Ներսի ու դրսի թշնամին

Ներսի ու դրսի թշնամին

Նորից Վարդենիսում կրակում են, եւ 19-ամյա պատանի է զոհվել: Սահմաններին կրկին թշնամին զորք է կուտակել եւ ռազմաշունչ հռետորաբանություն է բանեցնում` փորձում է զիջումների պատրաստ ՀՀ իշխանություններից կորզել իր ուզածը: Սակայն որքան արտաքին թշնամու հանդեպ խաղաղասիրաբար է տրամադրված մեր իշխանությունը` հակված զիջումների, նույնքան անզիջում է «ներքին թշնամիների» նկատմամբ: Ներքին թշնամին, բնականաբար, ընդդիմությունն է, մանավանդ այն անձինք եւ ուժերը, որոնք ընտրություններում հաղթել են եւ ամբիոններից քննադատում են վարչապետին ու ՔՊ-ին:

Ընդ որում` դա անխտիր բոլորին է վերաբերում. հանրահավաքներ անող Ազգային ժողովրդավարական բեւեռին` նախկին «Սասնա ծռերին», որոնց նկատմամբ երեկ դաժան դատավճիռներ արձակեց վերաքննիչ քրեական դատարանը: Սյունիքում Նիկոլ Փաշինյանին վատ ընդունած համայնքապետերին, որոնց ամիսներ շարունակ բանտում պահելուց հետո երեկ ստիպված եղան ազատ արձակել` Սահմանադրական դատարանի վճռով: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթած համայնքապետերին, որոնց նկատմամբ նորանոր քրեական գործեր են հարուցվում, իսկ Վարդենիսում անգամ կալանավորեցին հաղթած թեկնածուին, մյուս թեկնածուի տանն էլ խուզարկություն իրականացրին` չթաքցնելով քաղաքական հետապնդման հանգամանքը: Ներսում իր պողպատե մանդատը թրի պես աջ ու ձախ կիրառող Նիկոլ Փաշինյանը զարմանալի հանդուրժող է մեր հիմնական թշնամու` Ադրբեջանի նկատմամբ:

Անգամ խոսքով չեն արձագանքում վերջինիս սադրանքներին: Փոխարենը «ներքին թշնամիներին» պատրաստ են կաբինետներում «սամասուդ» անել, ամիսներով պահել կալանքի տակ, ամբիոններից վիրավորել ու անպատվել, դատարաններով քարշ տալ` պետական թանկ ռեսուրս ծախսելով դրա վրա: