Չարենցավանի «իտալական ֆաբրիկան» ընդամենը 30-40 հոգանոց «չստիկի» ցեխ է

Չարենցավանի «իտալական ֆաբրիկան» ընդամենը 30-40 հոգանոց «չստիկի» ցեխ է

Երեխաներ են լինում, չէ՞, որ ասում ես՝ իսկը հոր կտորն է, օրինակ՝ հոր պես սուտասան կամ՝ հոր պես քաջ ու ազնիվ։ Հիմա մեր Վահան Քերոբյանն է՝ իսկը իր վարչապետի կտորն է, նրա պես գլուխգովան, նրա պես մանիպուլացնող, նրա պես չափազանցնող, սուտն իրականության տեղ հրամցնող, շուտ ոգեւորվող, չեղած տեղից խոստումներ տվող ու խոստումը հեշտությամբ դրժող։ Մի խոսքով՝ լրիվ իրար գտել են։ Մի տեղ մի երկու տոկոսի աճ են գրանցում՝ վարչապետով, նախարարով-բանով աշխարհով մեկ են անում, թե տարածաշրջանում Հայաստանն առաջատարն է տնտեսական աննախադեպ աճի ցուցանիշներով, հետո էլ սկսում են մեզ համոզել, թե այսքան աճ ենք գրանցել, էլ ի՞նչ եք ուզում՝ դուք պիտի արդեն լավ ապրեիք։

Երեկ նույն այս Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե դրսից աննախադեպ ներդրումներ են կատարվում Հայաստանում, եվրոպական ընկերությունների միգրացիա է նկատվում, ու բերեց Չարենցավանում ինչ-որ իտալական կարի ֆաբրիկայի օրինակը։

«Չարենցավանում իտալական շատ խոշոր՝ Laboteca ընկերությունը տեքստիլ արտադրամաս է հիմնել, այն հյուրանոցային տեքստիլի ամենախոշոր եւ ամենալյուքս կատեգորիայի մատակարարներից է։ Չարենցավանում հիմա ունեն գործարան, որտեղ կարում են խալաթներ, չստեր, սրբիչներ եւ այլն»,- հպարտորեն հայտարարեց Քերոբյանը։

Մենք դեմ չենք, իհարկե, որ եվրոպական խոշոր ընկերությունները ներդրումներ կատարեն Հայաստանում, այդ թվում՝ Չարենցավանում, ուստի փորձեցինք հետաքրքրվել ու հասկանալ, թե այդ ինչ խոշոր տեքստիլ արտադրամաս է բացվել Չարենցավանում, որի մասին առաջին անգամ ենք լսում, այն էլ՝ էկոնոմիկայի նախարարից, եւ որի հանդիսավոր բացմանը ոչ մի վարչապետ, մարզպետ ու նախարար մեծ շուքով չի մասնակցել։

Նախ, Չարենցավանում ում հարցրինք, պարզվեց՝ շատերն առաջին անգամ էին լսում այդ արտադրամասի մասին, իսկ որոշներն էլ մի կերպ տեղը բերեցին, որ «ինչ-որ չստիկների ցեխ պիտի լինի», բայց չգիտեն, թե ինչ ընկերություն է, ով է։ Մի քիչ ավելի պրպտելուց հետո պարզեցինք, որ Քերոբյանի ասած «իտալական շատ խոշոր Laboteca ընկերության տեքստիլ արտադրամասն» իրականում Չարենցավանի նախկին կարի ֆաբրիկայի տարածքում առանձնացված մի փոքր արտադրամաս է, որտեղ մոտ 30-40 մարդ է աշխատում, եւ կարում են հյուրանոցային հողաթափեր։ Տերն էլ, ասացին, HSBC բանկի մասնաճյուղերից մեկի տնօրենն է։ Ու այս ամենը Վահան Քերոբյանն այնպես ներկայացրեց, ասես դարի խոշորագույն ներդրումն է, մինչդեռ ընդամենը մի քանի հոգանոց ֆաբրիկայի մասին է խոսքը՝ փոքր ծավալներով արտադրանքով։

Ի դեպ, օրեր առաջ էլ Հ1-ի եթերում Քերոբյանը խոսում էր Ապարանում կառուցվելիք լեռնադահուկային մարզահամալիրի մասին եւ այն որպես դարի ներդրում ներկայացնում։ Այդ հարցազրույցից մի քանի օր անց՝ կառավարության նիստում, մերժվեց այդ առաջարկը, մարզադահուկային համալիրի փոխարեն կառավարությունը հավանություն տվեց գյուղատնտեսական ֆերմաների կառուցման ինչ-որ առաջարկի, իսկ ֆրանսիական հայտնի Կուրշավել հանգստավայրի հետ համատեղ իրականացվելիք 300 միլիոնանոց ծրագիրը մնաց թղթի վրա։ Դա նշանակում է, որ էկոնոմիկայի նախարարն անգամ նման պրոյեկտներից տեղեկացված չէ, եւ որոշումներն էլ առանց իրեն են կայացվում։