Այդ ժողովրդին կարելի է միայն խղճալ

Այդ ժողովրդին կարելի է միայն խղճալ

Խորհրդային տարիներին Աղդամի շուկայում «Մասիս» ֆիրմայի կոշիկը, հայկական ծխախոտը, նույնիսկ անանուխի համով ծամոնն «իմփըրթնի» ապրանքի գին ունեին: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Մասիսը նույն Արարատն է, որին եղբայրական Թուրքիայում Աղրը-դաղ են ասում: Ոչ ոք մտահոգված չէր, որ Աղթամար կղզին Թուրքիայում է: Սեւ ֆիլտրով «Ախթամարն» արժեր երեք ռուբլի: Իրենց առեւտուրն անում, տեղամասային միլիոցիոների բաժինը տալիս, տան ծախսելիքն ու խնայբանկի բաժինը թողնում, մնացած փողն առնում, առավոտյան դարձյալ Ստեփանակերտ-Երեւան ավտոբուսում էին:

Կամ սեփական մեքենայով էին ճանապարհվում «Իրավան»: Մրցակցության մեջ տանուլ տված՝ իրականության հետ հաշտ էին: Միայն թե փող աշխատեին: Պատերազմի 92թ. տարեմուտին Երեւանի կենտրոնում՝ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում, որտեղ հիմա թերթի կրպակ է, փողոցային առեւտրականը «Չինար» շոկոլադ էր վաճառում: Կարգին հերթ էր: Ոչ ոք ոչինչ չասաց, չհարցրեց, թե ադրբեջանական կոնֆետն ինչպե՞ս է Երեւան հասել: Ով առնող էր՝ գնեց ամանորի իր քաղցրեղենը, ով՝ չէ, լուռ հեռացավ: Վաղ առավոտից կարդում եմ ադրբեջանական մամուլի «ավետիսն» իր հայրենակիցներին, թե բա գիտե՞ք՝ Ադրբեջանի ազգությամբ հրեա նվիրյալ Գոդ Նիսանովը «ոչ» է ասել հայկական գյուղմթերքներին, իր շուկայի մուտքը փակել հայերի առաջ, եւ նրանք հիմա հսկայական վնասներ են կրում: Ժողովու՞րդն է այդպես ուզում: Եթե՝ այո, ապա նրան միայն խղճալ կարելի է: Որովհետեւ հայկական ծիրանի դեմ Գոդ Նիսանովի պատերազմը բացարձակապես ոչինչ է: Կարելի է վստահ լինել՝ այդ ակցիայի դիմաց նա Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատնից լիուլի վճարվել է: Կարելի է գրազ բռնել, որ մի բան էլ դեսպան Բյուլբյուլ-օղլուի գրպանն է մտել: Միայն թե Ալիեւն իրեն փոքր -ինչ լավ զգա: «Հաղթանակ տոնի»: Մարդ էլ այդքան նսեմանա՞: Պետության ղեկավարը, որ հաստատ համոզված է՝ եթե բռնությունը մի փոքր մեղմի, հայկական ապրանքները կրկին գրավելու են ադրբեջանական շուկան, վաճառվելու են որպես բրենդ: Եւ հօդս է ցնդելու երեսուն տարվա զառանցանքը, որ «հայերին խցկել ենք տոպրակի մեջ, մնում է վերջին կապերը ձգենք, եւ նրանք կխեղդվեն»:

Մարդկությունն ավելի քիչ խաղաղ, քան պատերազմական ժամանակներ է ապրել: Բայց նույնիսկ վայրենի միջնադարում ազգերը, ժողովուրդները չեն դադարել միմյանց հետ հաղորդակցվելուց, փոխշահավետ առեւտրից: Մի քանի տոննա ծիրան փչացնելուց ի՞նչ է շահում Ալիեւը: Ոչինչ: Իսկ ադրբեջանական ժողովուրդը կորցնում է, որովհետեւ նրա զավակներին դարձնում են մանկուրտ եւ պարտադրում դուրս գալ փողոցներ, օտար մայրաքաղաքների հրապարակներ եւ ցուցադրել քարանձավային վարք: Ոչ մի քաղաքակիրթ երկիր այդ ակցիաները հավանության չի արժանացնում: Փոխարենը հրճվանքի «մաստեր-կլաս» են ցուցադրում ալիեւյան ռեժիմի վարձկանները: Որպեսզի ադեկվատության վերջին նշույլները կորցրած բռնապետին հաճույք պատճառեն եւ ստանան հասանելիքը: Այդ մարդիկ մեծ հաշվով թքած ունեն Ալիեւի, նրա մարազմատիկ մտավարժանքների, Ադրբեջանի վաղվա օրվա վրա: Նրանք՝ գուսմանները, նիսանովները, շեւչենկոները, ֆելգենհաուզերներն ու կուզնեցովները, մարխուլիաներն ու գրիգորեսկուներն ապրում են սույնրոպեական հաշվարկով: Եթե կա մի հիմար, որ կարծում է՝ Քիշնեւում երկու տասնյակ գագաուզ հավաքելով կարելի է միջազգային հեղինակություն վաստակել եւ պատրաստ է դրա համար պատկառելի «հոնորար» վճարել, ապա ինչու՞ մերժել: Ամեն ինչ՝ ըստ հաշվարկի: Միայն՝ ինչպես հայտնի ֆիլմի հերոսն է ասում՝ птичку жалко: Միջին վիճակագրական Ահմեդն է մեղք, որի զավակը երեկ սպանվել է սահմանին, իսկ իրեն պարտադրում են տեսախցիկի առաջ փառաբանել Իլհամ Ալիեւին եւ երդվել, որ պատրաստ է մյուսին էլ ճակատ ուղարկել: Մինչդեռ հոգու խորքում նզովում է բոլորին եւ ամեն ինչ: