Ռուսաստանը չի կարող, Արեւմուտքը չի ուզում, Թուրքիան շարունակում է ճնշել

Ռուսաստանը չի կարող, Արեւմուտքը չի ուզում, Թուրքիան շարունակում է ճնշել

Նիկոլ Փաշինյանը, արդեն հինգ տարուց ավելի զբաղեցնելով Հայաստանի վարչապետի պաշտոնը, այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել, թե իրականում ինչ արտաքին քաղաքականություն է վարում, ուր է տանում Հայաստանը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե նրա արտաքին քաղաքականության ուղղությունը շատ հստակ է` Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության տիրույթից եւ ինտեգրել արեւմտյան անվտանգային համակարգին, որ Հայաստանի անվտանգությունը երաշխավորեն ոչ թե Ռուսաստանը եւ նրա բանակը, այլ՝ ՆԱՏՕ-ն: Միայն թե Ռուսաստանի դժգոհությունը եւ հակազդեցությունը չեզոքացնելու համար Փաշինյանը մանեւրում է՝ փորձելով ռուսներին համոզել, որ ոչ թե ինքն է Ռուսաստանին դուրս մղում Հայաստանից, այլ Ռուսաստանն ինքնակամ դուրս է գալիս Հայաստանից: Ռուսաստանից փախչելու եւ Արեւմուտքում ապաստան չստանալու արդյունքն այն է, որ Փաշինյանի հայացքն ուղղվում է դեպի Թուրքիա՝ որպես իր եւ իր իշխանության անվտանգության միակ հուսալի երաշխավոր, որի գինը կարող է լինել միայն Հայաստանի անվերապահ թուրքացումը: Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Փաշինյանը բացահայտում է իր կողմից վարվող արտաքին քաղաքականության սնանկությունը եւ ձախողումը:

Փաշինյանը Հայաստանի անվտանգության հայեցակարգի կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը հիմնավորում է երկու հանգամանքով՝ Ռուսաստանի թուլությամբ եւ Ռուսաստանի՝ Հայաստանից գնալու ցանկությամբ: «Այսօր, երբ Ռուսաստանը զենքի, զինամթերքի եւ ռազմամթերքի կարիք ունի, այս իրավիճակում հասկանալի է, որ եթե ուզենա էլ, Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգության կարիքները: Այսինքն՝ այս օրինակը մեզ պետք է ցույց տա, որ անվտանգային ոլորտում կախվածություն կամ կապվածություն ունենալ միայն մի տեղից, դա ինքնին ռազմավարական սխալ է: Եվ մենք պոստֆակտում այդ սխալի դառը պտուղները ճաշակելուց հետո է միայն, որ ինչ-որ շատ աղոտ փորձեր ենք անում՝ դիվերսիֆիկացնելու մեր անվտանգային քաղաքականությունը»:

Փաշինյանը, ով իշխանության եկավ գունավոր հեղաշրջման արդյունքում, հայտարարում էր, որ հեղաշրջումը չունի արտաքին քաղաքական ենթատեքստ կամ արտաքին հովանավորներ: Մինչդեռ բոլոր գունավոր հեղաշրջումները կազմակերպվել են հենց հակառուսական ենթատեքստով, եւ դրանց հովանավորների միակ խնդիրը եղել է այդ երկրները ռուսական ազդեցության «տակից» դուրս բերելը: Մի կողմից ասելով, որ Հայաստանի իշխանությունն է քայլեր ձեռնարկում՝ դիվերսիֆիկացնելու անվտանգության քաղաքականությունը, մյուս կողմից Փաշինյանը Ռուսաստանին է մեղադրում Հայաստանը լքելու մեջ. «Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն բարձրաձայնում ենք մեր կարծիքը եւ մեր գնահատականը, որ, ընդհակառակը՝ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից: Բայց կան պրոցեսներ, որոնք, իհարկե, հանգեցնում են այդպիսի մտքի, որ կարող է նույն սցենարը կրկնվել, որ մի օր ուղղակի արթնանանք եւ տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ»:

Հիմա Հայաստա՞նն է դիվերսիֆիկացնում իր արտաքին քաղաքականությունը՝ Ռուսաստանին դուրս մղելով Հայաստանից, թե՞ Ռուսաստանն է իր քայլերի պատճառով հեռանում. Փաշինյանի տրամաբանությունն այնքան էլ պարզ չէ: Ինչ վերաբերում է «նույն սցենարը կրկնվելու» մասին հայտարարությանը, ապա դա ուղղակի նշանակում է, որ Փաշինյանը սպասում է, որ Ռուսաստանում եւս գունավոր հեղաշրջում տեղի կունենա, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհեռացվի իշխանությունից, Ռուսաստանում կսկսվեն քաոս եւ անիշխանություն, որի արդյունքում ռուսական բանակը կլքի Հայաստանի տարածքը: 

1917 թվականին, տարբեր գնահատականներով, Անգլիայի կամ Գերմանիայի հատուկ ծառայությունների կազմակերպած հեղաշրջման արդյունքում տապալվեց ցարական կառավարությունը, Ռուսաստանի կայսր Նիկոլայ Երկրորդն ընտանիքի հետ գնդակահարվեց, Ռուսաստանում սկսվեցին քաղաքացիական պատերազմ եւ անիշխանություն, Ռուսաստանը հեռացավ Հարավային Կովկասից, բայց՝ ընդամենը 3 ամսով: Այս սցենարը կրկնվելու մասին է երազում Փաշինյանը: Քանի որ նա ընդհանրապես պատմություն չգիտի եւ դրա համար պատմական զուգահեռներ անցկացնելիս օգտագործում է միայն իրեն հայտնի իրադարձությունները, ապա առաջիկայում կանդրադառնանք, թե Հայաստանի համար ինչ ողբերգություն կարող է լինել «սցենարի կրկնությունը»:

Բայց խնդիրը միայն Ռուսաստանին հեռացնելը չէ, որով Փաշինյանը պատրաստվում է փակել Հայաստանի անվտանգության հին եւ չաշխատող համակարգի հարցը: Մերժելով Ռուսաստանի անվտանգության համակարգը՝ Փաշինյանը չի կարողանում անվտանգության երաշխիքներ ստանալ Արեւմուտքից: Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի՝ մինչ այժմ ստորագրված չլինելու պատճառների մասին, նա ասում է. «Ինչո՞ւ փաստաթուղթը ստորագրված չէ: Հիմա գործնականում մենք խաղաղության պայմանագրի բանակցություններում հասել ենք այն տեղերին, որը վերաբերում է երաշխիքներին, թե որոնք են այն երաշխիքները, որ այս թղթի ստորագրումից հետո գործնականում բերելու են խաղաղության: Հենց որ այդ երաշխիքների շուրջ համաձայնությունը կայանա, դա նշանակում է, որ գործնականում կարելի է համաձայնությունը ձեռք բերված համարել»:

Քանի որ այդ բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջնորդությամբ, Փաշինյանը, ըստ էության, խոստովանում է, որ այդ երկրները Հայաստանին անվտանգության երաշխիքներ չեն տրամադրում, չեն երաշխավորում, որ եթե Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, իսկ Ադրբեջանը խախտի այդ պայմանագիրը, ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն կմիջամտե՞ն եւ կպարտադրե՞ն Ադրբեջանին՝ կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Նույնը վերաբերում է նաեւ Արցախին. Փաշինյանն արդեն մեկ տարուց ավելի ասում է՝ թող ռուս խաղաղապահները հեռանան, եւ միջազգային այլ ուժեր կամ մեխանիզմներ ներդրվեն՝ Արցախի հայերի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար, բայց ոչ մեկը հանձն չի առնում, որ ցանկություն ունի նման դերակատարում ստանձնել:

Փաստացի, Արեւմուտքը Փաշինյանին մղում է իրականացնել հակառուսական քաղաքականություն, Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, բայց չի ցանկանում զբաղեցնել ազատված տեղը, փոխարինել Ռուսաստանին: Մերժելով Ռուսաստանին եւ մերժվելով Արեւմուտքի կողմից՝ Փաշինյանի միակ հույսը մնում է Թուրքիան: Փաշինյանը Հայաստանի թուրքացումը բացատրում է այսպես. «Լրագրողը հարցրեց՝ ինչպե՞ս եք դիրքավորվում կամ՝ Դուք գտնվում եք Արեւմուտքի եւ Ռուսաստանի արանքում, ես ասացի՝ գիտեք, իրականում սխալ տպավորություն է, որ մենք Ռուսաստանի եւ Արեւմուտքի արանքում ենք: Մենք իրականում Վրաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի արանքում ենք, եւ, հետեւաբար, մեր պետության անվտանգության շահերն առաջին հերթին պարտադրում են, որպեսզի մենք կայուն եւ կարգավորված հարաբերություններ ունենանք մեր հարեւանների հետ՝ իհարկե, որեւէ կերպ չնսեմացնելով աշխարհաքաղաքական կենտրոնների դերը, ազդեցությունը, նշանակությունը եւ կարեւորությունը մեր տարածաշրջանի եւ, իհարկե, նաեւ մեր երկրի համար»: Չնսեմացնելով աշխարհաքաղաքական կենտրոնների դերը՝ Փաշինյանը միաժամանակ հասկանում է, որ միայն Թուրքիան կարող է իրեն ու իր իշխանությանն անվտանգության իրական երաշխիքներ տալ: Ինքն անընդհատ խոնարհվում է Թուրքիայի իշխանությունների առաջ, տարբեր զիջումների է գնում, ուրանում է ցեղասպանությունը, պատրաստակամություն է հայտնում՝ փոխել հայ ժողովրդի պատմությունը, բայց Թուրքիան շարունակում է ճնշել՝ ցույց տալով, որ միայն Հայաստանի վերացումն ու թուրքացումն են, որ կարող են բավարարել թուրքական իշխանություններին: «Կայուն եւ կարգավորված հարաբերությունների» փոխարեն Թուրքիան պահանջում է հպատակություն եւ բացարձակ հնազանդություն: Մերժված եւ արհամարհված լինելով ինչպես Ռուսաստանի, Արեւմուտքի, այնպես էլ Թուրքիայի կողմից, Փաշինյանը մի մտահոգություն ունի՝ հնարավորինս երկարաձգել իր պաշտոնավարումը, որպես իր անձնական անվտանգության եւ ֆիզիկական գոյության երաշխիք:

Ավետիս Բաբաջանյան