Ռուսական բանակը հարձակմա՞ն է նախապատրաստվում 

Ռուսական բանակը հարձակմա՞ն է նախապատրաստվում 

Ռուսական բանակը մեծ կորուստներ է կրել այս պատերազմի ընթացքում, սակայն առավել մեծ կորուստներ կրել է ուկրաինական բանակը, որի ռեզերվային ֆոնդը զիջում է ռուսականին։ Ռուսաստանը, որպես բռնապետական երկիր, շարունակ համալրում է իր բանակը, ստեղծում է բավարար ռեզերվներ՝ հարձակում սկսելու համար։ Ընդ որում, ռուսական հարձակման թիրախում այս անգամ լինելու է Օդեսան։ Ռուսական կողմը մտադրություն ունի հասնել մինչեւ Մերձդնեստրյան շրջան, այս մասին հայտարարել է գերմանացի գեներալ, ՆԱՏՕ-ի զորքերի նախկին հրամանատար Հարալդ Կույաթը։

Բարձրաստիճան զինվորականն արձանագրել է, որ ուկրաինական զինուժի կորուստներն անհամեմատելի են հատկապես հակահարձակման ընթացքում։ Ռուսական կողմը կիրառել է պաշտպանական տակտիկա եւ անցել ռազմավարական պաշտպանության։ Ակնհայտ է, որ այս փուլում նրանց նպատակը եղել է ոչ թե տարածքներն ամեն գնով պահելը, այլ՝ ուկրաինական զինուժի ոչնչացումը։ Դա Կլաուզեւիցի հիմնական կանոնն է՝ զինաթափիր հակառակորդիդ եւ մնացած ամեն ինչ կընթանա ինքն իրեն։ Հենց դրան էլ հասել են ռուսական զինված ուժերը։ Արդեն մի քանի օր է ռուսները խոսում են «ակտիվ պաշտպանության» մասին, ինչը նշանակում է, որ պատրաստվում են հարձակման։ Կույաթը վստահ է, որ Կրանսո-Լիմանի եւ Կուպյանսկի ուղղություններով ռուսների հաջող գործողությունները հենց խոսում են այն մասին, որ նախապատրաստվում է հարձակում։

«Խոսում են 350 հազար նոր զինվորականի մասին։ Ի՞նչ է դա նշանակում։ Թերեւս այն, որ 25-րդ ընդհանուր զորատեսակային բանակով ռուսական կողմը մտադիր է ճակատում բեկում մտցնել՝ հարձակման անցնելով։ Ի վերջո, եթե նման մտադրություն չլիներ, թիկունքում այդքան զորք չէր կուտակվի»։ Թե երբ է հնարավոր, որ ռուսական կողմը սկսի հարձակումը, գերմանացի գեներալը դժվարանում է ասել, սակայն այն, որ Օդեսան ու մինչեւ Մերձդնեստրի երկրամաս ընկած հատվածը ռուսական թիրախում է լինելու եւ գրավվելու է, դրանում նա կասկած չունի։