Խառնաշփոթ Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում

Խառնաշփոթ Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում

Այսօր Գյումրու թիվ 37 ավագ դպորցի տնօրեն Աստիկ Ավետիսյանը ազատման դիմում է ներկայացրել, ինչը հարուցել էր աշակերտների և ծնողների զայրույթը, քանի որ վերջիններս չէին ցանկանում տնօրենի հեռանալը։ Աշակերտների հետ զրույցում պարզեցինք, չնայած առաջադրված մեղադրանքին, իրենք բավականաչափ հարգում են տնօրենին և չեն ուզում հավատալ, որ տնօրենը նշված քայլին գնացել է միտումնավոր։ 

Նույն կարծիքին էին նաև ծնողներից ոմանք, որոնք պնդում էին, որ տնօրենի հեռանալը ի վնաս է դպրոցին։

Նշենք, որ այսօր աշակերտները բոյկոտել էին դասապրոցը, ինչի համար «Հրապարակ»-ը դիմեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանին՝ հասկանալու, թե համապատասխան բաժինն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում, թե ինչո՞ւ է տնօրենը անակնկալ ազատման դիմում ներկայացրել։

Մեր վերջին հարցին վարչության պետը հրաժարվեց պատասխանել, ասաց, որ այդ հարցը ճշտենք հենց տնօրենից, իսկ աշակերտների բոյկոտի հետ կապված Կարապետյանը հավաստիացրեց, որ իրենք միջամտել են և մինչև դասերի ավարտը հանդարտեցրել են աշխակերտներին, ամեն բան կարգին է և չի կրկնվի։ Ավելացնենք,որ դպրոցի տնօրենին մեզ չհաջողվեց հանդիպել,հեռախոսազանգերին նույնպես չպատասխանեց:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության :փաստերի առթիվ:Գյումրի քաղաքի մի բնակիչ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ, աշխատելով «Գյումրու թիվ 37 դպրոց» ՊՈԱԿ-ում որպես համակարգչային օպերատոր, 2018թ. հունվարից մարտ ամիսներին, իր հաստիքը չկրճատելու և աշխատանքից չհեռացնելու դիմաց, դպրոցի տնօրենին, վերջինիս պահանջով, տվել է իր ամսական աշխատավարձի կեսը։ Իսկ 2017թ. նոյեմբերից 2018թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, նույն նպատակով և կրկին տնօրենի պահանջով, նրան է տվել որպես փոխարինող իրեն հատկացված, սակայն չպարապած, ինֆորմատիկայի դասաժամերի համար հասանելիք գումարները, ինչպես նաև իր հիմնական աշխատավարձի մի մասը և 2017-2018թթ ուսումնական տարվա ինֆորմատիկա առարկայի համար հասանելիք արձակուրդային վճարը։

Հաղորդման առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ որպես կաշառք գումարը դպրոցի տնօրենին է փոխանցվել դպրոցի գործավարուհու միջոցով։ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների որոշումներով երկու դեպքի առթիվ էլ հարուցվել են քրեական գործեր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծելու ենթադրյալ հանցավոր արարքների փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:Աստղիկ Ավետիսյանը Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենի պաշտոնում վերընտրվել էր  2018 թվականի հոկտեմբերի 5-ին: