Բաքուն շարունակում է սպառնալ և մեղադրել Հայաստանին․ նոր զարգացումներ

Բաքուն շարունակում է սպառնալ և մեղադրել Հայաստանին․ նոր զարգացումներ

ՀՀ-ից Արցախ ուղարկված և դեռևս Կոռնիձորի մատույցներում անորոշ ժամանակով արգելափակված ավտոշարասյան հետ կապված միջադեպը շարունակում է նոր զարգացումներ ստանալ։ ՀՀ-Արցախ-Բաքու եռանկյունու նոր խնդրի կարգավորման գործին ակտիվորեն միացել է եվրոպական համայնքը։ Ստորև փորձել ենք ամփոփել նախընթաց զարգացումները։

Տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից Արցախին հումանիտար բեռներ տրամադրելու որոշմանը, նշվել է, թե Հայաստանը պետական ու վարչապետի մակարդակով խրախուսում է «սադրիչ գործողություններին»։

Նույն հայտարարության մեջ ասվում է նաև, որ «հայկական կողմը Ադրբեջանին այսպես կոչված «ցեղասպանական գործողությունների» մեջ մեղադրելու փոխարեն պետք է ներողություն խնդրի Հայաստանի տարածքից ադրբեջանցիների բռնի տեղահանման, հայրենի հողից վտարման ժամանակ մարդկանց զանգվածային սպանդի, էթնիկ զտումների քաղաքականության և մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար»։
«Եթե հայկական կողմն իսկապես աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա չպետք է առարկի Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ-խմբ․) ճանապարհով ապրանքների տեղափոխմանը և չպետք է միջամտի վերաինտեգրման գործընթացին»։

Այս մասին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի համար ճեպազրույցում այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։ Նշելով այս համատեքստում միջազգային հանրության պատասխանատվության կարևորությունը՝ փոխնախարարը հայկական կողմին մեղադրել է մանիպուլյացիայի և ապատեղեկատվություն տարածելու մեջ։

«Նման հայտարարություններ անելուց առաջ՝ պետք է մտածել, թե ինչի են ծառայում այդ հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ներառյալ՝ ոչ ճիշտ տերմինաբանությունը հակասող քայլերի կարևորության մասին»,-նշել է պաշտոնյան։

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը բուռն էր արձագանքել Արցախում հումանիտար ճգնաժամի առկայության և Լաչինի միջանցքի անհապաղ բացման մասին ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը։

Պաշտոնյան նաև պատասխանել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի քննադատությանը՝ նշելով․

«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բառերի հետ խաղալու փոխարեն պետք է վերջ դնի մանիպուլյացիաներին, ապատեղեկատվությանը և Լաչինի ճանապարհի հարցում միջազգային հանրությանը մոլորեցնելու քարոզչական արշավին։ Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհը բաց է բոլոր տեսակի երթևեկության համար»։

Ի դեպ, Բորելի հայտարարությանը միացել էր նաև Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, ինչի կապակցությամբ Բաքվում մեծ աղմուկ էին հանել։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարությունը տարածել ու իրենց համերաշխությունն էին հայտնել նաև ՀՀ-ում Չեխիայի դեսպանն ու մեր երկրում ու Վրաստանում Դանիայի դիվանագիտական կորպուսի ղեկավարը։

Բացի այդ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն տարածեց և դատապարտեց Ադրբեջանի գործողությունները՝ հիշեցնելով, որ Բաքուն պարտավոր է կատարել իր պայմանավորվածությունները և անհապաղ բացել Լաչինի միջանցքը։

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը շուրջօրյա ռեժիմով կմնա Սյունիքի`Կոռնիձորի սահմանային հատվածում այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որևէ կերպ չի լուծվել: Այդ մասին էլ հայտարարել է ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

Ռիտերը նշել է, որ հումանիտար օգնությամբ լի 19 բեռնատարները երեկվանից Կոռնիձորի սահմանային հատվածում են, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը` նույնպես:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։