Ի՞նչ է ուզում ասել Բաքուն

Ի՞նչ է ուզում ասել Բաքուն

Նախօրեին Ադրբեջանի լրատվամիջոցներով տարածվեց տեղեկատվություն, որ կրոնական հարցերի պետական գործակալությունը կազմակերպել է Ադրբեջանում գործող քրիստոնեական համայնքների ներկայացուցիչների այց դեպի Դադիվանք։ Առանձնակի շեշտվում էր աղվանա-ուդիական համայնքի մասին։ Էքսկուրսիայի առիթը քրիստոնեական Զատկի տոնն է եղել։ Հասկանալի է, որ Ադրբեջանը հերթական քարոզչական ակցիան է իրականացնում՝ փորձելով միանգամից մի քանի ուղղությամբ միավորներ վաստակել․

• Առաջին հերթին փորձում է ներկայանալ որպես մի երկիր, որտեղ կողք-կողքի խաղաղ գոյատեւում են տարբեր կրոնական եւ հարանվանական համայնքներ, եւ պետությունն աջակցում է բոլորին։
• Փորձում է հեռահար հասկացնել, որ հայ-ադրբեջանական խաղաղ գոյակցությունը հնարավոր է։ 
• Փորձում է հասկացնել, որ չնայած Դադիվանքում հայ հոգեւորականներ կան, վանքը ռուս խաղաղապահների հսկողության ներքո է, սակայն իրենք են դրության տերը, քանի որ կարծես թե մի տարի կամ մի փոքր ավելի ժամանակ է, ինչ հայ ուխտավորների մուտքը Դադիվանք արգելափակված է։ Ո՛չ ռուս խաղաղապահները, ո՛չ առավել եւս հայկական կողմը չեն կարողանում այդ խնդիրը մինչ այժմ կարգավորել։

• Ինչպեսեւ կարելի էր սպասել, հերթական անգամ Ադրբեջանը փորձում է Ղարաբաղի՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով իր հսկողության տակ հայտնված տարածքներում առկա հայկական քրիստոնեական ժառանգության հուշարձանները ներկայացնել որպես աղվանա-ուդիական, ինչպես որ ողջ Ադրբեջանի տարածքում հայկական քրիստոնեական ժառանգության հուշարձաններն է ներկայացնում, մի բան, որ Իլհամ Ալիեւի վարչակազմի հակահայկական գծի անբաժանելի բաղադրիչն է, ինչի մասին բազմաթիվ անգամներ ասվել-խոսվել է, բայց կարծես թե Ալիեւի վարչակազմի վրա ազդելու որեւէ միջոց այս առումով չկա։