Ախորժակը ուտելուց է բացվում

Ախորժակը ուտելուց է բացվում

Շտապողը Ադրբեջանն է։ Նրա համար ավելի հարմար պահ, քան այս իշխանության գոյությունն է, հնարավոր չի պատկերացնել։ Նիկոլ Փաշինյանի կողմից Տիգրանաշենի հանձնման վերաբերյալ «պրոբլեմ չկա» ու հայկական այլ տարածքների վերաբերյալ  նմանատիպ հայտարարությունները եթե մեծ հաշվով  մեր կողմից անտեսվում են, Ադրբեջանը լուրջ զննողականություն է անցկացնում։ Եվ զարմանալ պետք չէ, երբ Ադրբեջանը պաուզա է վերցնում և հետաձգում  խաղաղության բանակցության վերաբերյալ որևէ պայմանագրի շուրջ քննարկում, հանդիպում, այն դեպքում, երբ հայկական կողմը կատարում  է նրանց կողմից թելադրված ցանկացած պահանջ։ Ամեն ինչ պետք է ընդունել Հայաստանի ցածր դիմադրողականության, իմունիտետի, Հայաստանի իշխանության զիջողականության    շրջանակներում։  Հայաստանի իշխանությունը քննարկման թեմա դարձնու՞մ է, թե ինչու է հետաձգվել հունիսի 12-ին Վաշինգտոնում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպումը։ Այն դեպքում, երբ իշխանությունը  «ամենայն շռայլությամբ» կատարում է Ադրբեջանի բերանից դուրս եկած ցանկացած պահանջ, անգամ Հայաստանի թթվածինն է պատրաստ հանձնել նրան։ Նա պատկերացնու՞մ է, թե Ադրբեջանն ինչու է «ոտքը կախ գցում» , երբ «պրոբլեմ չկայի» տրամաբանությամբ է Հայաստանը վերաբերվում սեփական երկրի տարածքներին։

Կարծում եմ այս հարցի պատասխանը պիտի փնտրվի «պրոբլեմ չկայի մեջ»։ Ադրբեջանը Հայաստանի իշխանությունից ստանում է այն, ինչ ուզում է։ Եվ բանակցությունները ոչ թե փոխադարձ զիջումների, կոմպրոմիսների վերաբերյալ է, այլ, թե էլ ինչ կարող է Ադրբեջանը պոկել Հայաստանից՝ միակողմանի ցանկությունների շղթայով։ Նիկոլ Փաշինյանը դա լավ հասկանում է, գիտակցում, գուցե այդ ծրագրով են նրան իշխանության բերել։ Դա է պատճառը, որ Փաշինյանն  ասում է, որ ուրախ կլինի, որ Ադրբեջանը ժամ առաջ ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Կարևոր չէ, թե այդ փաստաթղթով ինչեր է հանձնելու Ադրբեջանին, կարևորն այն է, որ մի փոքրիկ մաս  թողնի Հայաստանից, որտեղ ինքը կարողանա իր աթոռը դնել․ 

«Եթե այդպես լինի, ես շատ ուրախ կլինեմ: (Խոսքը Ադրբեջանի կողմից խաղաղության բանակցության ստորագրման մասին է, որը Ազգային ժողովում հայտարարել է 2023թ․ մայիսի 3-ին):  Դա ոչ թե վատ, այլ լավ նորություն է: Քանի որ հիմա բանակցություններ են ընթանում, իմ արած որևէ դրական կամ բացասական մեկնաբանություն ազդելու է դրանց ընթացքի վրա: Վաշինգտոն մեկնած պաշտոնյաներին ասել եմ՝ ազատ բանակցեք ու մեր՝ հրապարակային արտահայտած կարծիքների շրջանակում: Շեշտել եմ՝ իմացեք՝ ձեր բանակցած փաստաթուղթն Ադրբեջանի հետ ես եմ ստորագրելու»:

Ինպես ասում են՝ ախորժակը ուտելուց է բացվում։ Ադրբեջանի ախորժակը Նիկոլի «շքեղ հյուրասիրությունից է բացվել»։ Փաշինյանը լավ գիտի ուտելու թեմայով բոլոր բանաձևերը։ Ինքը դրանց   լավ տիրապետում է,  ու գիտի, որ խորոված- քյաբաբ, տարբեր ճաշատեսակներ ուտելուց հետո մի բաժակ կոմպոտն ու փախլավան չի խանգարի․․․ Եվ ուրախ կլինի, որ Ադրբեջանը «սաղ սեղանը չսրբի, մի բան էլ իրեն թողնի»։  

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպումը։