Քյարամյանին նշանակել են ռուսների «ինադու»

Քյարամյանին նշանակել են ռուսների «ինադու»

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Արգիշտի Քյարամյանի աղմկահարույց նշանակումն Ազգային անվտանգության տնօրենի տեղակալի պաշտոնին, երբ մեկ օրվա ընթացքում 2 նշանակում արվեց՝ նախ, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, դեռեւս շարունակում են քննարկել ու քննադատել։ Իսկ մեկ օրում երկու նշանակման իմաստն այն էր, որ նրա կենսագրությունում բաց կար՝ այդ բացը լրացվեր: Այդ նշանակումը շատերի տարակուսանքը հարուցեց։ Մարդիկ կասկածներ հայտնեցին, որ իմաստն ԱԱԾ տնօրենի համար փոխարինող պատրաստելն է, ումից դժգոհ է Նիկոլ Փաշինյանը, եւ ԱԱԾ-ում սեփական աչք ու ականջ ունենալը։ Բայց մեզ տեղեկություններ հասան, որ միայն դա չէ եղել այս վիճելի նշանակման պատճառը։

Ըստ այդ տեղեկությունների, իրականում Քյարամյանի աղմկոտ թռիչքը դեպի ԱԱԾ խորքային պատճառներ ունի, եւ քաղաքական այդ որոշումը կայացվել է ի պատասխան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարության, որն Արցախի բանակցությունների փուլային տարբերակը բացահայտեց եւ Նիկոլ Փաշինյանին դրեց անհարմար վիճակում՝ բացահայտելով ստվերային բանակցությունները, որը մեր իշխանությունները թաքցնում էին։

Բանն այն է, որ Լավրովի հայտարարությունից եւ հատկապես երկաթուղու հետ կապված նրա հանդիմանությունից հետո, երբ Լավրովը հիշեցրեց Հարավկովկասյան երկաթուղու նկատմամբ հարուցված քրեական գործը, ՀՀ իշխանությունը որոշել է պատասխան հակահարված հասցնել եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակել մի անձի, որը կանգնած է այդ քրեական գործի ակունքներում։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի դեմ չարաշահումների փաստով քրեական գործը հարուցվել է 2018-ի ամռանը՝ օգոստոսի 15-ին, եւ «մասկի շոու» իրականացրին ՊԵԿ դիմակավորված հատուկ ջոկատայինները, իսկ գործը քննվում էր Պետեկամուտների կոմիտեի քննչականի կողմից, իսկ ՊԵԿ քննչականն այդ օրերին ղեկավարել է հենց Արգիշտի Քյարամյանը։

Նա 2018թ․ հունիսի 8-ից մինչեւ հուլիսի 10-ն աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ, հուլիսի 10-ից՝ ՊԵԿ հետաքննության վարչության պետ, 2019թ․ փետրվարի 15-ից՝ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ: Միգուցե Քյարամյանն այս գործից հետո հայտնվել է ռուսական իշխանությունների սեւ ցուցակում, եւ նրան առաջ քաշելն ու առավել եւս ԱԱԾ-ում բարձր պաշտոնի նշանակելը, որը զուտ աշխատանքային առումով անմիջական շփում ունի ռուսական հատուկ ծառայությունների հետ, Ռուսաստանում շատ վատ է ընկալվել։ Դա ռուսական իշխանությունները դիտել են որպես դեմարշ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ իրենց նկատմամբ, որը հայտնի է հակառուսական տրամադրություններով եւ առհասարակ «ինադու» արված քայլերով։ Ի դեպ, հիշեցնենք, որ երկաթուղին մի քանի անգամ փորձել է դիմել վարչական դատարան՝ պահանջելով, որ ֆինանսների նախարարությունն ընկերությանը տրամադրի երկու տարի առաջ իրականացված ստուգումների վերաբերյալ ակտերը, որոնք տնօրինությանը չեն տրամադրել, բայց հենց դրանց հիման վրա է չարաշահումների վերաբերյալ քրեական գործը հարուցվել։ 2018 թվականի սեպտեմբերին «Կոմերսանտին» տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ խոսքը մոտ 60 մլն դոլար խախտումների մասին է, մասնավորապես՝ թաքցված հարկերի, սակայն ՀԿԵ-ին հրաժարվում են տրամադրել ստուգման ակտին կից փաստաթղթերը: