Ինչպե՞ս տնօրինել ԶՊՄԿ բաժնետոմսերի 22 %-ից ստացվող եկամուտները

Ինչպե՞ս տնօրինել ԶՊՄԿ բաժնետոմսերի 22 %-ից ստացվող եկամուտները

Այսպիսով, ՀՀ կառավարությանը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնետոմսերի վերջին նվիրատվության հաշվառմամբ, դրա պետական բաժնեմասը հասավ մոտ 22%-ի: Խնդիրն այժմ այդ բաժնեմասի դիմաց ստացվող եկամուտների արդարացի բաշխումն ու արդյունավետ օգտագործումն է:

Որպեսզի գալիք սերունդները չհայտնվեն այսօրվա կենսաթոշակառուների ողբալի վիճակում, իսկ գալիք կառավարությունները զերծ մնան անամոթ որոշումներ կայացնելուց՝ կենսաթոշակները 2-3 հազարական դրամով բարձրացման տեսքով, որպեսզի մեծանա երկրի ներդրումային ներուժը, որպես առաջին քայլ կարող է հանդիսանալ պետությանը փոխանցված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնետոմսերի 22 %-ի դիմաց ստացվող եկամուտների բաշխումը երեխաների բանկային հաշիվներին, մինչև նրանց 16 տարին լրանալը: Այդ նպատակով, մինչև 16 տարին լրացած և ծնվող երեխաների համար պետք է ստեղծել խնայողական ներդրումային հաշիվներ՝ առևտրային բանկերում: Այդ հաշիվներում կուտակվող գումարները պետք է օգտագործվեն պետական կարևոր ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով:
Հետագայում այդպիսի փոխանցումների համար եկամուտների բազան պետք է ընդլայնվի հանքարդյունաբերության ոլորտի համապատասխան կարգավորումներով (բացի պետական բաժնեմասերից ստացվող եկամուտներից, կարելի է դիտարկել նաև բնօգտագործման վճարներից մասհանումները): 

Ընդերքը պատկանում է ոչ միայն այսօրվա, այլև գալիք սերունդներին և պետք է ծառայի նրանց զարգացման ու բարեկեցության բարձրացման համար:

Ակնհայտ է, որ այս առաջարկության մանրամասները դեռ պետք է մշակվեն, բայց դա պետք է անել արագ, այն հաշվարկով, որպեսզի 2023 թվականի հունվարի 1-ից տրվի դրա մեկնարկը:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր