Չլսել, չկարդալ

Չլսել, չկարդալ

Այո, մենք հասել ենք ժողովրդավարության, ինքնիշխանության ամենաբարձր մակարդակին, հզոր, զարգացած պետություն ունենալու ճանապարհին ենք: Մեզանում ընտրություններում հաղթած մարդկանց չեն բանտարկում, իմպիչմենտ չեն անում, կառավարությունում էլ բացառապես գրագետ, իմաստուն, գործունյա եւ հայրենասեր մարդիկ են աշխատում: Երկիրը զարգանում է, ծաղկում, լենինյան ուղիով գնում է դեպի պայծառ ապագա: Ինչ-որ մանր-մունր խնդիրներ ու դժվարություններ կան, բայց մեր հարազատ իշխանությունն ու կառավարող քաղաքական ուժը դրանք էլ շուտով կլուծեն, եւ ոչինչ չի խանգարի մեր երջանիկ ու բարեկեցիկ կյանքին: Սա է, չէ՞, Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների ասածն ու ներշնչածը: Եվ անգամ ամենաակնհայտ ապօրինություններն ու ձախողումները նրանք փորձում են որպես հաղթանակ ներկայացնել: Արցախը դատարկելուց, արցախցիներին տնավեր անելուց, հայաթափման օրերին ոչինչ չանելուց հետո, երբ անգամ Արցախի ղեկավարներին տեր չկանգնեցին, թողեցին, որ թշնամին անպաշտպան մարդկանց հոշոտի, կարող են կանգնել եւ ասել` ով որ ասում է, թե «Ղարաբաղին մենակ ենք թողել եւ այլն, կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն»:

Անկախ ու ծաղկող Արցախ պահած մարդկանց կարելի է մեղադրել ու խարազանել. «Որոշ ուժերի կողմից երկար տարիներ ԼՂ հարցն օգտագործվել է մի նպատակի համար, որ ՀՀ-ում պետություն չկայանա»: Պետության կայացումը երեւի մեզ մորթող թուրքի հետ բարեկամությունն է: Կարող են Ալավերդում ոստիկանության միջոցով իշխանազավթում անել ու ասել` սա ժողովրդավարության հաղթանակ է: Կարող են անմեղ մարդկանց բանտերը լցնել` խոսքի համար դատել, եւ հայտարարել. «Այսօր Հայաստանում քաղաքական գործիչները պադյեզդներում չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծվում»: