Անցող- գնացող թքում է այս գերեզմանին․․․

Անցող- գնացող թքում է այս գերեզմանին․․․

Ու՞մն է այս մենավոր գերեզմանը։ Արծվանիկից շատ հեռու չէ գյուղի գերեզմանատունը, որ ունի առանձին եկեղեցի։ Մի նեղ ճանապարհ տանում է դեպի ննջեցյալների հանգստարանը։ Այդ ճանապարհի մի կողմում, մենավոր կաղնի ծառի հովանու տակ, կա մի առանձնացած գերեզման, որի վրա ձգած է մի հասարակ քար՝ առանց խաչի և արձանագրության։ Ինչո՞ւ է նա առանձնացել, ինչո՞ւ է նա բացակա հասարակաց գերեզմանատնից, որ հեռու է նրանից մի հարյուր քայլով միայն։ Այդ գերեզմանը, թեև արհամարհված է մարդկանցից, բայց նրանցից մոռացված չէ։

Հասարակաց գերեզմանատունը տեղ չտվեց նրան իր հասարակության մեջ։ Բայց ամեն անգամ, երբ քահանան անցնելով նրա մոտից, գնում է ննջեցյալների հանգիստը օրհնելու, ամեն անգամ, երբ տոհմայինները գնում են իրենց հարազատների շիրիմների վրա խունկ ծխելու, աղոթելու, ամեն անգամ, երբ մշակը գնում է դաշտը վար վարելու, նրանք անցնում են այդ մենավոր գերեզմանի մոտով, անցնում են թքելով նրա վրա և անեծք կարդալով։ Այն օրից, որ այդ գերեզմանը գոյություն ունի, անցել է մեկ ու կես դար, բայց ժողովուրդը դեռ չէ ներել նրան։ Ժողովուրդը միշտ անիծում է նրան։ Հարցրու պատահած մարդուց, թե մանուկ կլիներ նա և թե ալևոր՝ ու՞մն է պատկանում այդ նզովյալ գերեզմանը։ Նա քեզ կպատասխանե․ 

-Դա մելիք Ֆրանգյուլ դավաճանի գերեզմանն է․ հենց այստեղ սպանեցին նրան, այստեղ էլ թաղեցին։ Նրա դիակը թույլ չտվեցին թաղել հասարակաց հանգստարանում, ննջեցյալների հանգիստը չպղծելու համար։ 

Հայ ժողովուրդը չի մոռանում դավաճանության և ուրացումի խորհրդանիշ հանդիսացող ստահակ Ֆրանգյուլին։ 1725-ին՝ Եղվարդի կամ Շուշանների դաշտի օրհասական ճակատամարտում, դավաճանում է հայկական ուժերին, որի հետևանքով նահատակվում է Չավնդուրի Թորոս իշխանը, հայկական զորքերն էլ պարտություն են կրում:
Թորոս իշխան հերոսի մահը մեծ հարված էր Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական շարժմանը:

Թորոս իշխանի անվեհեր զինյալները, շատ շուտով կարողանում են սատկացնել դավաճան Ֆրանգյուլին:

Ըստ ժողովրդական ավանդության՝ մելիք Քարամը հետո եկել է Արծվանիկ և կամեցել հանել Ֆրանգյուլի ոսկորներն ու շների առաջ ձգել, սակայն գյուղացիներն ընդդիմացել են՝ ասելով, թե՝ մեկ էլ շան հոտը վեր չհանենք․․․

Գերեզմանը անցող- գնացողի թքամանը դարձավ․․․