Վարդազարյանի գործով փորձում են ազատվել դատավոր Դավիթ Հարությունյանից

Վարդազարյանի գործով փորձում են ազատվել դատավոր Դավիթ Հարությունյանից

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու դեմ նրա փաստաբանները բողոք են տարել դատարան։ Այդ բողոքը քննող դատավորին ինքնաբացարկ հայտնելու գործով դատական նիստն էր երեկ։ Դատավորը Դավիթ Հարությունյանն է՝ ՊՊԾ նախկին պետ, հանգուցյալ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդին։ Դատախազությունն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Հարությունյանին, որի տակ, մեզ հասած տեղեկություններով, ուշագրավ հիմքեր կան։ Բանն այն է, որ Հարությունյանը համակարգում հայտնի է որպես սկզբունքային ու չկոտրվող դատավոր, եւ իշխանությունները մտավախություն ունեն, որ նա օբյեկտիվ որոշում կկայացնի, ինչը կարող է բխել Վարդազարյանի շահերից, այլ ոչ՝ իրենց։ Ուստի փորձել են նրանից ազատվելու «հիմքեր» գտնել։

Հիմքերից մեկը, մեր տեղեկությամբ, եղել է այն, որ նրանք Հարությունյանին հայտնել են, թե Ռուբեն Վարդազարյանը ժամանակին իրեն գաղտնալսելու միջնորդություն է բավարարել, այսինքն՝ թույլ է տվել, որ իրավապահները ներքին դիտում իրականացնեն եւ լսեն Դավիթ Հարությունյանի հեռախոսազանգերը։ Եվ դա ընդունել են որպես հիմք, որ կարող է շահերի բախում առաջանալ, ենթադրաբար՝ Դավիթ Հարությունյանը կփորձի իբրեւ թե վրեժխնդիր լինել իրեն գաղտնալսելու թույլտվություն տված Վարդազարյանից, ինչի արդյունքում իբրեւ թե ոչ օբյեկտիվ որոշում կկայացնի։ Դրանով դատախազությունը, ըստ էության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություն է հայտնել դատավորին, որի իրավունքը չուներ, եւ փորձել է նման անազնիվ մեթոդով նաեւ սեպ խրել Հարությունյանի ու Վարդազարյանի՝ առանց այդ էլ ոչ ջերմ հարաբերությունների միջեւ։

Մինչդեռ իշխանությունների անհանգստությունը, իրականում, հակառակն է, որ Հարությունյանը կարող է օբյեկտիվ որոշում կայացնել՝ վեր կանգնելով անձնական խնդիրներից ու հարաբերություններից, որն իրենց՝ իշխանությունների շահերից չի բխի եւ հօգուտ ԲԴԽ նախագահի կլինի։ Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ երեկ տեղի է ունեցել դատախազության ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ նիստը, ասաց՝ ներկայացվել են տարբեր հիմքեր, բայց քանի որ նիստը դռնփակ է եղել, ինքը դրանից ավելին չի կարող հայտնել մեզ։