Մեր շներն ու կատուները կարող են փրկել Փարիզը․ թուրք լրագրող

Մեր շներն ու կատուները կարող են փրկել Փարիզը․ թուրք լրագրող

Թուրքիայի շներն ու կատուները կարող են փրկել Փարիզը, որը գրավել են առնետներն ու մկները, գրում է Sabah-ի սյունակագիր Մևլութ Թեզելը։

Ինչպես նշել է լրագրողը, Ֆրանսիայի մայրաքաղաքի իշխանությունները «պատերազմ են հայտարարել առնետներին»՝ դրա վրա ծախսելով զգալի միջոցներ և կիրառելով կրծողների դեմ պայքարի տարբեր մեթոդներ։

«Քաղաքի պաշտոնյաներն ամեն օր որսի էին գնում, բայց առնետները հաղթեցին ճակատամարտում», - ասել է Թեզելը:

Հիմա Փարիզում որոշել են փոխել մոտեցումը և քաղաքապետարանում ստեղծել են աշխատանքային խումբ՝ առնետների հետ քաղաքացիների «համակեցության» հարցերով, նշել է նա։

«Իրականում խնդիրը կլուծվի, եթե մենք մեր փողոցներից հավաքենք շների ու կատուների բանակ և ուղարկենք Փարիզ»,- ընդգծել է հոդվածի հեղինակը։

Փարիզի իշխանությունները տարիներ շարունակ անհաջող կերպով փորձում են պայքարել Ֆրանսիայի մայրաքաղաքում ապրող միլիոնավոր առնետների հետ։ Քաղաքի յուրաքանչյուր զբոսայգու և փոքրիկ հրապարակի ցանկապատին փակցված է «առանց առնետների» գրառմամբ ցուցանակ և քաղաքացիներին աղբ չթափելու կոչ։ 

Դեռ 2017-ին մայրաքաղաքում կրծողների թվի կրճատման նպատակով 1,5 մլն եվրո արժողությամբ ծրագիր էր մեկնարկել։ Այն ներառում էր այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ավելի հաճախակի աղբահանությունը և թույնի տեղադրումը այն վայրերում, որտեղ հավաքվում են առնետները: 

Աղբի պլաստիկ տոպրակները փոխարինվել են առավել պինդ աղբամաններով։