Սկսեք «կրակը» և բոլորը կշտապեն երկիրը, պետականությունը փրկելու

Սկսեք «կրակը» և բոլորը կշտապեն երկիրը, պետականությունը փրկելու

Կրակը ո՞նց են անում։ Կայծ պիտի գցել չէ՞։ Լուցկի թափ տալով ու հեռանալով չի։ Պիտի կանգնես ու նայես, թե կայծը ոնց է կպնում։ Եթե տեսնում ես, որ փայտը թաց է, չի կպնում, չպիտի հիասթափվես ու հեռանաս։  Այլ միջոցներ էլ կան՝ թաց փայտով սառած տունդ փրկելու համար։ 

Նույն բանը հանրահավաքն է։ Եթե սկսում ու թողնում, հեռանում ես՝ թաց փայտը չի վառվում։ Պիտի կանգնել այնքան ՝ մինչև կրակը վառվի։ Այստեղ կարևորը կրակ անելու հաստատակամությունն է։ Եթե կրակ անողը հիասթափվեց փայտի անորակությունից ու ձեռքը թափ տալով հեռացավ, բան դուրս չի գա։ Իշխանությունը այն ջուրն է, որ ստեղծվել է կրակ հանգցնելու համար։ Հրշեջ մեքենաները կանգնեցրած, որտեղ կայծ է տեսնում,  «վրա է տալիս»։ 

Վանեցյանի Ազատության հրապարակ դուրս գալուց հետո, Նիկոլ Փաշինյանը էլ ինչ սև տեխնիկա ասես չի օգտագործում, որ կայծը կրակ չդառնա։ Չթվարկեմ։ Ամենակեղտոտ ու արդյունավետ  տեխնիկան մարդկանց հիասթափեցնելն ու նրան վարկաբեկելն է։ Բա տեսեք, տեսեք՝ ոչ մեկի պետքը չի, որ երկիրը ձեռքից գնում է։ Տարածում են, թե իբր ժողովուրդը համաձայն է, որ թուրքի լծի տակ ապրի, դրա համար էլ  հրապարակ չի գնում։ 

Ինքներդ տեսնում եք, թե ֆեյքային ինչ գրոհ է սկսվել Վանեցյանի դեմ։ Հիմա կարևորը Վանեցյանի կրակ անելու հաստատակամությունն է։ Նիկոլ Փաշինյանին այլևս ոչ մեկը չի պաշտպանում։ Նրա կողքին են միայն նրանք, ովքեր մի կողմ են դրել իրենց մարդկային ու ազգային արժանապատվությունը և փողով կամ կաշառքի տարբեր ձևերով աշխատում են նրա համար։ Բոլորս էլ տեսնում ենք, փոքր Հանրապետություն է, թե ով ոնց է հարստանում կամ ինչով է գոյատևում։ Ասեմ, որ աղքատ խավը, որ գոյություն է պահպանում «ծառայություններ անելով», լավ էլ պատմում է։  Կա նաև մի մեծ զանգված, ովքեր աշխատանքը և շատ այլ բաներ կորցնելու վախից պապանձվել են, սպասում են, որ Նիկոլի երերման դիրքերը խորանան։ Նիկոլը Հայաստանի ժողովրդին պառակտել է ու նրան թվում է, թե ժողովուրդը բյուրեղապակու բաժակ է, փշրվել է և այլևս չի միանալու։

Միասնության մի պարզ շաղախ կա։ Հայրենիքի, հողի, ծնողի, զավակի նկատմամբ սիրո կրակը։ Դա պառակտված հանրությանը միավորելու ցեմենտբետոնե շաղախ է։ Ասեմ, որ այդ շաղախը կա։ Հայ ժողովրդի նման իր զինվորին, բանակը, հայրենիքը սիրող ժողովուրդ չկա։ Հայի նման անձնուրաց,«երեխու բերանից հացը կտրող, բանակին տվող» ազգ չկա։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի այդ վեհ արժեքների վրա է գրոհել, որ կարողանա նրան թշնամու առաջ ծնկի բերել։ Համոզված ասում եմ, որ հայ ժողովուրդը պատրաստ է իշխանափոխության՝ հանուն իր երկրի փրկության։ Եթե հրապարակում շատ մարդ չկա, պատճառն այն է, որ մարդիկ կոնկրետ գործի են սպասում, կոնկրետ օրվա, կոնկրետ քայլի։ Հայը միասնական է, երբ խոսքը վերաբերվում է իր հող ու ջրին։ Վստահաբար եմ ասում՝ փայտը չոր է, սկսեք «կրակը» և բոլորը կշտապեն երկիրը, պետականությունը փրկելու։ Օնյայն, ֆեյքային կռիվներին, հայհոյանքներին, Նիկոլին «պաշտպանողներին» մի հավատացեք, դրանք պղպջակներ են, գոյություն են քարշ տալիս․․․