Ի՜նչ ժողովրդավարություն, ֆլան-ֆստան...

Ի՜նչ ժողովրդավարություն, ֆլան-ֆստան...

Նախկին իշխանությունները տարիներ շարունակ քննադատվել են ժողովրդավարության թերությունների համար: Քննադատվել են այն բանի համար, որ իրական ժողովրդավարություն հաստատելու փոխարեն զբաղված են եղել դրա իմիտացիայով: Եվ 2018-ի ապրիլյան իրադարձությունների շնորհիվ վարչապետ դարձած Փաշինյան Նիկոլն էլ հայտարարում էր, որ իր իշխանության գալով Հայաստանում հաստատվում է իրական ժողովրդավարություն: Իհարկե, երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի քիչ թե շատ գրագետ քաղաքացիները հասկանան, որ երկրում տեղի է ունենում միանձնյա իշխանության հաստատման գործընթաց: Հետո տեղի ունեցավ «գերագույն գլխավոր» կոչվածի հրամանատարությամբ պատերազմի խայտառակ ավարտը՝ վերջինիս միանձնյա ստորագրությամբ: Դա նշանավորում էր նշված գործընթացի ավարտը և ժողովրդավարությանն անհարիր ռեժիմի հաստատումը Հայաստանում: 

Ինչպես ասվեց, նախկինների գործունեության առաջնային հատկանիշը իմիտացիան էր՝ երբ հայտարարվում էր մի բան, ու կարծես թե այդ ուղղությամբ էլ աշխատանք էր տարվում, սակայն որոշ ժամանակ անց՝ եթե ոչ անմիջապես, պարզվում էր, որ դա այն չէր, ինչ ենթադրվում էր հայտարարության բովանդակությամբ: Կամ էլ պարզվում էր, որ արվածը կամ այն, ինչ արվում էր, կիսատ-պռատ էր: Դա, իհարկե, լավ չէր, սակայն քաղաքականապես ակտիվ մարդիկ գիտակցում էին, որ իշխանության բնույթն է այդպիսին և այն դանդաղորեն պետք էր բերել շողուլի: Ու տարիների աշխատանքի շնորհիվ դանդաղ այս կամ այն ոլորտը ստանում էր որոշակիորեն քաղաքակիրթ տեսք: Այսօր, կամ ավելի ճիշտ, վերջին 3 տարվա ընթացքում իշխանության վերին օղակից հայտարարվում է, որ այդ ամենին վերջ է տրված: Եվ քաղաքականապես ակտիվ մարդիկ այլևս անելիք չունեն այդ հարցում:

Խոսքը վերաբերում էր նաև ընտրությունների գործընթացին: Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունում հաղթանակ տանելուց հետո վարչապետի այսօրվա ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ այն օրինական էր և ամբողջությամբ համապատասխանում էր ժողովրդավարության սկզբունքներին: Հակառակ դրան՝ ընտրությանը մասնակից 4 քաղաքական ուժ դիմեց Սահմանադրական դատարան՝ բոքոքարկելով ընտրության արդյունքները: Դատաքննությունն արդեն սկսվել է, և դրա ընթացքը վկայում է, որ վարչապետի ԺՊ-ի հայտարարությունն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Իհարկե, դա պարզ էր նաև մինչ տեղի ունեցող քննությունը, սակայն խախտումների համակարգված ներկայացումը ՍԴ-ում ավելի քան ցուցադրական էր: Դրան է նպաստում նաև ՍԴ դատավորների և դատաքննության այլ մասնակիցների հարցերը և բողոքարկողների ներկայացուցիչների պատասխանները: 

Ասվածի համատեքստում հետաքրքիր էր դատավարության երկրորդ օրվա հարց հարց ու պատասխանի բովանդակությունը: Նախկիններից «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ՍԴ-ում հիմնավորում էր ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված՝ ժողովրդավարության սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը: Որպես օրինակ կարելի է ներկայացնել ՀՀ Ազգային ժողովում իշխանության ներկայացվածության սահմանափակման սահմանադրական նորմը՝ ԱԺ կազմի երեք հինգերորդ:  

Երևութապես չեզոք, ինչը և նրանցից պահանջվում է, դատավորներից հետո հարցադրումներով հանդես եկան նաև նիկոլական ժողովրդավարության ներկայացուցիչները: Ինչպես և սպասելի էր, նրանց հետաքրքրում էր ոչ թե այդ նորմի պահպանման խնդիրները, այլ բանախոսին սխալ հանելու հնարավորությունը: Բավական երկար տևած այդ գործընթացը բավական էր, որպեսզի նույնիսկ նիկոլամետ «պողոսները» հասկանային, թե ինչն ինչոց է՝ եթե, իհարկե, այնքան գրագետ լինեին, որ հետաքրքրվեին ու դիտեին ընթացքը: Սակայն դատաքննության հեռուստատեսային հեռարձակման ուղիղ եթերին զուգահեռ գրվող մեկնաբանություններից պարզ երևում էր, որ այդ խավի ներկայացուցիչներին նման ոչ կարևոր հարցերը չեն հետաքրքրում: Կարևորը Նիկոլի հաղթանակն է, իսկ մնացածը՝ ժողովրդավարություն, արդարադատություն, ֆլան-ֆստան, էական չէ: