Հավատա՞լ արդյոք Երեւանի հակառուսական դրսեւորումներին

Հավատա՞լ արդյոք Երեւանի հակառուսական դրսեւորումներին

Հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2023» համատեղ զորավարժության անցկացման մասին ՊՆ տարածած պաշտոնական տեղեկատվությունը, Աննա Հակոբյանի՝ ինչ-որ համաժողովի մասնակցելու համար Կիեւ մեկնումը եւ հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի արած հակառուսական հայտարարություններն ու, առհասարակ, Հայաստանի վերջին շրջանի կեցվածքը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հանդեպ, կարծես թե, նվազագույն կասկած չեն թողնում, որպեսզի արձանագրենք՝ Հայաստանն աստիճանաբար եւ հաստատուն կերպով դուրս է գալիս ռուսական աշխարհաքաղաքական ուղեծրից եւ անցնում արեւմտյան աշխարհաքաղաքական ուղեծիր։

Գուցե իրականում էլ այդպես է։ Սակայն ես այդ արձանագրմանը կհավատամ միայն այն դեպքում, երբ, օրինակ, անկախ որեւէ վիճակագրական-փորձագիտական մարմին հայտարարի, թե հայ-ռուսական կամ Հայաստան-ԵԱՏՄ առեւտրաշրջանառության բալանսում ինչ փոփոխություններ են եղել՝ այն իմաստով, թե արդյոք Հայաստանը սկսե՞լ է թույլ չտալ այնպիսի ապրանքների ուղիղ կամ միջնորդավորված մատակարարումը դեպի Ռուսաստան, որոնք կարող են կիրառվել ռազմական նպատակներով։ Չմոռանանք, որ ոչ վաղ անցյալում արեւմտյան շրջանակներն ուղիղ խոսում էին այն մասին, որ Հայաստանն օգնում է Ռուսաստանին՝ շրջանցելու արեւմտյան սանկցիաները, կամ էլ՝ Հայաստանից դեպի Ռուսաստան ուղիղ կամ զուգահեռ մատակարարման եղանակով մի շարք ապրանքների արտահանման ծավալները բազմապատկվել են, որոնք, ընդ որում, կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։

Ինչու եմ հատկապես այս հանգամանքին ուշադրություն հրավիրում։ Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի հակառուսական կեցվածքի արտահայտումը չափազանց ցցուն է, ասես նախապես նպատակը հենց այն է, որ արեւմտյան շրջանակները տեսնեն դա։ Ու դա կարող է լինել պարզապես հերթական խաղը։ Տեղին է հիշել Դմիտրի Գորդոնի խոսքը, թե «ամենաթունդ հակառուսականության ջատագովները հենց Մոսկվայի հրահանգով հանդես եկողներն են»։ Իհարկե, չենք պնդի, թե, օրինակ, Երեւանի վերջին հակառուսական դրսեւորումները հենց Մոսկվայի կողմից են հրահանգավորված։ Ավելի ճիշտ, մեր տպավորությամբ՝ որոշակի ֆոն ստեղծելու միտում ունեն, որի նպատակը կարող է լինել այն, որ արեւմտյան որոշ շրջանակների ուշադրության դաշտից Երեւանը դուրս գա, որոնք Հայաստանին մեղադրում էին Ռուսաստանին աջակցելու մեջ։ Ի վերջո, եթե այս լույսի ներքո նայենք, Ռուսաստանին ձեռնտու կարող է լինել այս ամենը։ Սա ընդամենը վարկած է։ Չենք հերքի նաեւ, որ հնարավոր է՝ հենց իրականում Երեւանը, ինչպես ասում են, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն է կատարում։