Վիկտոր Պավլովիչը և խարդախները՝ կադաստրից. Անշարժ գույքի շուկայում խարդախներ են գործում 

Վիկտոր Պավլովիչը և խարդախները՝ կադաստրից. Անշարժ գույքի շուկայում խարդախներ են գործում 

Նրանք գործում են առքուվաճառքի պոպուլյար՝ list.am հարթակի միջոցով: Խարդախության սխեման հետեւյալն է. տեղադրվում է հայտարարություն, թե, իբր, Երեւանի կենտրոնում՝ Ամիրյան, Սարյան փողոցներում, երեք սենյականոց, կապիտալ նորոգված բնակարաններ են վաճառվում՝ կասկածելի ցածր գնով՝ 15 հազար եւ 25 հազար դոլարով, այն դեպքում, երբ նման բնակարանների գինը 5-10 անգամ ավելի թանկ է նշված գներից: Տիրոջ հետ կապվելու համար թողնում են WhatApp-ի համար:

Այս համարին նամակ ենք գրում, ու ոմն Վիկտոր Պավլովիչ մեզ sms-հաղորդագրությամբ պատասխանում է, որ ինքը կնոջ եւ երեխաների հետ տեղափոխվել է Ռուսաստան, որ բնակարանները ռեալ են, դրանք ինքը տարիներ առաջ ձեռք է բերել գրավի դիմաց եւ ուզում է արագ վաճառել՝ ձեռքբերման գնով: Ձեռքբերման պայմաններն առաջին հայացքից վստահություն են ներշնչում. «Դուք բնակարանի ամբողջ արժեքն արագ փոխանցման համակարգով՝ «Յունիսթրիմ»-ով կամ «Մանիգրամ»-ով փոխանցում եք Ձեր ազգականների անունով: Հաստատելու համար, որ Դուք իրոք փոխանցումը կատարել եք, ուղարկում եք ստացականի պատճենը կամ լուսանկարը: Գումարը մնում է բանկում»: Հետո Վիկտոր Պավլովիչը գալիս է Երեւան, ցույց է տալիս բնակարանը, ձեւակերպում է դրանք ձեր անունով, ու նոր գումարային փոխանցումը վերաձեւակերպում եք իր անունով: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից ոմանք արդեն գրել են Վիկտոր Պավլովիչի մասին՝ զգուշացնելով մարդկանց, որ խայծը կուլ չտան՝ միամտությունից կամ ագահությունից դրդված, եւ չընկնեն խարդախների ճանկը։ 

Զբաղվե՞լ է արդյոք ոստիկանությունը Վիկտոր Պավլովիչի գործով, կա՞ն տուժածներ սույն խարդախից: Ոստիկանությունից մեզ պատասխանեցին. «Ո՛չ հաղորդում, ո՛չ ահազանգ այս պահին չկա»: 

Բայց թե ինչպես է յուրացվելու գումարը, եւ որոնք են խարդախների հետագա քայլերը, այն բանից հետո, երբ որեւէ միամիտ ընկնի նրանց թակարդը, պարզաբանում է փաստաբան Հակոբ Ճարոյանը: «Եթե դու «Յունիսթրիմ»-ով փոխանցում ես գումարը քո ազգականին, ապա ստացականի մեջ, որը քեզ տալիս են, ու որի լուսանկարը դու ուղարկում ես այդ խարդախին, երեւում են քո ազգականի տվյալները: Պատկերացրեք, որ բանկի հետ պայմանավորվածություն կա, որ եթե իրենց մոտենա էսինչ տվյալներով անձ, իրենք գումարը հանեն ու տան: Մնացածը տեխնիկայի հարց է: Կեղծ անձնագիր կամ ID քարտ է պատրաստվում, գումարը հանվում է, եւ դու ո՛չ քո գումարն ես տեսնում, ո՛չ բնակարանը, ո՛չ էլ այդ հայտարարությունը»: 

Փաստաբանն իր պրակտիկայից մի դեպք ներկայացրեց: «Երեւանի վարչական շրջաններից մեկի կադաստրի պետն իր աշխատողներին ասել է, որ իր բարեկամը դրսում է, տուն է վաճառում, նրա քրոջ տղան է գալու դուք առքուվաճառքի գործարքը ձեւակերպեք, ես հետո թղթերը կբերեմ: Աշխատողը նայել-տեսել է՝ փաստաթղթերով ճիշտ է, տվյալ բնակարանը պատկանում է այսինչ անձին: Գնորդին ասել է, որ, իրոք, տվյալները ճիշտ են: Գործարքը կատարվել է «քրոջ տղա» ներկայացած անձի հետ, սակայն հետո պարզվել է, որ բնակարանի տերը տեղյակ էլ չէ, որ իր տունը ծախել են»: Այս գործով մեղադրանք է առաջադրված մի քանի անձանց, եւ այժմ զբաղվում են իրավապահները: 

Էլեկտրոնային հայտարարությունների ամենամեծ հարթակի՝ list.am կայքի պատասխանատուների հետ մեզ առայժմ չհաջողվեց խոսել, սակայն մենք գտանք նրանց նախազգուշական գրությունը՝ օգտատերերին ուղղված: «Ցավոք սրտի, ինտերնետում գործում են բազմաթիվ խաբեբաներ, որոնք ապօրինի ճանապարհով փորձում են շորթել օգտատերերի գումարները... Գործարքի պայմանն է` կանխավճարի փոխանցումը: Արդյունքում գնորդը չի ստանում ապրանքը եւ նաեւ այլեւս չի կարող չեղյալ համարել գումարի փոխանցումը: Զգուշություն ցուցաբերե՛ք, եթե ապրանքի արժեքը կասկածելիորեն ցածր է, իսկ ապրանքը գտնվում է արտասահմանում...»: 

Անշարժ գույքի գործակալները սովորաբար անձամբ են ստուգում վաճառքի հանված գույքը: «Այսպես ավելի ապահով է»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց անշարժ գույքի «Ակցերն» գործակալության աշխատակիցը: Այս հոլդինգին հարց ուղղեցինք, թե ինչպես են ապահովագրված իրենց կայքում տեղադրված հայտարարությունները: «Մեզ մոտ դրսից հայտարարություն տեղադրել հնարավոր չէ: Եթե դուք ուզում եք գույք վաճառել, մեր մասնագետը գալիս է, բնակարանը տեսնում է, որից հետո պայմանագիրը կնքվում է, եւ նոր մենք գրանցում ենք ու տեղադրում ենք մեր կայքում»,- ասաց գործակալության ներկայացուցիչը: