Դադիվանքն արդեն մեկ տարի փակ է հայ ուխտավորների առաջ

Դադիվանքն արդեն մեկ տարի փակ է հայ ուխտավորների առաջ

Անցած տարվա մայիսից հայ ուխտավորներն այլեւս չեն կարողանում մտնել Դադիվանք։ Մինչ այդ նրանք խմբերով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, այցելում էին Դադիվանք, բայց հետզհետե ադրբեջանցիները դժվարացրին հայ ուխտավորների մուտքը սրբավայր։ Թեպետ ավելի ուշ՝ Մոսկվայում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդիպել էր Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ ու բարձրացրել հայ հոգեւորականների ու հավատացյալների այցերը Դադիվանք վերսկսելու հարցը, բայցեւայնպես, ուխտագնացությունների վերականգնման շուրջ եռակողմ բանակցությունները կարծես արդյունք չտվեցին, եւ արդեն մեկ տարի է՝ հայ ուխտավորները չեն կարողանում այցելել Դադիվանք։  

Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ով մինչեւ 2020 թվականի վերջը եղել է Դադիվանքի վանահայրը եւ Քարվաճառի հոգեւոր հովիվը, մեզ հետ զրույցում նշեց, որ ուխտագնացությունները չեն վերականգնվել, միայն զատկական տոնի կապակցությամբ՝ ապրիլի 17-ին, խոստացել են 70 հոգու թույլատրել մասնակցել Դադիվանքում տեղի ունեցող պատարագին, բայց ընդամենը 28 հոգու են ներս թողել, որ մտնեն-մասնակցեն․ «Այլեւս նման դեպք չի եղել՝ անցած տարվա մայիսի 3-ից մինչ օրս, միայն զատկական տոնի այդ դեպքն էր»։

Ինչ վերաբերում է Դադիվանքում հոգեւոր ծառայություն իրականացնող հոգեւորականներին, Տեր Հովհաննեսը նախ խնդրեց՝ կոնկրետ չնշել, թե հիմա քանի հոգեւորական կա Դադիվանքում, որովհետեւ թշնամին ամեն ինչ ֆիքսում է։ Միայն հավելեց, որ 6-8 ամիսը մեկ հերթափոխում են հոգեւորականներին․ «Ամեն ինչ նորմալ է, մնացածը՝ ռուս խաղաղապահների հետ, մնում են, սնվում են, գիշեր-ցերեկ աղոթում են մեր հայ ժողովրդի համար, որպեսզի մեր ժողովուրդը հավատքի, դարձի գա, ոչ թե այսպես ցրված մնա․․․»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ այս մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմն այցելություններ, ուխտագնացություններ կազմակերպե՞լ է Դադիվանք։ «Նախ՝ ադրբեջանցիները թող իրենց մզկիթները գնան, ի՞նչ գործ ունեն պատմական Դադիվանքի հետ, 2-րդ՝ մի երկու անգամ ուդիներ եկել են, հեռու կանգնել աղոթել են եւ մտել են փոքր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին ու գնացել։ Դա ընդամենը շոու է, որովհետեւ իրենք էլ գիտեն, որ դա իրենցը չէ, ու ազերիներն են դա պարտադրում իրենց, թե չէ իրենք չեն կարող այդպես գալ։ Դա շոու է, եւ ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ պատմությունն աղավաղում են»։

Թե հիմա որ վանքում է հոգեւոր ծառայություն իրականացնում, Տեր Հովհաննեսը չմանրամասնեց, քանի որ թշնամին անընդհատ հետապնդում է իրեն։ Ավելին՝ Ադրբեջանում նաեւ քրեական գործ է հարուցված իր նկատմամբ՝ կապված մի լուսանկարի հետ, որտեղ ինքը զենքը ձեռքին է լուսանկարված։ Արդյո՞ք նշյալ հետապնդումներն այդ հանգամանքով են պայմանավորված։ «Ես թքած ունեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հետապնդումների վրա, ես իմ ծառայությունն եմ մատուցում իմ ժողովրդին»։