Ճգնաժամը՝ հնարավորությո՞ւն

Ճգնաժամը՝ հնարավորությո՞ւն

Փաշինյանի վերջին լայվից հետո գլխումս կատարյալ շիլաշփոթ է: Ճգնաժամ ասելով ի՞նչ նկատի ուներ՝ նոր կորոնավիրո՞ւսը, համաճարա՞կը, էս վիճա՞կը, որ մարդիկ, տներում վեր ընկած, արդեն խելագարվում են, որ հացի փող չունեն, բայց ալկոգել, ծաղրածուի դիմակ ու ձեռնոց են առնում... Եթե սա լիներ տնտեսական ճգնաժամ, դեռ կարելի էր ասել, որ մենք մեր հնարամտության հաշվին կհաղթահարենք այն ու մի բան էլ շահած դուրս կգանք: Բայց ի՞նչ ասես համաճարակի մասին: Իսկ գուցե Փաշինյանը միտումնավո՞ր է «համաճարակ» բառը փոխարինում «ճգնաժամով»: Այդ դեպքում ես նրան կոնտր-առաջարկ ունեմ: Պարոն Փաշինյան, եկեք այնպես անենք, որ այդ «հնարավորությունը» միշտ մեզ մոտ մնա: Այդքան լավ հնարավորության դեմ պայքարում եք, որ ի՞նչ անեք: Հանկարծ կհաղթեք «ճգնաժամին» ու կզրկվեք նրա բերած «լայն հնարավորություններից»: Առանց այն էլ կառավարությունը մի բանի նման չէ, այդ հնարավորությունն էլ ձեռքից գցեք՝ կմնաք լրիվ ձեռնունայն: Կարճ ասած՝ պինդ պահեք կորոնավիրուսը եւ, իհարկե, կորոնավիրուսի արդյունքում ձեռք բերած հաջողությունները: Ավելորդ համեստություն էլ մի արեք, կարող եք հանգիստ խղճով ցույց տալ, որ աննախադեպ տնտեսական աճ ենք գրանցել նախորդ տարվա համեմատ: Ձեզնից հավատալու է:

Ի դեպ՝ պարետատան հաշվետվությունն ի՞նչ եղավ: Խոսքը նկարովի թվերի մասին չէ՝ այսքան նոր դեպք, այսքան մեռած, այսքան բուժվող, այսքան բուժված հպարտ քաղաքացի: Այդ թվերը վիճակագիրները ձեզնից լավ գիտեն ու մանավանդ կարող են փաստել, որ երկու ամսում 30 մահվան դեպքը նորմայի մեջ է, ու այնպես չէ, որ կառավարությունն ինչ-որ բան է վերահսկում այդ առումով: Բոլորն էլ գիտեն, որ հիվանդությունների ամբողջական փաթեթ ունեցող տարեց մարդիկ, երբ գալիս է ժամանակը, մահանում են: Հետեւաբար, այս տրնգին ինչի՞ համար է, մի՞թե շատ կարեւոր է, որ եղած հիվանդությունների պոչին մի հատ էլ կորոնավիրուս նկարեք ու ասեք՝ դա «հնարավորություն» է: Գլխներիդ կպնի ձեր հնարավորությունը:

Ես հասկանում եմ, որ ատկատ չեն անում նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Փաշինյանի եւ նրա կառավարության մասին չես ասի, որ ոչինչ չեն անում: Վազքի մեջ են անընդհատ, սահմանափակումներ են մտցնում-հանում, կորոնավիրուսով հիվանդացության թվեր են նկարում-մկարում, հեռուստատեսային ռոլիկներ են տարածում-մարածում, լայվ-մայվ են մտնում, օրը 24 ժամ գլուխ են արդուկում: Այսինքն՝ ատկատներ, ոնց էլ չլինի, կանեն, միլիարդներ չեմ ասի, բայց հարյուրավոր միլիոններ կարող են տակով անել: Փաշինյանի աչքից հեռու, իհարկե: Մենք պարտավոր ենք Փաշինյանի եւ նորին գերազանցություն պարետի ասածներին հավատալ, մինչեւ նրանք կբարեհաճեն հաշվետվություն ներկայացնել կորոնավիրուսահար պողոսներին ու պողոսացուներին: Ի դեպ՝ ե՞րբ եք հաշվետվություն ներկայացնելու, թե կոնկրետ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում քանի ՀՀ դրամ եք ծախսել: Կարող եք ընդամենը մեկ թիվ ասել, որը, բաժանելով ՀՀ բնակչության թվի վրա (սուպերմարկետների սեփականատերերին հանած), կիմանանք, թե կորոնավիրուսի ընձեռած հնարավորությունն ինչպես է անդրադարձել ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի վրա:

Ճիշտն ասած՝ այս մասին չէի ուզում խոսել, որովհետեւ արդեն սովորել եմ կառավարության հակաճգնաժամային փչոցներին: Փաշինյանն իր վերջին լայվով ինձ մեկ այլ տեսանկյունից զայրացրեց: Վիրավորված եմ մի այլ կարգի: Մարդն ինքնախուժել էր եթեր եւ առանց որեւէ ապացույցի ՀՀ վերջին 25 տարվա իշխանություններին մեղադրում էր ազգային ամենաբարձր կարգախոսների տակ ժողովրդին թալանելու, ատկատ անելու եւ միլիարդներ դիզելու մեջ: Հասկանալի է, որ խոսքը 2018 թվականից առաջ եղած ժամանակի մասին է: Հանեք 18 թվից 25 եւ կստանաք 1993: Ահա՜, վիճակը լրջանում է: Պարզվում է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մեր առաջին նախագահը, նաեւ ատկատի հիմնադիր է: Ում ասես՝ չի հավատա: Մենք ուզում էինք պապիին հանել Մարտի 1-ի պատասխանատվության տակից, ու այսպիսի խայտառակությո՞ւն: Եվ ո՞վ է նման բան ասում, Նիկո՞լը, որ ազգային պահանջատիրությունն իջեցրեց շրիշակի մակարդակի, ու դեռ չգիտենք, թե ինչքան ատկատ է արել 2020թ. ապրիլի 24-ի իր «փայլուն» միջոցառումներով, որոնց առյուծի բաժինն իր ու Աննայի զբոսանքն է կազմում: Դարձյալ հաշվետվության խնդիր կա՝ ինչքա՞ն փող ծախսեցին ապրիլքսանչորսյան արարողությունների վրա: Սա՝ դեռ մի կողմ, իսկ ո՞ւր էր անհետացել ուղեկցող ջիպերի նախիրը, որ չերեւաց կադրում, Փաշինյանի թվարկած պաշտոնյաներն ու մնացած մարդիկ ինչքա՞ն պարգեւավճար են ստանալու կորոնավիրուսի ընձեռած այս հրաշալի հնարավորության արդյունքում: Այս ամենը պետք է ֆիքսել հաշվետվությամբ:
Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին 12 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Երեւի մի այդքան էլ Սերժի տարիներին են ճանաչել՝ չհաշված Ցեղասպանության մասին հռչակագիրն ու Ծիծեռնակաբերդ այցելած նախագահների ու վարչապետների թիվը: Եվ այս ամենը ոչ թե ատկատների շնորհիվ, այլ Հայաստանի եւ Սփյուռքի համադրված աշխատանքի: Մի՞թե ես պետք է գնահատեմ սա եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, որ հասավ այն բանին, որ նույնիսկ Ռուսաստանը, որտեղ ավելի մեծաթիվ հայություն կա, քան Հայաստանում, որեւէ կերպ չարձագանքեց Հայոց ցեղասպանության 105-ամյակին:

Ստում է Փաշինյանը, երբ ասում է, թե մենք «արեւածաղիկ չրթելով» էինք բարձրանում Ծիծեռնակաբերդ: Սա սարսափելի վիրավորանք է, որ նա հասցնում է 1965 թվականից այսկողմ, ամեն ապրիլի 24-ին, Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու նպատակով դեպի Ծիծեռնակաբերդ հորձանք տվող մի ողջ ժողովրդի: Նա չուներ այդ իրավունքը, չուներ հենց միայն այն պատճառով, որ այդ տարիներին կա՛մ ծնված չէր, կա՛մ սեղանի տակ էր վազվզում: Ավելին ասեմ՝ ապրիլքսանչորսյան ամենախայտառակ երթը հենց Նիկոլ Փաշինյանն է գլխավորել՝ Ծիծեռնակաբերդ բարձրացնելով մի զանգված, որին ծաղիկներ էին մատակարարում Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը եւ շատ ուրիշներ, որ գոնե մեկ րոպե կարողանային լռել եւ սրբատեղին չմունդռեին իրենց անպատեհ «հու-հու գըմփով»:

Այնպես որ, պարոն Փաշինյան, այս հարցում ես իմ տեսակետն ունեմ: Դուք դարձաք վերջին 55 տարիների մեր այն ղեկավարը, որի օրոք առաջին անգամ ապրիլքսանչորսյան երթ տեղի չունեցավ։ Կարող եք համարել, որ դա էլ կորոնավիրուսի ընձեռած լավ հնարավորություններից մեկն էր, ինչպես այն հնարավորությունը, որ Ձեզ թույլ տվեց ճողոպրել խայտառակ հանրաքվեից, դատական համակարգի վեթինգից, Մարտի 1-ի բացահայտումից, թոշակների ու աշխատավարձերի բարձրացումից, ներդրումների մասին խոստումներից ու շատ այլ բաներից, որոնց մասին կխոսենք, երբ կտեսնենք համաճարակի ընձեռած հնարավորությունների մասին Ձեր հերթական անմակարդակ լայվը: