Ի՞նչ եք առաջարկում՝ թողնենք, որ ինքն էլ, մեր պետությունն էլ կործանվե՞ն

Ի՞նչ եք առաջարկում՝ թողնենք, որ ինքն էլ, մեր պետությունն էլ կործանվե՞ն

Հարցազրույց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի հետ

- Ընդդիմությունը, այս պահին՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, Արցախի ու մեր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին կոչ է անում՝ գնալ Ազատության հրապարակ եւ միանալ իրենց պայքարին։ Դուք ինչո՞ւ չեք միանում։

- Նախ պետք է հասկանանք, որ այն տեսակետները, որոնք հնչում են, դրանց հիմքում ինչ է ընկած։ Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը դիրքավորվել է հետեւյալ կերպ․ մեջբերում է իշխանության տեսակետները՝ հիմնավորելով, որ դրանք խնդրահարույց են, եւ ասում է, որ իշխանությանը պետք է հեռացնել։ Ես կարծում եմ՝ քանի դեռ մարդիկ որեւէ ընդդիմադիր ուժից՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական, չեն լսել բուն խնդիրների լուծման իրատեսական բանաձեւ, որեւէ կերպ չեն աջակցելու։ Որովհետեւ ասել, որ տվեք լիազորությունը, տվեք իշխանությունը մեզ, մենք ավելի լավ կվարվենք, բնականաբար՝ խոսում է իրական օրակարգ չունենալու մասին։ Եթե լուծման բանաձեւի մասին չես խոսում եւ չես տալիս լուծման գոնե ընդհանրական դրույթները, ապա քեզ որեւէ մեկը չի տալու նոր վստահություն՝ խնդիրն այլ կերպ լուծելու։

- Իրենք չեն ասում՝ տվեք մեզ, որ մենք գանք լուծենք, իրենք ասում են՝ եկեք հեռացնենք այս իշխանությանը, որը ոչ միայն չի լուծում, այլեւ պարբերաբար խնդիրներ է առաջացնում, հեռացումից հետո կորոշեք՝ ում բերել իշխանության։

- Պարզ է, որ դա իրենք իրենց մասին են խոսում, բայց, միեւնույն է՝ մարդիկ փորձում են լսել այլընտրանքային մոտեցումներ։ Այն, որ հիմա Հայաստանը որոշակի առումով հետքայլ է անում Արցախի հարցում, դա ակնհայտ է եւ դա բխում է հետպատերազմյան հետեւանքներից։

- Իսկ դա նորմա՞լ է։

- Դա հետպատերազմյան շատ կանխատեսելի իրավիճակ է։ Նորմալ չէ, որեւէ մեկի համար ընդունելի չէ, ընկալելի էլ չէ, բայց դա այն է, ինչ ունենք։

- Այսինքն՝ Ձեզ համար ընդունելի՞ են Փաշինյանի ասածները, որ պետք է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնենք, որ՝ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։

- Մեզ համար գործողությունների պատճառահետեւանքային կապը հասկանալի է, եւ այն, որ հիմա առաջարկվում են այդ «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները, այս պահին մենք դրան այլընտրանք չենք տեսնում։ Եվ եթե կա որեւէ ընդդիմադիր ուժ, որը պատրաստակամ է Փաշինյանին հեռացնելու, պետք է հայտարարի՝ ինչ այլընտրանք ունի նա, ինչի շուրջ է բանակցելու։

- Լավ, դուք ընդդիմությո՞ւն եք։ Ի՞նչ ուժ եք դուք հիմա, որպես քաղաքական կուսակցություն՝ ձեր սեռը ո՞րն է։

- Մենք խորհրդարանական ընդդիմություն էինք մինչեւ վերջին ընտրությունները։ Դրանից հետո մենք գործում ենք հետեւյալ կերպ՝ եթե կա ինչ-որ բան քննադատելու, մենք քննադատում ենք իշխանություններին, եթե ոչ, եթե կողմ ենք, ապա սատարում ենք։ Ընդդիմություն, թե իշխանություն՝ որոշվում է խորհրդարանական ուժերի մեջ։ Ես կարծում եմ, որ մեր պարագայում այդ բաժանումը քաղաքագիտական տրամաբանության մեջ՝ կարող ենք ասել, որ ընդդիմություն ենք, որովհետեւ իշխանություն չենք։

- Բայց իշխանության կցորդն եք։

- Չէ, «Լուսավոր Հայաստանը» կոալիցիոն ուժ չէ։ Եթե Ձեզ հետաքրքիր է դասական քաղաքագիտական ձեւակերպումը՝ մենք ընդդիմություն ենք, այո։

- Ծառուկյանը կասեր՝ դուք կլասիկ ընդդիմություն եք, բայց ձեզ կլասիկ ընդդիմության նման չեք պահում, որովհետեւ կատարում եք Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարությունները։

- Որովհետեւ այն ընդդիմադիր ուժերը, որոնք ուզում են Փաշինյանին հեռացնել՝ իրենք գան իշխանության, մեզնից ակնկալում են համապատասխան վարքագիծ։ Իսկ մենք, հասկանալով, որ իրենք այլեւս որեւէ անելիք չունեն իշխանության ղեկին, ու Փաշինյանին հեռացնենք, որպեսզի իրենք գան իշխանության, մենք նման օրակարգ չունենք։

- Դուք չեք ուզում Փաշինյանին հեռացնե՞լ, թե՞ չեք ուզում, որ նախկինները վերադառնան։

- Էս խոսակցությունն ակտուա՞լ է ընտրություններից հետո, որտեղ Փաշինյանը ստացել է բացարձակ մեծամասնություն:

- Ձեզ համար պատի՞վ է Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարությունները կատարելը, խոսքն Էդմոն Մարուքյանի մասին է՝ որպես հատուկ հանձնարարություններով դեսպան։

- Եթե մենք կարող ենք պետությանը մի գրամ օգուտ տալ որեւէ պետական պաշտոնում, դա մեզ համար պատիվ է։ Ովքեր որ մեզ ասում են, թե մենք կատարում ենք Փաշինյանի հանձնարարությունները, էդ մարդիկ իրենց արշինով են չափում, երեւի Սերժ Սարգսյանի, Քոչարյանի ժամանակ իշխանությունների ապօրինի հանձնարարություններն են կատարել, հիմա նույն բանում մեզ են մեղադրում։ Մենք գտնում ենք հետեւյալը, որ մեր անելիքը պետության ամրացման գործում ոչ թե, ասենք, Ազատության հրապարակում է, այլ արտաքին դիվանագիտական ճակատում։

- Ի՞նչ է անում Էդմոն Մարուքյանն արտաքին դիվանագիտական ճակատում՝ բացի Արցախ գնալուց եւ ընդդիմության դեմ «ստատուսներ» գրելուց։ Այսքան ժամանակ որ նման դեսպան չունեիք, մեր արտաքին դիվանագիտությունը ճաքե՞ր էր տվել։

- Մենք խոսում ենք այն մասին, թե ինչ նպաստ կարող ենք բերել։ Հիմա դա նույնն է, որ ասենք՝ Վահե Մակարյանը լինի լրագրող, թե չլինի լրագրող, դրանից ի՞նչ է փոխվում։

- Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ ասել, թե ինչ է փոխվել, երբ ես եղել եմ լրագրող՝ օգտագործելով իմ գործիքները։

- Ես էլ կարող եմ բազմաթիվ դեպքեր բերել Էդմոն Մարուքյանի ԵԽԽՎ-ի աշխատանքից, հազար ու մի միջխորհրդարանական աշխատանքներից։

- Էդմոն Մարուքյանը դեսպան է աշխատում մի երկրում, որի ԱԳ նախարարը կապ չունի դիվանագիտության հետ՝ մասնագիտությամբ պատմաբան է, մեկ այլ պատմաբան էլ՝ Սուրեն Պապիկյանը, երկրի պաշտպանության նախարարն է։ Հիմա Մարուքյանը գնալու է լրացնի երկու պատմաբանների բա՞ցը։

- Ինչքանով որ կստացվի։ Մեզ մանդատ չեն տվել, որ մենք ունենանք արտաքին գործերի նախարար։ Եվ երբ որ մեզ նման մանդատ չտվեցին, մեր առջեւ հարց կար՝ կա՛մ մենք անում ենք այն, ինչ որ կարող ենք, կա՛մ ընդհանրապես ոչինչ չենք անում։

- Շատերը, որ համակրում էին Ձեզ, ափսոսանքով նշում են, թե ինչպես կարելի էր մի «քոսոտ» պաշտոնի համար գնալ եւ ծախվել իշխանություններին։

- Էդ ասողներն իրենց կյանքում էնքան մարդկանց են ծախվել, որ նույն բառապաշարով մեզ են դիմում։ Այսինքն՝ պաշտոն ասելն ի՞նչ է նշանակում․ կաբինետ, աշխատավարձ, էդքան բա՞ն։ Մենք ոչ մի բան չենք շահում այդ պաշտոնից։ Էդմոն Մարուքյանն էդ պաշտոնից ոչ մի բան չի շահում։ Մենք էդտեղից միայն վնասով ենք դուրս գալիս՝ անձնապես եւ առանձին վերցված։ Բայց մենք սա չենք արել մեր անձի համար, մեր կուսակցության համար։ Մենք պետության համար ենք անում։

- Հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակվելուց մոտ մեկ տարի առաջ Էդմոն Մարուքյանը նույն Փաշինյանի հասցեին ասում էր․ «Ամենալավ ձեւակերպումը տվել ա առաջին նախագահը՝ ազգակործան պատուհաս։ Դասական, դասական ձեւակերպում ա»։ Հիմա ինքը, փաստորեն, ազգակործան պատուհասի հանձնարարություններն է կատարում։

- Մեր երկրում ընդունվում են օրենքներ, կան տարբեր պետական պաշտոնյաներ, որ հրամաններ են ստորագրում, մենք չենք հրաժարվում, չէ՞, էդ օրենքները կատարել, չենք հրաժարվում այդ պաշտոնյաների տված հրահանգներից բխող իրավական ակտերին հետեւել։ Հիմա մենք ունենք վարչապետ, ուզում ենք դա, չենք ուզում, սիրում ենք, ատում ենք․․․

- Որն «ազգակործան պատուհաս» է։

- Որն ազգակործան պատուհաս է, լավ։ Հիմա մենք նայում ենք հետեւյալը․ մեր պետությունը կանգնած է ծայրահեղ ծանր վիճակում, դա բոլորը կիսում են, չէ՞․․․ հա, էդ մարդու պատճառով, ու լիքը պետական գործիչներ, լրագրողներ ասում են՝ գիտե՞ք, մեր պետությունը ծանր վիճակում կանգնած է էս մարդու պատճառով, եկեք ընդհանրապես իրեն ոչ մի աջակցություն չցուցաբերենք, թողնենք, որ ինքն էլ կործանվի, պետությունն էլ։ Հա, վատ վիճակում է, լավ՝ ինքն է բերել էս վիճակին, այսինքն՝ մենք թողնենք, որ ինքն էլ, մեր պետությունն էլ կործանվե՞ն։