«Հայաքվե»-ն նախկինների անվան հետ կապելը

«Հայաքվե»-ն նախկինների անվան հետ կապելը

Նիկոլականների կողմից «Հայաքվե» նախաձեռնության դեմ կիրառված առաջին արշավը տիպիկ պարտվողական էր: Քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացվեց որպես պատերազմի հրձիգ: Այսինքն՝ ՀՀ իշխանության կարծիքով, Հայաստանի անկախության սկզբնական շրջանի քաղաքական որոշումների վրա հիմնված օրենսդրական նախաձեռնությունը հանգեցնելու է պատերազմի: Ինչը նշանակում է, որ մեր անկախ պետականության հիմքում դրվել է դանդաղ գործողությամբ ռումբ: Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ այն կարող է պայթել ցանկացած պահի: Եվ, վերջապես, ասվածը նշանակում է, որ հայոց պետականության վերականգնման նախաձեռնողներն առնվազն հանցագործներ են: Կամ էլ վերջիններս պետք է հայտարարեն, որ հանցագործներ են նման մեկնաբանությունների հեղինակները:  

Դա՝ մեկ, եւ երկրորդ. մի փոքր ավելի ուշ, բայց արդեն ոչ միայն Նիկոլի շրջապատից, քաղաքացիական նախաձեռնությունը շաղկապվեց նախկինների անվան հետ: Մինչ այդ ենթադրում էի, որ այդ կռվանը նախկինների հետ կապելը պետք է որ արդեն մնացած լիներ անցյալում: Բայց մեր հասարակության մտահորիզոնն այնքան է աղտոտված, որ Նիկոլի վարչապետության վեցերորդ տարում անգամ այդ կապը դեռեւս շարունակում է գործել: Նույնիսկ կարծում եմ, որ եթե, Աստված մի արասցե, Նիկոլը 25 տարի էլ մնա վարչապետի պաշտոնին, նախկիններին շարունակելու է հիշել: Այնինչ առաջին անգամ որեւէ հիմնարկի տնօրեն նշանակելիս նրան նշանակում են երեք կամ հինգ տարով: Եվ վերջինս վերանշանակվում է միայն այն դեպքում, եթե արդարացնում է նշանակումը: Եվ ոչ թե ձախողումներ թույլ տալով՝ դրանց մեղքը բարդում է նախկինների վրա ու շարունակում պաշտոնավարել: 

Զարմանալիորեն, պարզ այս բանաձեւը բացարձակ չի գործում մեր պարագայում: Մոռացվում է, որ նույնիսկ Նիկոլն է ինչ-ինչ պաշտոնների նշանակել նախկիններից մի քանիսին: Որքան հիշում եմ, դրանցից մեկի նշանակման ժամանակ նույնիսկ ասել է, որ պետք է օգտագործվի նախկինների ներուժը: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ փոքրաթիվ հանրապետությունում ինչպե՞ս կարող է առաջանալ որեւէ նախաձեռնություն, որի կազմում չլինեն նախկիններ կամ նրանց հետ առնչված մարդիկ: Տվյալ դեպքում կարող էր կարեւոր լինել միայն այն, որ նախաձեռնությունը չհովանավորվի նախկինում իշխանություն ունեցող քաղաքական որեւէ ուժի կողմից: Իսկ նման երեւույթ ակնկալելն ուղղակի անիմաստ է՝ հաշվի առնելով Նիկոլի կողմից զոմբիացված զանգվածների վերաբերմունքը նրանց նկատմամբ: Եվ եթե նախկինները հոգով եւ սրտով կողմ են որեւէ գաղափարի իրականացմանը, ապա այնքան խելացի են, որ բացահայտ հանդես չեն գա որպես դրա նախաձեռնողներ: Իհարկե, Նիկոլի կողմից զոմբիացված զանգվածները նման պարզ վերլուծություն անելու կարողություն անգամ չունեն:

Ու դա գիտակցում են Նիկոլն ու իր շրջապատը եւ շահարկում ու օգտվում են հենց այդ հանգամանքից: Իսկ նշված զանգվածներից առավել ակտիվները տարածում են նախկինների վերաբերյալ իշխանության նարատիվը: Հատկապես, որ «Հայաքվե»-ն փորձում է հայկական պահել Արցախը, որը, գործող իշխանության կարծիքով, 2019 թվականին դեռեւս Հայաստան էր: Իսկ 2023 թվականի ամռանն այն արդեն Լեռնային Ղարաբաղ է` Ադրբեջանի կազմում: Մնում է, որ Հայաստանում գտնվի 50 հազար հայրենասեր` առաջին փուլում, եւ վեց անգամ ավելի՝ 300 հազար, երկրորդ փուլում: Քանի որ, ամենայն հավանականությամբ, մեզ անհրաժեշտ է լինելու նաեւ երկրորդ փուլը: Հաշվի առնելով, որ Նիկոլի կամակատար խորհրդարանականները վստահաբար կմերժեն առաջին փուլով օրենսդրական նախաձեռնության ընդունումը, եւ «Հայաքվե»-ն ստիպված կլինի անցնել հանրաքվեի փուլով: