Ոստիկանները հետապնդել և երեք անձի բերման են ենթարկել

Ոստիկանները հետապնդել և երեք անձի բերման են ենթարկել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, առավոտյան ժամը 6-ին Ֆրանսիայի հրապարակում հերթական սադրանքը տեղի ունեցավ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Ինչ-որ մեկը անարգել, ոստիկանների աչքի առաջ կարողացավ ճեղքել բազմաթիվ ոստիկանների եւ կարմիր բերետավորների շղթան ու քշել վրանի վրա, որի մեջ քաղաքացիներ կային: Որեւէ հնարավորություն չկար հասկանալու, թե ինչ վնաս կարող էր հասցվել քաղաքացիներին:

Այս ամբողջ ընթացքում որեւէ ոստիկան չի ֆիքսել մեքենայի համարը, չի կարողացել այդ անօրինական գործողությունը կասեցնել: Այդ մարդը անարգել քշել է վրանի վրա: Դե պատկերացրեք, թե ինչ կլիներ քաղաքացիների հետ էդ վրանում: Հիմա փորձում են պարզել, հուսանք, կկարողանան այսքան բազմաթիվ տեսախցիկների մեջ այդ հարցը լուծել»:

ՀՀ Ոստիկանության հանրային կապերի եւ լրատվության վարչությունից Hraparak.am-ին հայտնեցին, որ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հետապնդել և Մերսեդես մակնիշի մեքենայով երեք անձի բերման են ենթարկել Կենտրոնական բաժին։ Նախապատրաստվում են նյութեր։