Զատուլինը Պետդումայի՝ այդ հակահայ որջի, այն ներկայացուցիչն է, որը դեմ է Հայաստանի պետականությանը

Զատուլինը Պետդումայի՝ այդ հակահայ որջի, այն ներկայացուցիչն է, որը դեմ է Հայաստանի պետականությանը

«Հրապարակի» զրուցակիցը «Հայաստանի եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն է:

- ՌԴ պետդումայի անդամ, «Լազարեւյան» ակումբի նախագահ Զատուլինը Հայաստանում այլևս անցանկալի անձ է համարվում: Նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ նման է նման որոշում կայացվել:

- Ես առհասարակ հիասթափված եմ, որ նմանօրինակ որոշումներն այսքան ուշ են ընդունվում: Զատուլինը ռուսական կագեբեյի հետևորդն ու ներկայացուցիչն է: Նա Հայաստանի ռազմավարական թշնամի Ռուսաստանի կարկառուն ներկայացուցիչն է, որը թաքնվում է այնպես, ինչպես գայլը գառան մորթու տակ: Նա իր իրական միտումները թաքցնում է: Վերջերս չէր էլ թաքցնում, տանելով Հայաստանի Հանրապետության պետականության դեմ ուղիղ և անթաքույց պայքար: Նա ինչպես և շատ այլ քարոզիչներ վաղուց պետք է այս կարգավիճակում հայտնվեին: Զատուլինից զատ կարևոր է Հայաստանում անջատել ֆաշիստական, պուտինյան հեռուստաալիքները: Ես այս քայլը համարում եմ ողջունելի, սակայն ոչ բավարար:

- Զատուլինի կոնկրետ ո՞ր գործողությունը, կամ հայտարարությունն է «պատռել» նրա «դիմակը»:

- Նա առհասարակ վտանգավոր է: Ես այս պահին ձեռքիս տակ չունեմ այն բազմաթիվ մեջբերումները, որոնք այսօր կարող էի ներկայացնել: Բավական է մի փոքր ուսումնասիրել համացանցը և կգտնեք բոլոր այդ հարցերի պատասխանները: Նրա ողջ գործունեությունը հակահայկական և հակապետական է: Ոչ միայն նրա, սակայն նա ամենավտանգավորներից մեկն է: Նա Պետդումայի, այդ հակահայ որջի այն ներկայացուցիչն է, որը դեմ է Հայաստանի պետականությանը: Հուսամ սա կլինի առաջինը, սակայն ոչ վերջինը: Այդ շարքերում կան նաև հայկական անուն-ազգանուններով սրիկաներ, օրինակ` Մարգարիտա Սիմոնյանը: Ես Կառավարությանը հորդորել եմ նման քայլի գնալ, ուրախ եմ, որ իմ հորդորը լսվեց:

- Ե՞րբ եք հորդորել: Փաշինյանի հետ վերջին հանդիպման ժամանա՞կ:

- Այո, սակայն տարիներ շարունակ խոսել եմ այդ մասին: Չի եղել մի շաբաթ, որ այդ մասին չխոսեմ: Նիկոլ Փաշինյանին անձամբ եմ ասել, այդ վտանգների մասին, կան նաև վկաներ:

- Փաշինյանի աչքերը փաստորեն Դուք եք բացել....

- Ես ասել եմ, որ ռուսական մամուլում հակահայկական քարոզն անտանելի է: Սա արդեն արժանապատվության հարց է: Աններելի է այդ ամենը հանդուրժելը:

- Նշում եք, որ Զատուլինը հակահայ քաղաքական գործիչ է, մեր պետականության համար վտանգ է ներկայացնում, սակայն այդ նույն Զատուլինը մշտապես խոսել է Հայաստանի շահերի կարևորության մասին: Աչքի է ընկել հակաթուրքական հայտարարություններով:

- Ձեր և իմ պատկերացումները հայկական շահերի մասին կարող են չհամընկնել: Ես համարում եմ, որ Հայաստանի համար Ռուսաստանն ավելի վտանգավոր է, քան Թուրքիան: Թուրքիան որպես պետություն չէր կայանա, եթե չլիներ Ռուսաստանի աջակցությունը: Նույն բանը կարող ենք ասել Ադրբեջանի մասին:

- Նշում եք, որ Հայաստանում պետք է փակվեն ռուսական հեռուստաալիքները: Դուք Ձեզ համարում եք արևմտամետ: Լրատվամիջոց փակելու կոչը և ժողովրդավարությունը չե՞ն հակասում մեկը մյուսին: Չե՞ք շեղվում արևմտյան գաղափարներից....

- Ոչ, չեմ շեղվում: Ռուսական հեռուստաալիքները լրատվամիջոցներ չեն: Դրանք զանգվածային քարոզի և մարդատյատության միջոցներ են: Նյուրնբերգի դատարանը կախաղան է հանել մի խմբագրի, որը ֆաշիստական հոդվածներ էր խմբագրում: Նրա մարդատյաց քարոզը բերում էր աղետալի արդյունքների: Պատերազմ չէր լինի 40-ականներին, եթե նման թերթ չլիներ: Նույնը հիմա վերաբերում է Մարգարիտա Սիմոնյանին: Եթե նա չլիներ, գուցե ամեն ինչ այլ լիներ:

- Առաջարկում եք Մարգարիտա Սիմոնյանին էլ կախաղան հանե՞ն:

- Ոչ, ես առաջարկում եմ նրան ցմահ ազատազրկման ենթարկել: Մահը քիչ է նրան: Մահապատիժը մեր ժամանակներում արգելված է: