Փաշինյանը վիզաների ազատականացման լավատեսական ժամկետ ավետեց

Փաշինյանը վիզաների ազատականացման լավատեսական ժամկետ ավետեց

Փարիզից վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարի լուր ավետեց մի հարցի մասին, որը հայաստանցիներիս, թերեւս, ամենաշատն է  հետաքրքրում՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը։ Ասաց, որ կառավարությունը հույս ունի այս տարի ԵՄ-ի հետ սկսել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները։ Նաեւ ասաց, թե 2016 թվականի համեմատ 2018-2019 թվականներին արտագաղթի միտումները նվազել են մոտավորապես 90 տոկոսով: Համոզված են՝ մինչեւ վիզաների ազատականացման թեմայով գանք լուծումների, մեզ մոտ արտագաղթի տեմպերը կնվազեն 100 տոկոսով, եւ կունենանք ներգաղթ: Եթե հասկանանք, որ «այս տարին» 2019 թվականն է, ապա դրա ավարտին մնացել է 1․5 ամիս։

Սա, թերեւս, կարող է լինել բացարձակ սին հույս մի քանի պատճառներով, որոնց մասին վարչապետ Փաշինյանը հազիվ թե չիմանար։ Մասնավորապես, որպեսզի Եվրոպական միությունը Հայաստանի հետ սկսի վիզաների ազատականացման երկխոսության գործընթաց, հարկավոր է, որ բոլոր 28 (Մեծ Բրիտանիան դեռ դուրս չի եկել) անդամ երկրները տան իրենց համաձայնությունը։ Ըստ ԵՄ-ում գործող ընթացակարգերի՝ Բրյուսելում գտնվող Եվրոպական հանձնաժողովը պետք է ԵՄ անդամ պետություններին նամակներ ուղարկի՝ ծանուցի, որ ԵՄ-ն Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն է ուզում սկսել, տվեք ձեր նախնական համաձայնությունը, որը ստանալուց հետո միայն Բրյուսելը կարող է պաշտոնապես հայտարարել, որ մեկնարկը կարող է տրվել։ Եվ հավանականությունը, որ այս 1․5 ամսվա ընթացքում կարող են 28 երկրներից նման համաձայնություններ տրվել, չնչին է։

Ավելին՝ անհասկանալի վիճակ է հենց Եվրոպական հանձնաժողովում․ մայիսին Եվրոպական խորհրդարանի ընտրությունների ու կառավարության ձեւավորման արդյունքում Եվրոպական հանձնաժողովում հները դեռ չեն գնացել, նորերն էլ չեն եկել։ Եվ բազում-բազում ներքին պրոբլեմներ ունեցող ԵՄ-ի համար հիմա не до этого: Առավել եւս՝ հանուն Հայաստանի նման գերարագացված գործընթացներ ծավալելու ու համաձայնություններ ստանալու հարցում։ Առավել եւս, որ Եվրոպական խորհրդարանի նոր կառավարությունն իր մանդատը լավագույն դեպքում կստանձնի դեկտեմբերի 1-ին։ Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ համաձայնությունը չեն հասցնելու տալ ո՛չ ազգային կառավարությունները, ո՛չ էլ Բրյուսելում գտնվող Եվրոպական միության հանձնաժողովն է դրանով զբաղվելու։

Նաեւ կարող ենք հստակ արձանագրել, որ նախկինների օրոք ԵՄ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ մեկ անգամ չէ, որ ազատականացման բանակցությունների կոնկրետ ու հստակ տարեթիվ են նշել՝ 2020 թվական։ Հիմա եվրոպացիներից ոչ ոք տարեթիվ չի ասում։
Մյուս կողմից՝ մենք հիշում ենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վերջերս արած հայտարարությունը, որ վիզաների ազատականացման մասին խոսք կարող է լինել այն դեպքում, երբ Հայաստանի ու ԵՄ երկրների քաղաքացիների կյանքի որակը համադրելի լինի։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պողոսյանը եւս լավատես է, քանի որ ինքն էլ, քաջ ծանոթ լինելով ԵՄ ընթացակարգերին, ասաց, որ այդ ժամանակահատվածում կարող են լինել գոնե այն երկրների քաղաքական խոստումները, որոնք տարբեր ժամանակներում, բայց  մինչ այժմ խնդիրներ են առաջացրել՝ Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան։ «Չգիտեմ՝ միգուցե տարբեր ժամանակներում նրանց հետ այդ հարցերը բանակցվել են, խնդիրներն էլ՝ հարթվել, բայց պետք է մի բան հասկանալ։ Այն է՝ որպեսզի այս պրոցեսը սկսվի, պետք է, որ The European Council-ը քաղաքական  որոշում կայացնի, որ իրենք հանձնարարում են Եվրոպական հանձնաժողովին՝ նախաձեռնել Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթաց։ Եվ The European Council-ն իրենից ներկայացնում է 28 երկրների ղեկավարների ժողովը։ Այնտեղ են Մակրոնը, կանցլեր Մերկելը, բոլոր երկրների կոնկրետ ղեկավարները»։ Հարցին, թե, այնուամենայնիվ, իրատեսակա՞ն է Փաշինյանի նշած ժամկետը, Թեւան Պողոսյանը նկատեց․ «Սա պետք է այնպես հասկանալ, որ սա ավելի շատ հարցի պատասխան էր, որը երեւի նախնական քննարկումների մեջ, նույն նախագահ Մակրոնը երեւի խոստացել է, որ Ֆրանսիան իր նախկին «ոչ»-երը կհանի եւ կասի «այո»։ Գաղափարը ես ավելի շատ այդպես եմ հասկանում»։

Իհարկե, Թեւան Պողոսյանն էլ նշեց Եվրոպական հանձնաժողովի նոր կազմի մանդատը ստանձնելու ու դրան առնչվող պրոցեսները։ Կանխատեսեց, որ հանձնաժողովը կձեւավորվի փետրվարի վերջերին, ու դրանից հետո Ֆրանսիան այլեւս չի բարձրաձայնի իր խնդիրների մասին, համաձայնություն կտա եւ հենց European Council-ի առաջին նիստի ժամանակ էլ այդ հարցը կներկայացնի։ Քաղաքագետն ասում է, որ եթե Գերմանիան ու Ֆրանսիան դեմ չլինեն, ապա մյուսները կողմ կլինեն, եւ քաղաքական որոշումը կքննարկվի։
Սրանից հետո՝ 2-4 տարի, տեխնիկական բարեփոխումների գործընթաց, հետո նորից՝ քաղաքական որոշում European Council-ի կողմից։