրում, մարդկանց տարիքներն էլ միանգամից չի հարցնում, ծննդյան  տարեթվերով է որոշում: Նրա նման քաղցր ձայնով ինձ ոչ ոք չի կանչում: Լուսանկարվելիս իր նման ոչ մեկը փոքրիկ  «մենամարտ» չի տալիս, որ անպայման իմ կողքին կանգնի կամ գրկի նոր լուսանկարվի, իսկ վերջում էլ քթի տակ խորամանկ ժպիտով իր հաղթանակը տոնի: Արեգը հարազատ մորաքրոջս տղան է: Բոլորը նրան սիրում ու հարգում են մեծի պես, չնայած այն հանգամանքին, որ նա ընդամենը 9 տարեկան է: Այդ տարիքի երեխաներին դժվար է խաղից կտրել ու օրինակ դաս սովորեցնել, բայց նա ինքն է կտրվում  ամեն ինչից ու ոչ միայն դաս սովորում, այլ նաև նոր առաջադրանքներ հորինում իր համար, մասնակցում էր եկեղեցական գրեթե բոլոր տոներին ու հավատում էր Աստծուն: Գերհոգնում էր և հենց դա էր պատճառը, որ առաջինն էր պառկում քնելու, քանի որ առավոտյան շուտ պիտի արթնանա ու նոր երևույթներ բացահայտի իր փոքրիկ էության համար: Նույն սկզբունքով, սեպտեմբերի 18-ին պառկեց քնելու, առավոտյան սովորականի նման արթնացավ, պատրաստվեց, գնաց  դպրոց, սակայան դպրոցից տուն տանող ճանապարհը այս անգամ սովորականի նման չէր, քանի որ սեպտեմբերի 19-ին էլի պատերազմ էր…

Երբ պատերազմը նոր էր սկսվել, մարմնով փոքրիկ, բայց մտածելակերպով բավականին հասուն Արեգը, վազել ու համբուրել է եկեղեցու բակի խաչքարը, խնդրել Աստծուն, որ պատերազմը շուտ ավարտվի: Գիտե՞ք, Արեգիս խնդրանքը կատարվեց, պատերազմը ավարտվեց, բայց միայն նրա համար: Սովորության համաձայն, շուտ պառկեց քնելու նկուղում՝ որտեղ պատսպարվել էին, բայց  արթնացավ իր Աստծու մոտ: Պապիկի անունը կրող Արեգը պապի նման հայրենասեր է, քանի որ  մենք հիմա հայրենիքում ենք , բայց ոչ մեր տանը, իսկ նա ի՛ր հայրենիքում է ու ի՛ր տանը:
Արեգս խորամանկ ու չարաճճի է, սիրում է, երբ կարոտում եմ նրան  երազիս մեջ դեռ մի անգամ է  այցելել ինձ, բայց գիտեմ, որ էլի կգա ախր հանդիպելու շա՜տ առիթներ ունենք: Քանի ամիս է սպասում եմ, որ  մեր սիրելի վաֆլիները միասին ուտենք, գիտի որ ավանդույթ է մեզ մոտ միասին ուտելն ու, որ ամենակարևորն է բարակ շերտերը առանձնացնելով ճաշակելը, այդպես ուտելը մեզ համար ամենահամեղն է: Մարտի 20-ին դու կդառնաս 10 տարեկան, արի ավանդույթից շեղվենք: Ոչ թե ես քեզ նվեր տամ այս ծնունդիդ, այլ դու ինձ, նվիրիր ինձ մի երազ, որտեղ մենք կունենանք ամենայուրահատուկ տարեդարձը իրարից հեռու, բայց և իրար մոտ, իսկ ես խոստանում եմ այս անգամ  չլուսանկարվել, միայն կգրկեմ ու այն կլինի իմ անջնջելի լուսանկարը, որովհետև իմ մտապատկերը ոչ ոք չի կարող ջնջել: Ես քո մասին միշտ եմ ներկայով խոսելու…

Որքան էլ, որ զարմանալի է թվում, բայց ես  Արցախից, որտեղ վերջին շրջանում  ցեղասպանության ուրվականն էր շրջում ինձ հետ Աստծո կամոք կյանք եմ բերել: Կյանք, որի ամեն ակնթարթ պարուրված էր սիրով ու ջերմությամբ: Այդ կյանքը նման է գրքի, որի առաջին հատորը ավարտվել է, իսկ երկրորդ հատորը նոր պիտի ձևավորվի: Այն շատ դժվար է, բարդություններով լի, բայց  ես ունեմ ամնայուրահատուկ հրեշտակը, ով օգնում է, որ ես առաջ շարժվեմ, ով ձեռքս բռնած տանում է կյանքիս գրքի սպասվելիք հատորներների ճանապարհով…
Իմ հրաշք․։