Նախկինների ոգով՝ ընդդեմ նախկինների

Նախկինների ոգով՝ ընդդեմ նախկինների

Նույնիսկ եթե չլիներ «մասը տալու գնով ամբողջը պահպանելու» աննորմալ նիկոլական դրույթը՝ ձեւակերպված 2008 թվականի գրվածքում։ Նույնիսկ եթե չլիներ այն կյանքի կոչելու՝ «մի քանի հազար զոհի գնով Արցախի խնդիրը դուրս կգա արանքից» մեխանիզմը։ Նույնիսկ եթե չլիներ այդ տեսլականով պատերազմ հրահրելու եւ այն գիտակցաբար պարտության տանելու (հիշենք՝ «Ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք զգալու» արտահայտությունը պատերազմի հենց առաջին օրը) հանգամանքը։ Նույնիսկ եթե չլիներ պարտությունից հետո գոնե ինքնակամ հրաժարական չտալու (էլ չեմ խոսում ճապոնացի արժանապատիվ սամուրայների հանգույն ինքնասպան լինելու մասին) հանգամանքը։ Նույնիսկ եթե չլիներ պարտվածի հոգեբանությամբ թշնամուց խաղաղություն մուրալու մարմաջը, ապա 2018 թվականի ապրիլին ողջ ժողովրդի «արթնացումն» ի չարս գործադրելը բավարար է, որպեսզի «նիկոլ» հասարակ անունն անեծքի նյութ դառնա հայ ժողովրդի հետագա սերունդների բերանում: Իհարկե, եթե կարողանանք այդ չարիքի դեմն առնել ու երկիրը փրկել կործանումից:

«Ժողովրդի «արթնացումն» ի չարս գործադրել» արտահայտությունը նույնիսկ շատ մեղմ է հնչում: Եթե Նիկոլ կոչվածի փոխարեն «արթնացման» գործընթացը տաներ գրագետ, ազնիվ եւ արդարամիտ մեկը, ապա նախկինների իշխանության բոլոր անընդունելի դրսեւորումները մեկառմեկ կարձանագրվեին: Կմշակվեին դրանք աստիճանաբար վերացնելու երկարաժամկետ ծրագրեր, եւ այդ ծրագրերը կյանքի կկոչվեին: Եվ ոչ թե առանձին մեղքեր կառանձնացվեին ու կօգտագործվեին պոպուլիստական եւ, որ նույնն է՝ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով: Հատկապես որ հանուն պետության զարգացման փորձ եւ այն էլ՝ բարեհաջող, իրականացվել էր 20-րդ դարի երկրորդ կեսին Սինգապուր կոչված անգլիական գաղութում: Եվ ազգությամբ չինացի ընդամենը մեկ անձի ջանքերով եւ համառ պայքարի արդյունքում: Որի անունը Լի Քուան Յու էր, եւ որը նախկինների օրոք եւ նրանց հրավերով, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, երկու անգամ այցելել է Հայաստան: Այդ անձը կռիվ է տվել թե՛ արտաքին եւ թե՛ ներքին հակառակորդների հետ, կռիվ է տվել սեփական ժողովրդի բազմաթիվ թերությունների դեմ: Ու վերջնարդյունքում հաղթելով՝ աղքատ ու փոքր կղզին Հարավ-արեւելյան Ասիայի «մարգարիտի» կերպարով ժառանգություն է թողել իր հետնորդներին:

Դրա փոխարեն, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նախկինների դեմ պայքարի անվան ներքո ընդօրինակեց նախկինների բոլոր բացասական գծերը: Ընդօրինակելով եւ օգտագործելով հանդերձ՝ շարունակեց նախկիններին մեղադրել բոլոր այն մեղքերում, որում շատ վաղուց ինքն է թաղված: Ինքն ու իր մերձ շրջապատը: Այնինչ ինքը կարող էր կազմել երկարաժամկետ ծրագիր եւ մեկառմեկ հասարակության միջից հաներ դրանք: Բայց ինքը, դժբախտաբար, ո՛չ հայրենասեր էր, ո՛չ գրագետ էր եւ ո՛չ էլ խելացի, որպեսզի տեղյակ լիներ վերը նշված Լի Քուան Յուի գործունեության մասին: Սակայն, որպես իշխանատենչ մեկը, տեղյակ էր Մահաթմա Գանդի սոցիալական բողոքի (ընդդեմ աղային հարկի) խաղաղ արշավի հաջողությունից եւ դա կիրառեց Հայաստանում:

Ինչեւէ, Նիկոլի շնորհիվ այսօր մենք ապրում ենք աննորմալ մի երկրում. ինքն ու իր «ուսապարկերը» մեղադրում են նախկիններին հենց այն մեղքերի մեջ, որոնցում այսօր թաղվել են իրենք: Իսկ հասարակության նիկոլապաշտ հատվածը՝ առանց դա գիտակցելու, ձայնակցում է Նիկոլին եւ մերժում նախկիններին: Նախկիններին մերժելն էլ ոչ թե հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի է, այլ Նիկոլի եւ նրա «ուսապարկերի» այսօրվա ու վաղվա «կայֆերի»: Եվ որպեսզի վերջիններս «Աստվածների չաթ» անվանումով խումբ ստեղծեն սոցիալական ցանցերից մեկում ու մեզ նման մահկանացուների ճակատագրերը որոշեն դրանում: