7 ամիս առաջ բացված ընկերությունը տուգանվել է 33 մլն դրամով 

7 ամիս առաջ բացված ընկերությունը տուգանվել է 33 մլն դրամով 

Այսօր ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հերթական հրապարակումն արեց տուգանքների հետ կապված։ Երկու շաբաթվա ընթացքում՝ մարտի 16-ից 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած օպերատիվ բացահայտումների արդյունքներով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն վարելով 6 ընկերություններ ստացել են մոտ 11 մլն դրամի եկամուտ։ Նրանցից երկուսը խոշոր տուգանքներ են վճարելու՝ 7 մլն և 3 մլն դրամի։ Թե ինչ գործունեութուն են վարել այս քաղաքացիները, ՊԵԿ-ը չի հայտնում, բայց անուն ները  հրապարակում է։ 

22 ընկերություններ տուգանվելու են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի ապրանքների տեղափոխման ու մատակարարման համար։ Ընդհանուր 4,398,587 ՀՀ դրամի խախտման համար սահմանել են 22 մլն ի տուգանք։ Ամենամեծ տուգանքը վճարելու են «Միթ Ֆուդ» և «Պրեմիում Ֆուդ» ընկերությունները, համապատասխանաբար 2 մլն և 10 մլն դրամի չափով։ 

Ինչպե՞ս է եղել, որ առանց փաստաթղթերի այսքան ապրանք եք մատակարարել։ «Պրեմիում Ֆուդ» ընկերության տնօրեն Արսեն Համբարձումյանը ասաց, որ իր համար էլ ամեն ինչ պարզ չի։ «Կպարզենք ու անպայման հանդես կգանք պարզաբանումներով։ Հիմա ճշտում ենք», - ասաց նա։ 

«Միթ ֆուդ»-ից էլ, որը «արագ սննդի» կետ էր,շատ զարմացան, ասելով, որ եթե իրենք 2 մլն դրամի տուգանք մուծեն, ապա տեղում կսնանկանան։ Պարզվեց, խոսքը համանուն արտադրամասին է վերաբերում, ինչը ՊԵԿ ցանկում նշված չէ։ 

Եւս 2 ընկերություն՝ «Արմենիկում պլյուս» և «Մադեսիս» ՍՊԸ-ները, տուգանվել են առանց լիցենզիայի, կամ թույլտվության լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար։ «Մադեսիս» ՍՊԸ-ի տուգանքի չափը սենսացիոն է՝ 33 մլն դրամ։ «Մադեսիսի» մասին  որևէ տվյալներ չկան։ Միայն հաջողվեց պարզել, որ այս ընկերությունը նոր է, ընդամենը 7-8 ամիս առաջ է հիմնադրվել։ ՊԵԿ-ից որևէ լրացուցիչ տվյալ այս ընկերության վերաբերյալ չհայտնեցին։ Այն զբաղվում է փոստային առաքումներով։