Հայաստանն ախոռ չէ, բայց բանանային պետության վերածվելու բոլոր շանսերն ունի

Հայաստանն ախոռ չէ, բայց բանանային պետության վերածվելու բոլոր շանսերն ունի

Ժամանակին Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը բավական հետաքրքիր միտք էր արտահայտել՝ ինքն արդյոք երրորդ հանրապետության չորրո՞րդ նախագահն է, թե՞ չորրորդ հանրապետության առաջին նախագահը։ Ինչ-որ իմաստով Արմեն Սարգսյանի այս խոսքերը քաղաքական մարգարեություն դարձան, քանի որ, ըստ էության, հիմա Հայաստանն ապրում է բոլորովին այլ իրականության մեջ, քան մինչեւ 2020 թ․ սեպտեմբերի 27-ն էր, եթե չասենք՝ մինչեւ 2018-ի ապրիլ-մայիս ամիսները։ Ու հիմա, երբ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերն են ասպարեզ բերվել, նույն հռետորական հարցը կարելի է բարձրացնել՝ այսօր հանրապետության գործող նախագահն իրեն համարում է երրորդ հանրապետության հինգերո՞րդ նախագահը, թե՞ հինգերորդ հանրապետության առաջին նախագահը։ Ընթերցողին երեւի այս հարցադրումը զարմանալի թվա, որովհետեւ այս հարցին կհետեւի մեկ այլ բնական հարց՝ իսկ ե՞րբ ավարտվեց չորրորդ հանրապետությունը, կամ ինչո՞ւ է, առհասարակ, նման բաժանում արվում։ Բաժանումը, իհարկե, պայմանական է եւ կապված է ավելի շատ հանրապետությունում իշխող գաղափարական-արժեքային մթնոլորտի եւ դրա փոփոխության հետ։ 

Իրականում, չորրորդ հանրապետությունը դեռեւս չի ավարտվել, սակայն գտնվում է հոգեվարքի մեջ կամ ապրում է իր վերջալույսը, իսկ հինգերորդ հանրապետությունը կմեկնարկի թերեւս այն պահին, երբ ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը (համաձայնագիրը), եւ դրան հետեւի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ինչ-որ փաստաթղթի ստորագրում՝ ասենք, բարեկամության եւ բարիդրացիության մասին, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու։ Թե ինչպիսին կլինի հինգերորդ հանրապետությունը, եթե, իհարկե, այն լինի, առհասարակ, որպես ռեալ իրականություն եւ ոչ թե որպես բուտաֆորային կամ իմիտացիոն իրականություն, դժվար է ասել, սակայն արդեն կարող ենք եզրակացնել, որ ինչպես երրորդից չորրորդ հանրապետությանն անցումը մեզ համար եղավ բավականին կորստաբեր, այնպես էլ չորրորդից հինգերորդին անցումն է լինելու ոչ պակաս ծանր։

Գուցե զուտ հասարակական-նյութական բարեկեցության առումով այն ավելի լավը լինի, այսինքն՝ մարդիկ ավելի լավ ապրեն, ավելի կուշտ լինեն, էժանանա ամեն ինչ, սակայն նյութական բարեկեցության ու ապահով կյանքի հետեւում հնարավոր է թաքնված լինի, ինչպես ընդունված է ասել, «ոգու սով» կամ արժեքային գաղափարական վակուում։ Եթե երրորդ հանրապետությունից չորրորդին անցումը նշանավորվեց հայաստանյան իրականության մեջ տարիներ շարունակ եղած միֆերի պայթելով, դավանած արժեքների փոփոխություններով, իրականության ընկալման ռակուրսի փոփոխությամբ ու Արցախի գրեթե կորստով, եւ ազգային պահպանողականությանը փոխարինելու եկավ «որեւէ իզմ-երի բացարձակ չգոյությունը», ապա հինգերորդ հանրապետության  իրականությունը կլինի թերեւս շատ ավելի ծանր՝ գաղափարական առումով եւ ոչ միայն։ Քանի որ արդեն հիմա պարզ է, որ նոր աշխարհը, որի ծնունդը սկսվեց այս տարվա փետրվարի 24-ից, լինելու է շատ ավելի դաժան ու ահարկու։ Գուցե այլեւս դրվեն հստակ «տանիքավորման» ու «երկու լարի վրա խաղեր չտալու» սկզբունքներ, որոնց պայմաններում էլ հինգերորդ հանրապետությունը կփորձի շարունակել իր գոյությունը։

Կունենա՞ն արդյոք գործող իշխանություններն այնքան ներուժ, որ կարողանան դիմակայել սպասվող մարտահրավերներին։ Դժվար թե։ Արդեն այսօր, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները՝ դեռ նոր-նոր նախապատրաստական փուլ մտած, Երեւանում ամենաբարձր մակարդակով սկսել են լալահառաչ պարտվողականություն դրսեւորել, մինչդեռ ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը News.am-ի հետ զրույցում ասում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության ապագա պայմանագրում «լինելիք-չլինելիքի» հարցում Երեւանն ու Բաքուն են առաջին հերթին պայմանավորվելու իրար հետ, ապա ուր մնաց, որ այս իշխանություններն ունենան ներուժ՝ դիմակայելու ավելի լուրջ խնդիրների։ 
Այս տրամաբանությամբ, ապագայի սպասումները մեծ չեն, եւ հինգերորդ հանրապետության ժամանակաշրջանը Հայաստանի պատմության համար կարող է լինել ոչ թե խաղաղության դարաշրջանի ժամանակահատված, այլ «բանանային ռեսպուբլիկայի»։