Գյումրեցիները բացասական են վերաբերվում ՔՊ-ի այս որոշմանը

Գյումրեցիները բացասական են վերաբերվում ՔՊ-ի այս որոշմանը

Գյումրու ավագանու հետ կապված իրադարձությունների շուրջ զրուցել ենք Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանի հետ։

- Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչու «Քաղպայմանագիրը» խզեց «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցության պայմանագիրը։ Ըստ Ձեզ, ի՞նչ իրադարձություններ են սպասվում առաջիկայում։

- Այս պահին շատ բարդ է որեւէ ձեւով մեկնաբանել, թե ինչ է սպասվում առաջիկայում։ Բայց երբ տեսնում ենք, թե իրադարձություններն ինչ ժամանակներում են տեղի ունենում Գյումրիում, դա ինձ թույլ է տալիս կարծել, որ իշխանությունը ցանկանում է Գյումրիում էլ տեղական իշխանությունը վերցնել իր ձեռքը։ Վերջերս մեր հանրությունը նման օրինակ տեսավ Ալավերդիում, երբ մեկ այլ կուսակցությամբ ընտրված ղեկավարին հեռացրին համայնքի ղեկավարի պաշտոնից՝ անվստահություն հայտնելով։ Վանաձորում թույլ չտվեցին, որ ընտրված ղեկավարը՝ Մամիկոն Ասլանյանը, ստանձնի համայնքի ղեկավարումը, ով մինչ այս պահը կալանքի տակ է։ Այս ամենի համատեքստում կարելի է ենթադրել, որ ՔՊ-ն փորձելու է իշխանություն վերցնել բոլոր այն համայնքներում, որտեղ իշխանություն չէ, եւ ազատվելու են մեկ այլ կուսակցությունով կամ դաշինքով ընտրված ղեկավարներից։ Այս նպատակին հասնելու համար փորձում են ստեղծել ապակայունացնող իրավիճակ եւ այդ ֆոնին գալ համայնքներում իշխանության։

- Ընտրություններից հետո «Բալասանյան դաշինքի» եւ ՔՊ-ի միջեւ կնքված պայմանագրով համայնքի ղեկավարումն իրականացնելու էին համատեղ՝ կոալիցիոն սկզբունքով, որի համաձայն՝ ՔՊ-ն նշանակումներ էր արել․ փոխքաղաքապետների եւ այլ պաշտոններում ՔՊ անդամներն էին, որոնք այժմ հրաժարվել են պաշտոններից։ Այժմ «Բալասանյան դաշինքն» այդ պաշտոններում նշանակումներ արե՞լ է, եւ նրանց կհաջողվի՞ նշանակումներ անել թափուր մնացած պաշտոններում։

- Այս պահին նոր նշանակումների մասին տեղեկություններ չկան։ Դիմումները նոր են ներկայացվել, եւ այս փուլում դեռ վաղ է ինչ-որ բան ասել, թե ինչպես կլինեն նոր նշանակումները, եւ ինչ հունով կընթանա այդ պրոցեսը։

- Ավարտվում է 2023 թվականը, եւ համայնքները քննարկում են 2024 թվականի համայնքային բյուջեն, որը պետք է ավագանին հաստատի։ Գյումրիում ստեղծված իրավիճակում հնարավոր կլինի՞ նիստեր անցկացնել, բյուջե ընդունել։

- Օրերս Գյումրիում կայացել է ավագանու նիստ, եւ օրակարգում եղել է 30 հարց, գրեթե բոլոր հարցերը քննարկվել են։ Նիստն անցել է բնականուն հունով, որին ներկա են եղել ավագանու անդամ բոլոր քաղաքական ուժերը։ Ինչ վերաբերում է բյուջեի քննարկմանը, ապա վաղ է ասել, թե ինչպես կանցնի։ Իրադարձությունների հնարավոր զարգացումը եւ կանխատեսումն այս պահին մեզ համար բարդ է։

- Եթե իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես զարգացան Ալավերդիում, որտեղ ՔՊ-ն անվստահություն հայտնեց համայնքի ղեկավարին, եւ նման սցենար զարգանա նաեւ Գյումրիում, ապա ՀՀԿ խմբակցությունը, Ձեր ղեկավարությամբ, կաջակցի՞ «Բալասանյան դաշինքին»։

- Այս պահին դեռ մեզ համար էլ պարզ չէ, թե դեպքերն ինչպես կզարգանան, բայց ՀՀԿ-ն բացառում է ՔՊ-ի հետ համագործակցության որեւիցե հնարավորություն։ Ավագանու կազմը բազմազան է․ «Բալասանյան դաշինքն» ունի 14 ավագանու անդամ, ՔՊ-ն՝ 11, «Զարթոնք» կուսակցությունը՝ 4, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2, ՀՀԿ-ն՝ 2 անդամ։ Պետք է տեսնել, թե իրադարձություններն ինչպես են զարգանալու՝ մյուս ուժերն ինչպիսի հայտարարություններ են անելու, երբ հասունանա նման պրոցես, մենք նույնպես մեր դիրքորոշումը եւ հետագա անելիքների մասին կհայտարարենք հանրությանը։

- Այս իրադարձություններն ինչպե՞ս են ընդունում գյումրեցիները։

- Գյումրեցիները, որքանով ես եմ հասկանում տարբեր շրջանակների հետ շփումներից, բացասական են վերաբերվում ՔՊ-ի այս որոշմանը՝ մտավախություն ունենալով, որ այս ճանապարհով փորձում են Գյումրիում եւս իշխանություն ստանալ, հաշվի չառնելով իրենց ընտրության արդյունքները։ Ավելի վաղ, երբ «Բալասանյան դաշինքը» համագործակցության հուշագիր կնքեց ՔՊ-ի հետ՝ ընտրություններից հետո, որով համատեղ պետք է իրականացնեին համայնքի ղեկավարումը, գյումրեցիների մոտ դեռ այն ժամանակ կար բացասական վերաբերմունք հենց «Բալասանյան դաշինքի» այդ որոշման մասով։ Այն դժգոհությունների առիթ էր դարձել դեռ այն ժամանակ։