Սամվել Բաբայանն իր մասին հիշեցնե՞լ է տալիս

Սամվել Բաբայանն իր մասին հիշեցնե՞լ է տալիս

Ինչպես հայտնի է՝  Սամվել Բաբայանը դատարանում վիճարկում է Արցախի նախագահի 2020 թվականի ընտրությանն իր մասնակցության իրավունքի հարցը, քանի որ չունի Արցախի նախագահ առաջադրվելու իրավունք: 
Այսօր Բաբայանի գրասենյակը տարածել է հայտարարություն Արցախում Բաբայանի համակիրներից սպասվելիք զանգվածային բողոքի մասին՝ դա պայմանավորելով դատարանում նրա հայցի քննության վերաբերյալ ստացված կուլիսային տեղեկություններով: 

Արցախի մերձիշխանական շրջանակների հաղորդմամբ՝ իրականում Բաբայանը PR քայլ է անում՝ իր մասին նորից հիշացնել տալիս։ Ավելին՝ մեր աղբյուրն ասաց, որ Բաբայանի թիմակիցներն այս ընթացքում ցրվել են տարբեր շտաբերով։

Ստացանք նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի մեկնաբանությունը։ Նա ասաց․«Չեմ ուզում որակավորումներ տալ այս կամ այն քաղաքական գործիչների գնահատականներին։ Միայն մեկ բան ասեմ, որ Արցախում շատ հանգիստ է վիճակը և, առհասարակ, հանրահավաքի իմաստը ո՞րն է, եթե երկու ամսից արդեն կմեկնարկի նախընտրական պայքարը»։
Հիշեցնենք, որ Ացախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի ազգային և պետական շահերը, որի դրսևորումը հրապարակայնացվեց. դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի շուրթերով, երբ վերջինս հայտարարեց, թե Փաշինյանը դեմ չէ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններում Ալիևի հետ լինեն նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:

Դավիթ Բաբայանին հարցրեցինք՝ պաշտոնական Ստեփանակերտն ինչպես է վերաբերում այս կարգի հայտարություններին։
 «Վիտալի Բալասանյանը քաղաքական գործիչ է, նա պետական համակարգի անդամ չէ։ Հիմա ինքն էդպես է մտածում, դա իր կարծիքն է։ Մենք համոզված ենք, որ միասնականությունն ամենակարևոր արժեքն է, որ ունենք։ Եվ բոլորի պարտքն է՝ անել ամեն ինչ այն ամրապնդելու համար։ Չենք ուզում նույնիսկ մտածել կամ հավատալ, որ հնարավոր է մի սցենար, երբ մայր Հայատանը Արցախի կողքը չլինի։ Կամ Արցախադավ ինչ-որ որոշումներ կայացնեն»։