Իսահակյան գյուղում դու պետք է մարդուն փող տաս, որ մնա՝  70 հազար վարձ են ուզում

Իսահակյան գյուղում դու պետք է մարդուն փող տաս, որ մնա՝  70 հազար վարձ են ուզում

«Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը չէր ցանկանում զբաղվել իր մարզի տարբեր գյուղերում տեղավորված արցախցիներով, որոնք եկել են սեպտեմբերյան ողբերգական դեպքերից հետո, քանի որ տեղացի անապահովների, Գյումրու տնակների բնակիչների հոգսը բավական էր։ Բայց երբ սկսվեց բռնի տեղահանվածների հոսքը, տեսավ, թե ինչքան դժվար է արցախցիների համար Շիրակի գյուղերում տեղավորվելը, ապրելը, որոշեց կողքից չդիտել, այլ աջակցել։ Լվացքի մեքենաներով էր օգնում, վառելիքով։ 

Օրերս նրա ծանոթներից մեկն իր ծիրանի այգին էր քանդել։ Ծառը դարձավ ցախ արցախցի ընտանիքի համար։ Մարդիկ կան, ովքեր Շիրակում առաջին անգամ տեսան, որ կարելի է որպես վառելիք օգտագործել նաև աթարը։

«Արցախում փայտը լիքը, վառելիքը լիքը։ Չէին տաքացել աթարով, երբեք։ Անի, Աշոցք՝ ամենաաղքատ գյուղերն են։ Բագրավան գյուղում երեք ընտանիք ունենք։ Մարդիկ կան՝ մի ամիս մնացին ու հեռացան։ Չդիմացան մեր գյուղական պայմաններին։ Եկածների մեծ մասը չի պատկերացնում Շիրակի ցուրտ ձմեռը։ Ընտանիքները կարծես տնավորվել են, բայց ապագա չեն տեսնում, մի 2 ամսից մինչեւ մի տարի կմնան, դուրս կգան», - ասում է «Շիրակ կենտրոնի» ղեկավարը։ 

Շատերն արդեն փախել են գյուղերից Գյումրի, այլ քաղաքներ։ Մնացող ընտանիքներ էլ կան, բայց արդեն հասկանալի է, որ նրանց շատ ծանր կյանք է սպասվում՝ ասում է Վահանը։

«Ջրափում կով ենք նվիրել, անասնակեր, բայց հասկանում ենք, որ կմնան էնքան, որքան որ կթողնեն, որ բնակվի։ Ժամանակավոր կյանք է։ Նրանք հասկանում են, որ իրենք ժամանակավոր են ու չեն կպչում հողին։ Մտել եմ Իսահակյան գյուղ, որտեղ պետք է մի բան էլ դու փող տաս, որ մարդ մնա։ Պարզվում է՝ արցախցի կա, ամսական 70 հազար դրամ վարձ է տալիս։ Ոչ աշխատանք, ոչ բան, պարզ է, որ մարդը գնալու է՝ էդ նույն փողով Երևանում, կամ Գյումրիում մի սենյակ վարձի, իր գլուխը պահի», - պատմում է Վահան Թումասյանը։ 

Իհարկե, ոչ բոլորն են վարձով տները տալիս։ Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, օրինակ, իրեն պատկանող դատարկ տունը վերանորոգել է ու տվել է արցախցի ընտանիքի, անհատույց բնակվելու համար, բայց միևնույն է, սա էլ է ժամանակավոր։ 

Ըստ Թումասյանի, տեղական ինքնակառավարման մարմինները ոչինչ չեն անում արցախցիներին Շիրակի մարզի դատարկված գյուղերում պահելու համար։ «Նրանց թվում է, թե միայն հարկ հավաքելու, մեկ էլ մեկ- մեկ օգնություն տալու համար են։ Մինչդեռ համայնքների մակարդակով շատ բան կարելի է անել»։ Օրինակ, իր կարծիքով՝ ի՞նչ պետք է աներ պետությունը, համայնքների ղեկավարները, որ չեն արել։ Այս հարցին աղքատ խավի հետ մի քանի տասնյակ տարվա աշխատանքի փորձ ունեցող Վահանը ասում է․ «Առաջին հերթին պետք էր դատարկ տները հաշվել, պետությունը դրանք պետք է գներ ու տար այս մարդկանց, որ մի բան ունենան, հանուն ինչի պետք է մնան, կմնան։ Համայնքի ղեկավարների, գյուղերի ղեկավարների ֆուկցիան միայն հարկ հավաքել ու տեղեկանք տալը չպետք է լինի։ Նրանք պետք է նախաձեռնող լինեն։ Ճգնաժամային իրավիճակում պետք է կարողանան միջոցներ գտնել, մոբիլիզացնել, որ օգնեն մարդկանց, հարցեր բարձրացնեն իշխանության առաջ, պետք է հողամասեր, պահուստային հողեր գտնեին, առաջարկեին այդ մարդկանց»։ Ըստ Վահան Թումասյանի, արցախցիներին առաջին ամսում շատերն էին ուզում օգնել։ Կային մարդիկ, որոնք մի հազար դրամ ուրիշի վրա չեն ծախսել կյանքում, բայց արցախցիներին օգնում էին։ Հիմա այս ալիքը մարում է։ Արցախցիները մնում են միայնակ՝ սարսափելի սոցիալական խնդիրների հետ։

«Մարդ կա, ամեն օր սիգարետի փող է ուզում, մինչև հիմա 100 հազարը չեն տվել։ Այսօր զանգել էր, ասում էր՝ գնացել է 100 հազարի հետևից, էլի չկա։ Հացի փող են ուզում, հագուստ, վառարան», - ասում է Վահան Թումասյանը, պատասխանելով, թե ինչի կարիք ունեն արցախցիները։