Կարող ենք գնալ գումարների հետևից․ ԼՂ-ում ՀՀ-ի հատկացրած միջոցների մի մասն ապօրինի է ծախսվել

Կարող ենք գնալ գումարների հետևից․ ԼՂ-ում ՀՀ-ի հատկացրած միջոցների մի մասն ապօրինի է ծախսվել

Գրել էինք, որ Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում է ընդգրկված 11 հարց։ Քիչ առաջ Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախարարի պնդմամբ՝ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի ԼՂ կառավարության և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը։ 

«Մտահոգություն կա, որ ԼՂ-ում ծախսված միջոցների մի մասը կարող է այլ նպատակների ծառայած լինել։ Մասնավորապես Հայաստանում և արտերկրում։ Այս առումով կցանկանամ իրավապահների ուշադրությունը հրավիրել»,- քիչ առաջ նշեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՝ դիմելով  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին ։

«Ապօրինի ծախսված այդ միջոցները պետք է հօգուտ Հայաստանի բռնագանձվեն ու օգտագործվեն պետության համար»,- պնդեց Արշակյանը։

«Ճիշտ եք, և ներկայացված օրենքի նախագիծը հենց դա էլ նախատեսում է, որ ողջ պարտավորության գումարի՝ 315 մլրդ դրամի նկատմամբ Հայաստանն ստանում է իրավունք, պահանջի իրավունքները զիջվում են Հայաստանին։ Մենք կարողանալու ենք հետագայում գնալ գումարների հետևից։ Եթե բացահայտվեն խնդրահարույց դեպքեր, կարողանանք գումարի պահանջ ներկայացնել»,- արձագանքեց նախարար Հովհաննիսյանը։