Հիմա առավել քան երբևէ պետք է գործեն հանդուրժողականությունը և համերաշխությունը

Հիմա առավել քան երբևէ պետք է գործեն հանդուրժողականությունը և համերաշխությունը

Ապրիլի 7-ին «Հրապարակ» թերթում տպագրված հոդվածում առաջարկել էի ստեղծել համաճարակի դեմ պայքարի համահայկական հանձնաժողով, որը բուռն քննարկման առարկա դարձավ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոդվածի տպագրումից մի քանի օր հետո քննադատության ենթարկեց Սփյուռքի որոշ կազմակերպությունների գոյությունը, իսկ դրանից մի քանի օր հետո արդեն Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հանդես եկավ ուղերձով՝ նշելով համահայկական ամբողջ ներուժի համախմբման անհրաժեշտության եւ առաջիկայում այդպիսի ռազմավարության նախագիծ ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Այն բոլոր խնդիրները, որոնք դրված են այսօրվա Հայաստանի առջեւ, հնարավոր է լուծել միայն համազգային համախմբման միջոցով։ Այդ եղանակով կլուծվեն մեր ազգային արժեքների ստեղծման եւ ազգային ռազմավարության խնդիրները, որն էլ ավելի կենսունակ կդարձնի Հայաստանը ժամանակակից աշխարհում։ Միաժամանակ նա շեշտեց, որ առաջիկայում հենց այդպիսի հայեցակարգ եւ ռազմավարական նախագիծ կներկայացնի համահայկական քննարկմանը։

Դե ինչ, մեզ մնում է սպասել նախագծի հրապարակմանը, բայց անմիջապես ասեմ՝ քննարկումը պետք է սկսել ոչ թե հրապարակումից հետո, այլ մինչեւ նախագծի կազմումը։ Հակառակ դեպքում այն կվերածվի սեղանին դրված նախագծի քննարկման, ոչ թե ամբողջական տեսլական ունենալու հնարավորության։ Ուստի, քանի որ ինձ բախտ է վիճակվել աշխատել ինչպես հայրենիքում, այնպես էլ հայրենիքից դուրս, ինչպես բիզնեսում, այնպես էլ պետական ապարատում, այդ թվում նաեւ Ժնեւում՝ Միացյալ ազգերի կազմակերպությունում, հետեւաբար լավ ծանոթ լինելով Հայաստանին ու համաշխարհային փորձին, հաշվի առնելով աշխարհում ներկա վիճակը եւ վարակի տարածման հետեւանքները՝ արդեն պարզ է դառնում, որ համաշխարհային տնտեսությունը՝ ընդհանրապես, եւ Հայաստանը՝ հատկապես, գտնվում են փլուզման եզրին, հետեւաբար, այն օգնությունը, որ մենք սպասում ենք դրսից, առանձնապես դեր չի կարող խաղալ տնտեսության վերականգնման եւ զարգացման գործում, լավագույն դեպքում այն կօգտագործվի միայն օրվա խնդիր լուծելու անհրաժեշտությունից ելնելով։ Իսկ սպասել դրսի ներդրումներին այս վիճակում՝ անլուրջ է, հետեւաբար, մեր միակ հույսը մենք ենք՝ մեր Սփյուռքի հետ համատեղ։

Ավելի, քան երբեւէ, իրենց կարիքն ավելի շատ է զգացվում հիմա։ Ուստի շարունակելով իմ միտքը՝ ասեմ, որ ոչ թե նախագիծ է պետք ներկայացնել, այլ Սփյուռքի հետ սկսել նախագծի աշխատանքները, հիմքում ունենալով նոր օրենքների նախագծերի մշակում, ինչպիսիք են արտասահմանյան ներդրումների հարկային բեռի ազատականացումը, սեփականության երաշխիքի, բանկային գաղտնիքի, արտասահմանյան ներդրումների (5 - 10 տարի տարբեր հարկատեսակների), բացառությամբ աշխատավարձից պահվող հարկերի եւ դրանց ուղղված այլ օրենքների նախագծերի մշակումը։ Եթե չլինեն այս եւ սրա նման մի քանի անհրաժեշտ պայմաններ, ապա արտասահմանում ապրող հայկական ծագում ունեցող ներդրողները սիրով կմասնակցեն բոլոր տեսակի նախագծերի քննարկմանը, բայց զերծ կմնան ֆինանսական ներդրումներից։ Սա պետք է միշտ հաշվի առնել։

Նախկին առաջարկությունս չկրկնելու համար միայն շեշտեմ, որ հայեցակարգի նախագծի համար անհրաժեշտ է, որ հանձնաժողովները բաղկացած լինեն մի քանի ենթահանձնաժողովներից, որի մեջ միանշանակ պետք է ընդգրկված լինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի քաղաքացիներ, ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին իշխանության ներկայացուցիչներ։ Առավել եւս հիմա պետք է գործեն հանդուրժողականությունը եւ ազգային համերաշխությունը, որի իրականացումը շատ բանով կախված է ներկայիս իշխանություններից։

Վալտեր ՄԱՐՈՒԹՅԱՆ
ՄԱԿ բարձրաստիճան դիվանագետ
ՀՀ պետական խորհրդական
ՀՀ Ինժեներական ակադեմիայի իսկական անդամ