Հասցեագրում են, հա հասցեագրում

Հասցեագրում են, հա հասցեագրում

Նախկինում որևէ անձի կամ հանրության կողմից ինչ-որ կառուցի ուղղված գրավոր կամ բանավոր տեքստի հրապարակումը բնութագրվում էր որպես հասցեագրում: Օրինակ՝ Ֆրանսիայի խորհրդարանին հասցեագրված հայտարարություն: Երբ 2018 թվականի գարնանը մեր միամտության շնորհիվ սրանք եկան իշխանության՝ աստիճանաբար փոխվեց ամեն ինչ: Եվ այդ թվում՝ «հասցեագրում» հասկացությունը: Դա, ենթադրաբար, «նոր» Հայաստանի դեմքն էր, որ ծաղկում ապրեց 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո: Դա նման է արվեստի տարբեր ճյուղերում կամ լեզվաբանության մեջ, օրինակ, նկարագրված երևույթին՝ այլաբանությանը (կամ այլախոսությանը): Երբ ասվում է մի բան, սակայն թե՛ խոսողը և թե՛ լսողը պատկերացնում են մեկ այլ, բայց նույն բանը: Օրինակ, բրիտանացի Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» ժամանակին ընկալվում էր որպես Խորհրդային Միության այլաբանություն: Այսօր, դժբախտաբար, այն ընկալվում է որպես այսօրվա Հայաստանի պատկերը:   

Վերադառնանք նախկինների օրոք հստակ ու ընկալելի՝ հասցեագրման երևույթի խեղաթյուրմանը: Ներկայացնեմ պատահական օրինակ համացանցից՝ «…Առաջարկները ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը» (ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձ, 21.03.2022 թ.): Նորմալ մտածողության պարագայում այս նախադասությունը կձևակերպվեր այսպես՝ «…Առաջարկներն ամբողջապես չեն ներկայացնում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը»:

Կարող է կարծիք ձևավորվել, որ, նախ, տարբերությունը մեծ չէ: Եվ երկրորդ՝ հետաքրքիր բառ է, ու հանգիստ կարող է փոխարինել մեկ այլ բառի: Այո, բայց դա արդեն ձևավորել է մտածողություն իշխանության վերին օղակներում: Այնտեղ հանգրվանած անձանց կողմից արցախցիների իրավունքների խնդիրը հասցեագրվում է արտերկրին: Բնականաբար, առաջին հերթին արևմտյան (իրենց ասելով՝ միջազգային) հանրությանը: Դրանով չբավարարվելով՝ նույն հասցեագրումն է արվում մեր պետականության անվտանգության ապահովման խնդրի առումով:

Ընդհանրապես, իրականությունը մտածողություն է ձևավորում, իսկ այնուհետև ձևավորված մտածողությունն ազդում է այդ իրականության վրա: Ազդեցությունը հանգեցնում է իրականության ավելի բարելավմանը կամ հակառակը՝ կախված թե ինչպիսի նախնական բնութագիր է ունեցել տվյալ իրականությունը: Հենց այդ տեսակետից էլ հարցը դիտարկելու դեպքում կերևա, թե որքան բացասական էներգիա է պարունակում իր մեջ «հասցեագրել» բայը: Որն, առաջին հայացքից, թվում է արտաքնապես նույնիսկ գեղեցիկ հնչեղություն ունեցող: Բայց վստահ եմ, որ ասվածը բացարձակ որևէ նշանակություն չունի Նիկոլի և նիկոլականների համար: Նրանց համար կարևոր է, որպեսզի խնդիրները հասցեագրվեն արտերկիր, մնացածն էական չէ: Եվ հասցեագրվեն հենց արևմտյան հանրությանը, որովհետև խուսափում են նույնիսկ Արցախի հարցում ռուսական ուղղությամբ հասցեագրումներ անելուց: Դա պայմանավորված է, բնականաբար, մեր տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացմամբ: Բայց, միաժամանակ, համապատասխանում է ռուսներին տարածաշրջանից հեռացնելու՝ թե՛ Արևմուտքի և թե՛ անձամբ Նիկոլի շահերին:     

Հասցեագրման երևույթի ամենամեծ բացասական ազդեցությունը արտերկրի վրա հույս դնելն է ու արևմտյան կառույցներից մեր բարդ հարցերի լուծումներ ակնկալելը: Դրա վերջին օրինակը Լաչինի միջանցքն ապաշրջափակելու՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի վերահաստատումն է նույն դատարանի կողմից: Ինչը էյֆորիա է առաջացրել իշխանական միջանցքներում և հատկապես ՀՀ ԱԳՆ-ում: Ինչպես երևում է, կարևորը ոչ թե Ադրբեջանին իրոք պարտավորեցնելն է, որպեսզի նա կատարի 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի իր պարտավորությունը, այլ դրա բարձրաձայնումն արևմտյան կառույցի կողմից: Իսկ թե ինչպես կարող է դա կյանքի կոչվել՝ մենք իմացանք ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում: Ինչը տեղի չի ունենում և, բնականաբար, տեղի չի ունենա երբեք մեր դեպքում: Բայց քանի որ թե՛ Նիկոլի և թե՛ նիկոլականների «գերագույն ջանքերն» ուղղված են ընդամենը հասցեագրումներին, ապա իրենք կարող են իրենց բավարարված զգալ: Ոչինչ, որ ավելի քան 4 ամիս դատարանի վճիռը կյանքի չի կոչվում: Իսկ Արցախում արդեն միայն հաց է մնացել, իսկ ձմռանն էլ բախվելու են մթի և ցրտի պրոբլեմներին:  

Հ. Գ.Ոմանք կարող են զարմանալ, թե Հայաքվեի նկատմամբ իշխանության վերաբերմունքը թողած՝ ինչ-որ հասցեագրման մասին եմ գրում: Բայց դրա նկատմամբ իշխանության վերաբերմունքը խիստ տրամաբանական է՝ իր շահերից բխած: Նույնիսկ այն կեղծ նարատիվը, թե այն պատերազմի հրձիգ է: Բա էլ ուրիշ ինչպես համոզեն մարդկանց, որպեսզի չստորագրեն այն: Իսկ համոզելու վաղնջական միջոցների մեկը հենց վախի զգացում առաջացնելն է՝ այն էլ պատերազմի նկատմամբ: