Մեկ-երկու խոսք՝ հանրահավաքից եւ ոչ միայն

Մեկ-երկու խոսք՝ հանրահավաքից եւ ոչ միայն

Ինչպեսեւ ենթադրում էի՝ երեկ հրաշք չպատահեց. հիսուն հազար մարդ չհավաքվեց Ազատության հրապարակում: Ինչո՞ւ հենց այդքան: Հիշեցնեմ․ հենց այդ թիվն էր որպես իշխանափոխության անհրաժեշտ շեմ նախանշել ընդդիմադիր գործիչ Փաշինյան Նիկոլը: Ինչը եւ հետո կյանքի էր կոչել: Իսկ ես վստահ եմ, որ Նիկոլը հեռանալու է ճիշտ այնպես, ինչպես եկել է: Առաջին՝ այդպիսին է փողոցով իշխանություն վերցնող հեղափոխականների ճակատագիրը: Եվ երկրորդ․ անցյալ տարվա խորհրդարանական ընտրության թե՛ քարոզարշավով եւ թե՛ բուն քվեարկության ընթացքով Նիկոլը մեզ ցույց տվեց, որ ընտրություններով իշխանություն չի փոխվում Հայաստանում՝ լինի ռոբասերժական «քրեաօլիգարխիկ», թե նիկոլական «ժողովրդավարության փայլուն աստղ»: Այնպես որ, շատ բան է կախված այն հանգամանքից, թե որքան մարդ կհավաքվի Ազատության հրապարակում: Եվ երբ այդ քանակը կանցնի որոշակի կրիտիկական կետից:

Բայց նաեւ այնպես չէ, որ շատ քիչ մարդ էր հավաքվել: Այսպես ասենք՝ միջին քանակություն էր: Ինչը բավարար չէր իշխանափոխության համար, բայցեւ այնքան քիչ չէր, որ ձեռ առնվեր նիկոլական ուսապարկերի կողմից: Եվ դա վատ չէր սկզբի համար: Բայց եթե ինչ-որ բան է նախաձեռնվում, ապա պետք է նշվի նաեւ ավարտը: Այն նախանշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ ապրիլ ամսվա ընթացքում: Վատ տարբերակ չէ, եթե հաշվի առնենք, որ 2020 թ. նոյեմբերի 9-ից անցել է շուրջ տարիուկես: Դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում պատերազմում պարտություն կրած եւ ըստ այդմ՝ պարտության խորհրդանիշ դարձած Փաշինյան Նիկոլը պետք է հեռացվեր վարչապետի պաշտոնից:

Եվ եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները համաձայնեն այդ ժամկետին, ապա պետք է կազմվի ժամանակագրորեն հստակված ճանապարհային քարտեզ: Օրերի, եռօրյայի կամ գոնե շաբաթական կտրվածքով: Այսինքն, յուրաքանչյուր ժամկետի համար պետք է դրվեն նպատակներ եւ դրանց իրականացմանն ուղղված միջոցառումներ: Ինչը լինելու է բավական բարդ, քանի որ հակազդեցության է հանդիպելու գործող իշխանության կողմից: Բայց քանի որ մենք հասել ենք Արցախը կորցնելու վերջնակետին, ապա դրան համապատասխան պետք է լինեն ընդդիմության գործողությունները: Դրսում ոչ թե 2016-ն է, երբ հայն իրոք հպարտ էր, այլ՝ 2022-ը, երբ այդ հպարտությունից ոչինչ չի մնացել: Եվ այդ թվում՝ շատ քիչ բան Արցախից, ու Հայաստանն էլ՝ վերադիր: 

Հանրահավաքում պարզ երեւաց մեր հանրության մեջ տիրող տրամադրվածությունը: Բեմի դիմացի էներգետիկան բավական բարձր էր, սակայն բավական ցածր էր ավելի հեռվում կանգնած մարդկանց շրջանում: Կարծում եմ, որ հաջորդ հանրահավաքների ընթացքում ողջ հրապարակը պետք է վերածվի մեկ էներգետիկ միջավայրի: Դրան կարող է նպաստել, նախ, գրագետ վարողի ընտրությունը եւ, ապա, ելույթ ունեցողների դեպքում խոսքի բովանդակության եւ մատուցման ձեւի համապատասխանությունը: Օրինակ, նախապես հայտարարված երկխոսությունը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անցկացրեց համարյա գոռալով: Դրա կարիքը չկար, եթե, իհարկե, գոռալուն չէր հետեւելու կառավարության շենքը գրոհով վերցնելու կոչը:

Բնականաբար, նման կոչ չէր հնչելու, եւ, ուրեմն, հանրահավաքային մթնոլորտը ժամանակից շուտ էլեկտրականացնելու կարիք չկար: Հատկապես որ այդ էներգիան չհասավ բեմից ավելի հեռու կանգնածներին:

Ի դեպ, եթե դրվելու է ժամկետային կտրվածքով նպատակ, ապա խնամքով պետք է մոտենալ նաեւ ելույթ ունեցող անձանց ընտրությանը: Ամեն մի առանձին ելույթի բովանդակությունն էլ չպետք է շեղվի նախանշված նպատակից: Դա, իհարկե, կարող է ընկալվել որպես հակաժողովրդավարական, սակայն եթե դրվում է Նիկոլին պաշտոնից հեռացնելու խնդիրը, ապա նման սահմանափակումները նորմալ են: Ճիշտ այնպես, ինչպես որոշակի սահմանափակումներ էին մտցվել համավարակի ընթացքում: Ի վերջո, կարեւորը նպատակին հասնելն է: Հատկապես որ դիմացինը հանրահավաքային ակտիվությունը խեղդելու համար հենց հակաժողովրդավարական մեթոդներ է կիրառելու:

ՀԳ. Անկեղծորեն խոստովանեմ, որ մտադրվել էի «Հրապարակի» ընթերցողների հետ կիսվել հանրահավաքից իմ տպավորություններով: Եվ այդ թվում Ֆրանսիայի հրապարակը մեկ ժամով փակելու հիանալի գաղափարին էի ուզում անդրադառնալ: Սկզբում նույնիսկ հոդվածի վերնագիրն էի գրել՝ որպես տպավորության մատուցում: Բայց ստացվեց լրիվ այլ բան. երեւի ճիշտը հենց սա էր: